Քրեական

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

Հ Ա Ն Ո Ւ Ն Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
22.07.2014թ. քաղաք Երևան
ԳՈՐԾ.N-ԱՐԱԴ/0005/01/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Հ.ՏԵՐ-ԱԴԱՄՅԱՆ
Գ.ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՄԲ` Մ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ`
ՄԵՂԱԴՐՈՂ` Գ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ՊԱՇՏՊԱՆ` Ն.ՆՈՐԻԿՅԱՆԻ
ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼ` Ի.ԱՄԻՐԽԱՆՈՎԻ
ԹԱՐԳՄԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ


դռնբաց դատական նիստում պաշտպան Ն.Նորիկյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Իլխամբեգ Կազանաֆի Ամիրխանովի` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով

Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի փաստական հանգամանքներն ու դատավարական ընթացքը
Իլխամբեգ Ամիրխանովը հանդիսանալով ՌԴ ԶՈՒ 04436 զորամասի պայմանագրային զինծառայող, կոչումով եֆրեյտոր, 2013թ-ի սեպտեմբերի 15-ին ժամը 07:30-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում, իրականացնելով իր վարած <Ալֆա Ռոմեո> մակնիշի 33 OT 611 պետհամարանիշի ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, ավտոմեքենան վարել է բնակավայրից դուրս թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկության համար սահմանված թույլատրելի առավելագույն 90 կմ/ժ-ը գերազանցող մոտ 100 կմ/ժ արագությամբ, չի ընտրել երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ և թույլ է տվել <Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին> ՀՀ օրենքի 23 հոդվածի 3 կետի ու ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով ավտոմեքենան ենթարկվելով կողասահքի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ենթարկվել վթարի: Ի.Ամիրխանովի վերը նկարագրված արարքն անզգուշությամբ առաջացրել է վթարի պահին նույն ավտոմեքենայում գտնվող ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ Մարկ Մարգարյանի մահը:

Վերոգրյալ հանցանքի համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արագացված դատաքննության արդյունքում 2014 թվականի ապրիլի 26-ին կայացված դատավճռով Իլխամբեգ Ամիրխանովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը` պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի կալանքի վերցնելու օրվանից:
Դատարանը որոշել է տուժողի իրավահաջորդ՝ Արմենակ Մարգարյանին իրավունք վերապահել վնասի հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դիմելու դատարան:
2.Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկներն ու պահանջները 
Պաշտպան Ն.Նորիկյանը վերաքննիչ բողոք է բերել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2014թ-ի դատավճռի դեմ` միջնորդելով բեկանել այն և Իլխամբեգ Ամիրխանովի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Իր վերաքննիչ բողոքը ամբաստանյալ Ն.Նորիկյանը մասնավորապես պատճառաբանել է հետևյալով: 
<<(…) ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որի արդյունքում մարդու (մարդկանց) կյանքին կամ առողջությանն անզգուշությամբ հասցվել է վնաս։
Ա.Սահակյանի վերաբերյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանը հետևյալ իրավական դիրքորոշումն Է արտահայտել, որ <<ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի վերաբերյալ գործերով պատժի տեսակ և չափ ընտրելիս դատարանները պետք Է հաշվի առնեն հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները, ինչպես նաև հանցանքի կատարումից հետո հանցավորի դրսևորած վարքացիծը։
Վճռաբեկ դատարանն ընդգծել Է, որ վերոնշյալ գործերով դատարանները հատուկ ուշադրություն պետք Է դարձնեն տրանսպորտային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթին, որի արդյունքում տեղի Է ունեցել հանցագործությունը։ (...) Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ տրանսպորաային միջոցը վարողի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախաման բնույթը կարևոր նշանակություն ունի նաև հանցավորի անձնավորության և հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար։
Ավելին, վճռաբեկ դատարանն արձանացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարումից հետո անձի դրսևորած վարքագծի գնահատումը։
Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևորում է հանցագործության կատարումից անմիջապես հետո հանցանք կատարած անձի վարքագիծը, ինչպես նաև նրա վարքագիծը հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում։
Մասնավորապես. Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հողվածով նախատեսված հանցացործություն կատարած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս և պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս դատարանը պետք է գնահատի այն հանգամանքը. թե անմիջապես հանցացործության կատարումից հետո ամբաստանյալն, արդյոք անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տուժողին, թե. թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի։
Հետագա վարքագծի գնահատման համար դատարանը պետք է ուշադրության արժանացնի նաև այն, թե քրեական գործի քննության ընթացբում ամբաստանյալն, արդյոք, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, դեպքի վերաբերյալ տվել ճշմարտացի, ինքնախոստովանական ցուցմունքներ, արդյոք որոշակի քայլեր է ձեռնարկել տուժողի կամ նրա հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ կամ ինքնակամ հատուցել է հանցագործության արդյունքում տուժողի բուժման կամ հուղարկավորության ծախսերը` (տես Արամ Սահակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10 որոշման 20-րդ ն 22-րդ կետերը)։ Հարգելի դատարան Այս առումով հարկ ենք համարում նշել, որ
1. Ի.Ամիրխանովն առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ է կատարել միջին ծանրության հանցագործություն,
2. Խորապես զղջացել է կատարվածի համար,
3. Հնարավորինս հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը,
4. Աջակցել է հանցագործության ամբողջական բացահայտմանը, օգնել է նախաքննության մարմին, չի խուսափել քննությունից, 
5. Փախուստի չի դիմել դեպքի վայրից,
6. Վթարի հետևանքով ինքը նույնպես ստացել է առողջության ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող(…):
(…) Նշանակված պատիժը կրելու պարտականությունից ազատելու հնարավորություն է նախատեսում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված` պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը։
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համաձայն՝ եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեով պատիժ նշանակելով, հանգում է այն հետնության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին։
Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։
Օրենքի նշված դրույթը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ պատիժը պայմանականորեն չկիրառելն օրենսդիրը կախման մեջ չի դրել ոչ կատարված հանցանքի բնույթից և հասարակական վտանգավորության աստիճանից, ոչ այն կատարող անձից, այլ դրանում կարևորը այն է որ իրավասու դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, բազմակողմանի գնահատելով հանցանքի կատարման հանգամանքները, վերլուծելով այն կատարող անձին բնութագրող տվյալները, հանգի այն հետնության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու(…)։
(…)Մեր կարծիքով, Ի.Ամիրխանովի անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների կոնկրետ համակցությունը բավարար է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար՝ անկախ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի առկայությունից, մանավանդ որ այդպիսիք սույն քրեական գործում չկան։
Թեև արձանագրենք, որ նույնիսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հաևգամանքի առկայությունն ինքնին չի բացառում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը, եթե դատարանը հանգում է հիմնավոր եզրակացության, որ հանցանք կատարած անձի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու։
Ավելին, գտնում ենք, որ Ի.Ամիրխանովի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու։
Այս պարագայում վերլուծելով և գնահատելով գործում առկա Ի. Ամիրխանովի մեղմացնող հանգամանքները, հաշվի առնելով նրա անձը բնութագրող հատկանիշներն իրենց համակցության մեջ, մասնավորապես այն, որ նա տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, հոգացել հանգուցյալի հուղարկավորության ծախսերը, ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական՝ պետք է հանգել հետևությաև, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը(…)>>:
Պաշտպան Նորիկ Նորիկյանի վերաքննիչ բողոքի դեմ պատասխան է ներկայացրել Շիրակի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հ.Ավետիսյանը` միջնորդելով մերժել վերաքննիչ բողոքը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.04.2014թ-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Իլխամբեգ Ամիրխանովը և նրա պաշտպան Նորիկ Նորիկյանը նույն հիմքերով ու հիմնավորումներով ներկայացրած վերաքննիչ բողոքը պնդեցին, մեղադրող Գայանե Ավետիսյանը բողոքի դեմ առարկեց` միջնորդելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ: 

3.Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները

Ստուգելով գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի նորմերի պահպանումը, վերաքննիչ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով քրեական գործի նյութերը, դատաքննության ընթացքում լսելով բողոքում ներկայացված իրենց հետևությունները հիմնավորելու մասին ամբաստանյալի ու պաշտպանի պատճառաբանությունները, մեղադրողի առարկությունները, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ-ի ապրիլի 26-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Իլխամբեգ Կազանաֆի Ամիրխանովի` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, պատժի առումով փոփոխել` հետևյալ պատճառաբանությամբ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատժի նշանակումը մասնավորապես պատճառաբանել է հետևյալով:
<<(…) Ամբաստանյալ Իլխամբեգ Կազանաֆի Ամիրխանովի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կողմից կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, նրա անձը:
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա ծառայության վայրից բնութագրվել է դրական, երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, վթարի հետևանքով ինքն էլ ստացել է առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, տուժողի իրավահաջորդին մասնակի փոխհատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը, ընդունում է մեղքը, խորապես զղջում կատարածի համար:
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում(…):
(…)Դատարանը քննության առնելով ամբաստանյալ՝ Իլխամբեգ Ամիրխանովի նկատմամբ պատժատեսակ նշանակելու հարցը, հաշվի առնելով հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, գործի հանգամանքները, գտնում է, որ նա պատիժը պետք է կրի ազատազրկման ձեվով(…)>>:
Պաշտպան Ն.Նորիկյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները հիմնավորված են և բխում են գործի փաստական տվյալներից: Քննության առնելով ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի հարցը, վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև հետևյալը: 
ՀՀ Վճռաբեկ դատարանի Հովհաննես Արտաշեսի Սահակյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 02-ի թիվ ԵՔՐԴ/0571/01/08 որոշմամբ փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու: Պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ /իրական/ պատիժ նշանակելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության պետք է հանգի միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում և դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով:
Հաշվի առնելով ինչպես առաջին ատյանի դատարանի դատավճռով արձանագրված ամբաստանյալի անձը բնութագրող տվյաները և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այն, որ տուժող Մարկ Մարգարյանի մայրը` Սյուզաննա Հակոբյանը, 2014 թվականի հուլիսի 18-ի դիմումով հայտնել է, որ Իլխամբեգ Ամիրխանովի նկատմամբ չունի թշնամական վերաբերմունք, նա ինքն էլ տուժել է ավտովթարի հետևանքով և ստացել կյանքի համար վտանգավոր վնասվածքներ, ինքը չի ցանկանում, որ նա զրկվի ազատությունից և վերջնական որոշում կայացնելիս խնդրում է հաշվի առնել իր կարծիքը, Իլխամբեգ Ամիրխանովը ներկայումս էլ շարունակում է իր ծառայությունը Հայաստանում տեղակայված ՌԴ 04436 զորամասում, վերաքննիչ դատարանը հանգում է այն համոզման, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու, ուստի պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նա պետք է դատապարտվի պայմանականորեն, ինչը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածներով նախատեսված պատժի արդարացիության և անհատականացման սկզբունքներից, ինչպես նաև նպատակներից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-395, 399 հոդվածներով, վերաքննիչ քրեական դատարանը 
Ո Ր Ո Շ Ե Ց
Պաշտպան Ն.Նորիկյանի վերաքննիչ բողոքը բավարարել:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014թ-ի ապրիլի 26-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Իլխամբեգ Կազանաֆի Ամիրխանովի` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, պատժի առումով փոփոխել և ամբաստանյալ Իլխամբեգ Ամիրխանովի նկատմամբ նշանակված 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել թիվ 04456 զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելու դեպքում` այլընտրանքային պատիժների իրականացման բաժնի համապատասխան բաժանմունքի վրա` ըստ բնակության վայրի:
Մնացած մասով դատավճիռը թողնել անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարանին` հրապարակումից մեկամսյա ժամկետում: 
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ստորագրություն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` ստորագրություններ
Իսկականի հետ ճիշտ է`
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` Մ.ԱՐՂԱՄԱՆՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика