Քրեական

 

Գործ ԵՄԴ/0087/01/14

ԴԱՏԱՎՃԻՌ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետև՝ Դատարան)`

նախագահությամբ դատավոր Ռ.Պապոյանի,
քարտուղարությամբ Ի.Մուրադյանի, 
մասնակցությամբ՝ 
մեղադրող՝ 
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և 
նախաքննության օրինականության նկատմամբ 
հսկողության վարչության ավագ դատախազ, 
արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մ.Հակոբյանի,
պաշտպան Ն.Նորիկյանի, 

դռնբաց դատական նիստում, Երևան քաղաքում, 2015 թվականի մարտի 17-ին ընդհանուր կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի` 
Թովմաս Ժիրայրի Գրիգորյանի – ծնված` 05.05.1957թ. Երևան քաղաքում, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ, ամուսնացած, նախկինում չդատապարտված, բնակվել է ԱՄՆ, Նորդ-Հոլիվուդ 7141, Բել-Էյր պողոտա, բն. 4 հասցեում, պահվում է ՀՀ <<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկում,
մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, կալանքի տակ է գտնվում 2014 թվականի հունվարի 20-ից,
պարզեց՝

1. Գործի դատավարական նախապատմությունը.
2010 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հ.Թումանյանը(այսուհետև՝ քննիչ) որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով թիվ 69105610 քրեական գործը հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին՝ Ռոբերտ Մարտիրոսյանի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ: (հ.1, գ.թ. 24)
2010 թվականի հուլիսի 9-ին ձերբակալվել է Ռոբերտ Մարտիրոսյանը: (հ.1, գ.թ. 32-33) 
Քննիչի 2010 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ Ռոբերտ Մարտիրոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: (հ.1, գ.թ. 46, 48-49)
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրյալ Ռոբերտ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: (հ.1, գ.թ. 53-54)
Քննիչի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ Թովմաս Ժիրայրի Գրիգորյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2010 թվականի հունիս ամսին Հայաստանում բնակվող իր ծանոթ Ռոբերտ Գրիշայի Մարտիրասյանից հեռախոսակապով տեղեկացել է վերջինիս կողմից օգտագործման նպատակով <<մարիխուանա>> տեսակի թմրամիջոց ձեռք բերելու մտադրության մասին, ապա ընդառաջելով վերջինիս խնդրանքին, նույն ժամանակ ԱՄՆ-ում, չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոց: Թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ապօրինի Հայաստան առաքելու նպատակով փաթեթավորել է թվով 19 պոլիէթիլենե փաթեթներում և թաքցրել <<Պանտին Պրովի>> տեսակի օճառահեղուկի երկու տարաներում, որոնք իր կողմից նախապես գնած կանացի պարագաներով լի ծանրոցում տեղավորելուց հետո, 2010 թվականի հունիսի 29-ին, բեռնափոխադրումներ իրականացնող <<Գարգո Ջետ Լայն>> ՍՊ ընկերության միջոցով առաքելու եղանակով, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ մաքսային սահմանով ապօրինի ուղարկել է Հայաստան, այդ կերպ իրացրել Ռոբերտ Մարտիրոսյանին:(հ.1, գ.թ.179)
Վարույթն իրականացնող մարմնի նույն օրվա որոշմամբ Թովմաս Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:(հ.1, գ.թ.183)
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ հետախուզվող մեղադրյալ Թովմաս Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:(հ.1, 184-185)
Քննիչի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշումներով Ռոբերտ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա 2010թվականի հուլիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մշտական բնակություն հաստատած իր ծանոթ Թովմաս Ժիրայրի Գրիգորյանին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է իր կողմից գործածման նպատակով խոշոր չափի <<մարիխուանա>> տեսակի թմրամիջոց ձեռք բերելու մտադրության մասին, ապա, ստանալով դրանում իրեն օժանդակելու հարցում նրա համաձայնությունը, դրդել է վերջինիս` նրա կողմից ԱՄՆ-ում, անհայտ հանգամանքներում ապօրինի ձեռք բերված խոշոր չափի` 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ապօրինի Հայաստան առաքելու համար փաթեթավորել թվով 19 պոլիէթիլենե փաթեթներում և թաքցնել <<Պանտին Պրովի>> տեսակի օճառահեղուկի երկու տարաներում և նախապես գնած կանացի պարագաներով լի ծանրոցում պահելով, ուղարկել Հայաստան: 
Ռոբերտ Մարտիրոսյանը, 2010 թվականի հուլիսի 09-ին ՀՀ-ում ստանալով բեռնափոխադրումներ իրականացրող <<Գարգո Ջետ Լայն>> ՍՊ ընկերության միջոցով Հայաստան առաքված` մաքսանենգ ճանապարհով փոխադրված թմրամիջոցը պարունակող ծանրոցը, այդ կերպ ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոցը, որից անմիջապես հետո ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցները թմրամիջոցի նշված խմբաքանակը հայտնաբերել են նրա ծանրոցի զննությամբ։ (հ.1, գ.թ. 200, 201, 202-203)
2010 թվականի հոկտեմբերի 18-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոբերտ Մարտիրոսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: (հ.1, գ.թ. 218-224)
2010թվականի հոկտեմբերի 18-ին քննիչը որոշում է կայացրել թիվ 69105610 քրեական գործից Թովմաս Գրիգորյանի կողմից մաքսանենգ ճանապարհով մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ առաքելու եղանակով խոշոր չափի թմրամիջոց ապօրինի իրացնելու վերաբերյալ գործի մասը անջատելու, անջատված մասին 69105610/1 համարը շնորհելու և թիվ 69105610/1 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:(հ.2, գ.թ.1)
2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչության ավագ քննիչ Մ.Մանասյանը որոշում է կայացրել թիվ 69105610/1 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:(հ.2, գ.թ.10)
2014 թվականի հունվարի 19-ին մեղադրյալ Թովմաս Գրիգորյանը ՌԴ-ում ձերբակալվել է: (հ.2, գ.թ.14)
2014 թվականի մայիսի 31-ի որոշմամբ թիվ 69105610/1 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:(հ.2, գ.թ.42)
2014 թվականի մայիսի 29-ին Թովմաս Գրիգորյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին:(հ.2, գ.թ.44)
2014 թվականի մայիսի 31-ին Թովմաս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով:(հ.2, գ.թ.52)
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի որոշմամբ վերահաստատվել է Թովմաս Գրիգորյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը(հ.2, գ.թ.61-70), նույն դատարանի 2014 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ մեղադրյալի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 40 (քառասուն) օրով(հ.2, գ.թ. 152-161), 2014 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ` երկու ամիս ժամկետով (հ.2, գ.թ. 243-245), իսկ 2014 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ` մեկ ամիս ժամկետով` մինչև դեկտեմբերի 7-ը (հ.2, գ.թ. 281-283):
2014 թվականի հունիսի 27-ի և օգոստոսի 28-ի որոշումներով թիվ 69105610/1 քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացվել է երկուական ամսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ` մեկ ամիս ժամկետով:(հ.2, գ.թ.110-112, 238-240, 277-280)
2014 թվականի օգոստոսի 22-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել թիվ 69105610/1 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին: (հ.2, գ.թ. 223) 
2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Մ.Հակոբյանը հաստատել է մեղադրական եզրակացությունը (հ.2, գ.թ.285-295), և քրեական գործն ըստ մեղադրանքի Թովմաս Գրիգորյանի ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ուղարկվել է Դատարան, որը Դատարանում մուտք է եղել 2014 թվականի նոյեմբերի 14-ին և նույն օրն ընդունվել է վարույթ:(գ.թ.1-5)
2014 թվականի նոյեմբերի 24-ին Դատարանը որոշում է կայացրել քրեական գործը դատական քննություն նշանակելու մասին:(գ.թ. 12)
2. Ապացույցների հետազոտում և գնահատում
Դատարանի հետևությունները հիմնված են մեղադրանքի հիմքում դրված և դատաքննության ընթացքում հետազոտված ներքոհիշյալ ապացույցներով .
Ամբաստանյալ Թովմաս Ժիրայրի Գրիգորյանի ցուցմունքով այն մասին, որ 1978 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, երբեք որևէ օրենքի խախտում չի կատարել, ոչ Հայաստանում և ոչ էլ ԱՄՆ-ում: Ինքը չի կատարել նման հանցանք: 2010 թվականին գործի բերումով գնացել է Հալիվուդ քաղաք, այնտեղ հանդիպել է Արտյոմ Բարսեղյանին, զրուցել են իրար հետ, որոշ ժամանակ հետո իր բջջային հեռախոսին զանգել է Ռոբերտ Մարտիրոսյանը, հարցրել և ասել է, որ Արտյոմին է փնտրում, ինքն էլ պատասխանել է, որ Արտյոմն իր կողքին է: Ռոբերտի խնդրանքով հեռախոսը փոխանցել է Արտյոմին, ով մի քանի քայլ հեռացել է իրենից, և նրանք խոսել են: Մինչ այդ, որոշ ժամանակ առաջ Ռոբերտն իրեն խնդրել է, որ օծանելիքներով ծանրոց ուղարկի նրան, ընկերուհուն անակնկալ նվեր անելու նպատակով: Մի քանի օր անց Արտյոմը եկել է իրենց տուն, հետը բերել է օճառահեղուկ և տեղյակ լինելով, որ ինքը ծանրոց է ուղարկելու, խնդրել է դրանք նույնպես դնել ծանրոցում և ուղարկել: Այդ օրն իրեն վատ է զգացել, Արտյոմն առաջարկել է, որ նա տանի և ուղարկի, նույնիսկ հարցրել է, թե որտեղից կարող է ուղարկել: Ինքն ասել է, որ տանի <<Բռավո Թրևլ>> ընկերություն, ինքն այնտեղ ծանոթ ունի և կուղարկեն: Որոշ ժամակ անց օֆիսից զանգահարել են, Արմիկն ասել է, որ իր ասած մարդը եկել է, հարցրել է, թե ում անունով ծանրոցն ուղարկեն, ինքը ոչինչ չկասկածելով` ասել է, որ ինչպես միշտ իր անունով ուղարկի: Եթե իմանար ծանրոնոցում անօրինական առարկայի առկայության մասին, իր անունը չէր նշի այնտեղ, առավել ևս չէր ուղարկի: Չի կարող ասել Արտյոմն ինչ է ավելացրել ծանրոցում, ինքը միայն օծանելիք է գնել: Իր ԱՄՆ-ի բնակարանի հեռախոսահամարը վերահասցեագրված է եղել ձեռքի հեռախոսահամարին, քանի որ մայրն անգլերեն չգիտի և չի կարող պատասխանել զանգերին: 2014 թվականի մայիսի 31-ին իրեն ՌԴ-ից տեղափոոխել են ՀՀ, օրենքներ չի իմացել, քննիչի հետ բանավոր խոսել են, քննիչն ասել է, որ հավատում է իրեն, որ մեղավոր չէ, առաջարկել է նրա ասածով գրել, այդ պատճառով էլ առաջին ցուցմունքում գրել է, որ Արտյոմն է իրեն տվել օճառահեղուկները, և ծանրոցն ինքն է ուղարկել: Երբ վերադարձել է Նուբարաշեն ՔԿՀ, հիշել է, որ Արտյոմին ինքն է տվել և նա է ուղարկել ծանրոցը: Ռոբերտ Մարտիրոսյանի հետ գործի բերումով է ծանոթացել, ԱՄՆ-ում նրան ցանկացել է իր անձնական մեքենան տալ, որպեսզի նա վարի և տեղավորվի, բայց հետագայում նա չի ցանկացել աշխատել: Ընկերություն չեն արել, պարզապես շփում է եղել: Հետո, երբ Երևանում հանդիպել են, կնոջ քրոջն է հավանել, նրանք սկսել են ընկերություն անել: Երբ ԱՄՆ-ում է եղել, նա զանգել է իրեն, խոսել են իրար հետ: Ինքն Արտյոմին տվել է կանացի օծանելիք, չի կարող ասել Արտյոմն ինչ է ավելացրել ծանրոցում: Ռոբերտ Մարտիրոսյանը երբևէ իրենից հեռախոսով թմրանյութ չի ուզել, նման խոսակցություն իրենց միջև չի եղել: Մայրը 87 տարեկան է, այդ պատճառով էլ տան հեռախոսը վերահասցեավորել է իր ձեռքի համարին: Ռոբերտ Մարտիրոսյանի հետ շփման ընթացքում չի նկատել, որ նա թմրամիջոց է օգտագործում, եթե նկատեր աշխատանք չէր առաջարկի: 2012 թվականին դիմել է բժիշկի, իր օգտագործման համար մարիխուանա է նշանակվել: Իսկ ՌԴ-ում մեկ անգամ տվել են և ինքն օգտագործել է: Արտյոմ Բարսեղյանի հետ առանձնապես չի շփվել, 2010 թվականին նա 28 կամ 29 տարեկան է եղել: Չի կարող ասել, թե ինչու Ռոբերտն Արտյոմին չի զանգել: Ծանրոցն ուղարկելու ժամանակ չի մտածել, թե ինչու է Արտյոմը հենց այդ երկու օճառահեղուկը բերել և ցանկացել ուղարկել: ԱՄՆ-ում եղբայր ունի, եղբոր որդու` Ժիրայր Գրիգորյանի և Արտյոմի միջև կապ եղել է, ճանաչել են իրար, բայց ընկերություն չեն արել: 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի մայիսը եղել է Հայաստանում, հետո մեկնել է ԱՄՆ: ԱՄՆ-ում օգտագործած բջջային հեռախոսի հեռախոսահամարը չի հիշում, իսկ այնտեղի տան հեռախոսահամարն է 661 248 51 35, որը միշտ վերհասցեավորել է իր ձեռքի հեռախոսահամարին: Իր բջջային հեռախոսահամարը ամբողջությամբ չի հիշում, հիշում է միայն կոդը 661, իր հիշելով 24-03 թվերներ են եղել, այդ հեռախոսհամարը մոտ երեք ամիս է օգտագործել: 661 249 51 27 հեռախոսհամարն իրեն ծանոթ է, հնարավոր է իր հեռախոսահամարը լինի, մի քանի հեռախոսահամար է ունեցել, չի կարող հստակ հիշել: Երբ իրեն բեռնափոխադրման գործակալությունից զանգահարել են, չեն հարցրել` ինչ հեռախոսահամար նշել ծանրոցի վրա, գործակալն իր տան հեռախոսահամարն իմացել է և ընդհանրապես, մինչ այդ, երբ ծանրոց է ուղարկել, նման դեպքերում իր տան հեռախոսահամարն է նշել ծանրոցի վրա: Իրեն գործակալության աշխատակիցը զանգահարել և հարցրել է` ում անունը գրել, պատասխանել է, որ ինչպես միշտ, իր անունով կարող է ուղարկել: Չի կարող ասել, ծանրոցի վրա ում հեռախոսահամարն է նշված: Տարբեր նահանգների բրոքերների հետ է աշխատել և այդ ապտճառով նրանց երկու հեռախոսահամար է տվել, տան և բջջային, որպեսզի իր հետ կապնվել չկարողանալու դեպքում զանգահարեին տուն, իսկ տան հեռախոսահամարը վերահասցեավորել է իր ձեռքի համարին: Չի կարող ասել 661 249 51 27 հեռախոսահամարն իրենն եղել, թե` ոչ, չի հիշում: Երբ Արտյոմը եկել է իր մոտ, ընդհանրապես չի կասկածել, որ նա նման բան կարող է անել, եթե իմանար նույնիկս թույլ չեր տա, որ նա ձեռք տար: Պարզապես ցանկացել է նրան օգնել, որպեսզի նա լրացուցիչ չվճարի առանձին ծանրոցի համար: Այդ օրը հիվանդ է եղել, այդ պատճառով էլ տվել է Արտյոմին, որ նա ուղարկի ծանրոցը, չիմանալով որ նա նման բան է ուզում անել: Սրտի վիրահատություն է տարել, իմացել է, որ շուտ չի ապաքինվի և ծանրոցը չի կարող շուտ ուղարկել, այդ պատճառով էլ համաձայնվել և տվել է Արտյոմին: 661 249 51 27 հեռախոսահամարն իրենը չէ, չի կարող ասել, ում հեռախոսահամարն է Արմիկը նշել: Ինքն Արմիկին տան հեռախոսահամարից է զանգահարել: Ռոբերտ Մարտիրոսյանին հայտնել է, որ ծանրոցն ուղարկել է և այնտեղ կանացի պարագաներ են, նաև հայտնել է, որ կնոջը նույնպես նվեր է ուղարկել և խնդրել է փոխանցել, իսկ <<կետչուպ>> և նման բաներ ինքը չի դրել ծանրոցում: 
Ամբաստանյալ Թովմաս Ժիրայրի Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ տված լրցուցիչ ցուցմունքով, համաձայն որի, իր եղբոր որդին` Ժիրայր Գրիգորյանն ընկերություն է արել Արտյոմի հետ: Ծանրոցում առկա իրերը՝ բացի թմրամիջոցի պարունակությամբ շամպուններից, ԱՄՆ-ից Ռոբերտ Մարտիրոսյանի խնդրանքով ուղարկել է ինքը՝ վերջինիս ընկերուհուն՝ Լուսինեին անակնկալ նվեր մատուցելու համար:(հ.2, գ.թ. 75-77) 
Դատապարտյալ Ռոբերտ Գրիշայի Մարտիրոսյանի ցուցմունքով այն մասին, որ ծանրոցն ուղարկվել է իր ընկեր Արտյոմի կողմից, ողջ գործընթացը կազմակերպել է ինքը: Թմրանյութն ուղարկել է Արտյոմը: Թովմաս Գրիգորյանը որևէ առնչություն չի ունեցել թմրանյութի հետ: Երբ ինքը գտնվել է Հայաստանում, իսկ Թովմաս Գրիգորյանն ԱՄՆ-ում, Արտյոմի հետ խոսելու նպատակով զանգահարել է Թովմասին, հարցրել է Արտյոմից, պատահական Արտյոմը նրա կողքին է եղել և հեռախոսը փոխանցել է նրան: Արտյոմն իր ընկերն է, նրա հետ ԱՄՆ-ում է ծանոթացել, ընկերություն են անում: Արտյոմի հետ հեռախոսային խոսակցություն ունեցել է, ինքն է կազմակերպել, ասել է որտեղից գնի թմրամիջոցը, ինչ ձևով փաթեթավորի ու մնացածի մասին: Արտյոմի հետ բացի զանգելուց նաև հաղորդագրություն է ուղարկել, այդ ժամանակ նա այնտեղի քաղաքացիություն չի ունեցել, հեռախոսահամարներն արագ փոփոխվել են, կոնկրետ համար չի հիշում: Ինքը նրան զանգահարել է ինչպես 094-69-74-80, այնպես էլ ուրիշ հեռախոսահամարներով: Ծանրոցը վերցնելուց հետո իրեն ձերբակալել են և տարել 6-րդ վարչություն: Ծանրոցի մեջ եղել են սապոնահեղուկ, օծանելիք և խառը իրեր: Չի կարող ասել հավելուկ (կետչուպ) եղել է, թե ոչ, չի հիշում: Երբ ծանրոցը բացել են, ասել է, որ Արտյոմն է ուղարկել, և իր կազմակերպածն է: Թովմաս Գրիգորյանը տեղյակ չի եղել, որ Արտյոմն իրեն թմրանույթ է ուղարկել: Պնդել և պնդում է, որ թմրանյութն Արտյոմն է ուղարկել: Նախաքննության ժամանակ հայտնել է, որ Արտյոմն է ուղարկել: Դատապաշտպանն է ասել, որ արագացված կարգ կիրառեն, բայց չի իմացել, որ այդ քայլով ընդունում է այն հանգամանքը, որ Թովմասն է ուղարկել: Իրականությունը կայանում է նրանում, որ 2010 թվականի օգոստոսի 25-ին ճնշման ազդեցության տակ է տվել հակասող ցուցմունք, որ ծանրոցն ուղարկել է Թովմաս Գրիգորյանը, իրեն սպառնացել են, որ շատ պատիժ են տալու, ասել են, որ ցուցմունքում ասի, որ Թովմաս Գրիգորյանն է ուղարկել ծանրոցը: Պնդում է իր ցուցմունքն այն մասին, որ երբևէ հեռախոսով Թովմաս Գրիգորյանից ինքը թմրանյութ չի խնդրել: Թմրանյութն ԱՄՆ-ից ուղարկել է Արտյոմն իր խնդրանքով, խորհուրդ է տվել ինչպես պահի և ուղարկի: Թովմաս Գրիգորյանի հետ ծանոթացել է 2007 թվականին` ԱՄՆ-ում, նորմալ հարաբերություններ են ունեցել: ԱՄՆ-ում իրենք միասին աշխատել են, այդպես ծանոթացել են: Իրենց միջև երբևէ թմրանյութի փոխադրման կամ օգտագործման հետ կապված խոսակցություն չի եղել: ԱՄՆ-ում 2007 թվականին օգտագործել է թմրանույթ, այնտեղ եղել է ազատ վաճառք, գնել և օգտագործել է: Իր և Թովմասի բջջային համարները չի կարող հիշել: Արտյոմին ճանաչել է 2006 թվականից, ծանոթացել են ընդհանուր ծանոթների միջոցով, հետագայում սկսել են ընկերություն անել, նա այդ ժամանակ փաստաթղթեր չի ունեցել, հիմնականում աշխատել է որպես փաթեթավորող: Արտյոմը բջջային հեռախոսահամար ունեցել է, իրար զանգահարել են, բայց համարը չի կարող հիշել: Նա օգտագործել է կանխավճարային համար և արագ համարները փոխել է: Արտյոմը թմրանույթ օգտագործել է: Օգտագործել են մարիխուանա տեսակի թմրամիջոց: Նա նույնպես գնել է խանութներից, թույլատրվել է մինչև 100 գրամ թմրանյութ գնել: ՀՀ վերադարձել է հոր առողջական խնդիրների պատճառով` 2009 թվականի ձմռանը: Այդ ժամանակ Թովմաս Գրիգորյանը եղել է ԱՄՆ-ում: Կապը եղել է Արտյոմի հետ, նրան զանգահարել է ինքը: Իր տան 24-71-53 հեռախոսահամարից նույնպես զանգահարել է Արտյոմին, Թովմասի հետ խոսակցություն եղել է, բայց ոչ երկար: Հայաստանում չի կարողացել թմրանյութ գնել կամ ճարել, որոշել է ԱՄՆ-ից ձեռք բերել: Զանգահարել է Արտյոմին, ասել է, թե ինչպես նա ամեն ինչ անի` որտեղից գնի մարիխուանան, ինչպես ուղարկի: Իրեն ուղարկվել է 50 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որն, իր իմանալով, նա պետք է ձեռք բերեր մոտ 250-300 ԱՄՆ դոլարով: Արտյոմը գումար ունեցել է և կարող էր թմրանյութը գնել և առաքել իրեն: Թովմաս Գրիգորյանի կնոջ քրոջը ճանաչել է, շփվել են: Մի երկու օր չի կարողացել կապնվել Արտյոմի հետ, հետո զանգել է Թովմասին, այդ պահին իրար հետ են եղել, Թովմասը հեռախոսը տվել է Արտյոմին: Ինքն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի` միայն իր մասով: Բազմաթիվ անգամ զանգահարել է Արտյոմին, խոսել են, հետո նա կորել է, այդ պատճառով էլ զանգել է Թովմասին: 2010 թվականի հուլիսին 9-ին ծանրոցը ստացել է, այն ուղարկել է Արտյոմ Բարսեղյանը: Իր մոտ <<Կոշ>> ՔԿՀ-ում քննիչ է գնացել, բանավոր նրան ցուցմուք է տվել, որ Արտյոմն է իր դրդմամբ ծանրոցն ու թմրամիջոցը ուղարկել, և նա գնացել է: Նա ասել է, որ կարող են բանավոր զրուցել, բայց ոչ մի փաստաթղթի տակ այդ օրը չի ստորագրել: Ներկայիս նույն ցուցմունքը քննիչին է պատմել: 
Վկա Մարինե Հապետի Մուսինյանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքներով, համաձայն որոնց 2008 թվականին ամուսնացել է ԱՄՆ բնակիչ Թովմաս Գրիգորյանի հետ: Թովմասի միջոցով ինքն ու իր քույրը` Լուսինե Մուսինյանը ծանոթացել են Ռոբերտ Մարտիրոսյանի հետ: 2010 թվականի ընթացքում Թովմաս Գրիգորյանն օգտագործել է 661-289-23-04 բջջային հեռախոսահամարը, իսկ 661-248-51-35 հեռախոսահամարը նրա բնակարանի հեռախոսահամարն է: 661-249-51-27 հեռախոսահամարից տեղեկություն չունի, ամուսինն օգտագործում է միայն իր նշած երկու հեռախոսահամարները: (հ.1,գ.թ.77-78, 166-167)
Դատաքիմիական փորձաքննության թիվ 0359 եզրակացությամբ, համաձայն որի Թովմաս Գրիգորյանից վերցված մեզի և մազի փարձանմուշների մեջ հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցի թմրալկալոիդների հետքեր, որոնց օգտագործման ժամանակահատվածը համապատասխանում է մոտ մեկ ամսվա վաղեմության:(հ.2, գ.թ.89-90)
Զննված և ապացույց ճանաչված՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԵԿԴ/0275/01/10 քրեական գործով դատական նիստերի արձանագրությունները պարունակող թվով 2 ձայնային կրիչների զննության արձանագրությամբ, համաձայն որի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ռոբերտ Մարտիրոսյանը հայտարարել է, որ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ: (հ.2, գ.թ.208-209, 212-220, 221-222)
Անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` 09.07.2010 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Ռոբերտ Մարտիրոսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է` <<Մոտորոլլա Կ-1>> մոդելի բջջային հեռախոս և 094-69-74-80 հեռախոսահամարի քարտ: (հ.1, գ.թ.4)
Զննված և ապացույց ճանաչված Ռոբերտ Մարտիրոսյանի` 094-69-74-80 հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող փաստաթղթերով, համաձայն որոնց 094-69-74-80 հեռախոսահամարից 2010 թվականի հունիսի 30-ին կատարվել է 3 ելքային զանգ Թովմաս Գրիգորյանի կողմից ԱՄՆ-ում գործածվող 661-248-51-35 քաղաքային հեռախոսահամարին և նույն հեռախոսահամարին 2010 թվականի հուլիսի 4-ին և 2010 թվականի հուլիսի 6-ին Թովմաս Գրիգորյանի` 661-248-51-35 հեռախոսահամարից ընդունել է մեկական զանգ: Ռոբերտ Մարտիրոսյանի հեռախոսազանգերը պարունակող փաստաթղթերի զննմամբ նշված ժամանակահատվածում արտերկիր կատարված այլ հեռախոսահամարներ չեն հայտնաբերվել: (հ.1, գ.թ.91-95, 96-103, 213, 214-216)
Զննված և ապացույց ճանաչված` <<Կարգո Ջետ Լայն>> ՍՊ ընկերությունից ստացված <<Քարավան Բռավո Թրևլ>> ամերիկյան բեռնափոխադրող ընկերության բեռնագիրով, համաձայն որի, թմրամիջոցի պարունակությամբ ծանրոցն ԱՄՆ-ից ուղարկվել է Թոմի կողմից, որում նշված է նաև 661-249-51-27 հեռախոսահամարը: (հ.1, գ.թ.80-82, 170-171, 213, 188-189)
Ռոբերտ Մարտիրոսյանի ստացած ծանրոցը զննելու մասին արձանագրությամբ, համաձայն որի` 09.07.2010 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Ռոբերտ Մարտիրոսյանի ծանրոցի զննությամբ պարզվել է, որ այն ուղարկվել է <<Թոմ>>-ի կողմից: Հիշյալ ծանրոցի առաքման վայր է հանդիսանում Երևանը, իսկ ստացողը` Ռոբերտ Մարտիրոսյանը, ում հեռախոսահամարներն է՝ 094 69-74-80: Ծանրոցում հայտնաբերվել են` կանացի մազի ամրակներ, կլոր հայելի, 3 հատ օճառ, 4 հատ եղունգի ներկ, ստվարաթղթե տոպրակ, մաստակներ, 3 շիշ <<կետչուպ>>, <<Սքոր>> և <<Լիստերին>> տեսակի բերանի թարմեցուցիչներ, ինքնակպչուն ժապավեն, <<Մագի Նոյեր>> և <<Ինոկենտ>> տեսակի օծանելիք, 2 հատ <<Պանտին Պրովի>> տեսակի շամպունի տարաներ, որոնց մեջ առկա են թվով 19 հատ պոլիէթիլենային փաթեթներ՝ լցված դեղնականաչավուն <<մարիխուանա>>տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ: (հ.1, գ.թ.5)
Դատաքիմիական փորձաքննության թիվ 348 եզրակացությամբ, համաձայն որի` Ռոբերտ Մարտիրոսյանի ծանրոցի զննությամբ հայտնաբերված, փորձաքննությանը ներկայացված` 54.7 գրամ հաստատուն քաշով նյութը հանդիսանում է <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոց: (հ.1, գ.թ.21-23)
<<ՊանտինՊռովի>> օճառահեղուկի երկու տարաները և 54,7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոցն իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշմամբ: (հ.1, գ.թ.197)
Դատական քննության ընթացքում հետազոտվել են նաև պաշտպանական կողմից նախաքննության ընթացքում տրամադրված, նոտարական կարգով վավերացված Արտյոմ Բրսեղյանի, ինչպես նաև բեռնափոխադրող ընկերության աշխատակից Արմին Ռաֆայելի հայտարարությունների պատճենները` առաջինի դեպքում իր կողմից թմրամիջոցն օճառահեղուկների մեջ ծանրոցում տեղադրելու և ՀՀ` Ռ.Մարտիրոսյանին ուղարկելու վերաբերյալ, երկրորդ դեպքում` ծանրոցը Ռ.Մարտիրոսյանին Արտյոմի կողմից ուղարկելու, սակայն որպես ուղարկող իր կողմից <<Թոմ >> անունը նշելու վերաբերյալ (հ.2, գ.թ.98-99), ինչպես նաև դատական քննության ընթացքում ներկայացված նշված անձանց նույնաբովանդակ հայտարարությունները, արդեն ապոստիլ վավերացմամբ նաև ավելացումով, որ դրանք տրվում են դատարանում որպես ցուցմունք, ինչպես նաև տեսաձայնագրությամբ սկավառակ, որում Արտյոմ Բարսեղյան և Արմին Ռաֆայել ներկայացող անձինք հայտնում են այն, ինչ արձանագրված է նոտարական և ապոստիլ վավերացմամբ նշված հայտարաություններում: 
3.Դատարանի իրավական վերլուծությունները.
Դատարանը վերլուծելով և գնահատելով դատաքննության ընթացում հետազոտված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ներքին համոզմամբ ապացուցված համարելով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարված արաքները` մասնավորապես, 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոցն ԱՄՆ-ից մաքսանենգ ճանապարհով ապօրինի Հայաստան առաքելը և այդ կերպ Ռոբերտ Մարտիրոսյանին իրացրելը, ապացուցված չի համարում նշված արարքներն ամբաստանյալ Թովմաս Գրիգորյանի կողմից կատարելը և գտնում է, որ այդ մեղադրանքներով պետք է ճանաչել Թովմաս Գրիգորյանի անմեղությունը և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ հետևյալ պատճառաբանությամբ: 
ՀՀ քրեական օրենսրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է իրավունքի շահերը:
Անմեղության կանխավարկածի սկզբունքն ամրագրած է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի`
<<1. Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
2. Կասկածյալը կամ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Նրանց անմեղության ապացուցման պարտականությունը չի կարող դրվել պաշտպանության կողմի վրա: Մեղադրանքի ապացուցման և կասկածյալին կամ մեղադրյալին ի պաշտպանություն բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է մեղադրանքի կողմը:
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի: (...)>>:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատվարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի: Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացուցումը գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն` միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1.Դեպքը և հանգամանքները /կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն/.
2.Կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3.Հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4.Անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5.Քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6.Այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: 
Ապացույցների ազատ գնահատման, ապացուցման ենթակա հանգամանքների և քրեադատավարական ապացուցման տարրեր հանդիսացող ապացույցների ստուգման և գնահատման` ՀՀ քրեադատավարական օրենսդրության վերը նշված հիմնարար իրավադրույթների համատեքստում քննության առնելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը, Դատարանը հիմնավորված է համարում, որ կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արաքները` մասնավորապես, 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոցն ԱՄՆ-ից մաքսանենգ ճանապարհով ապօրինի Հայաստան առաքելու և այդ կերպ Ռոբերտ Մարտիրոսյանին իրացրելու դեպքերը, միևնույն ժամանակ հանգում է հետևության, որ ապացուցված չէ ամբաստանյալ Թովմաս Գրիգորյանի կողմից այդ հանցագործությունները կատարելը: 
Նախաքննական վարույթն իրականացրած մարմինը հաստատված է համարել և սույն գործի մեղադրական եզրակացությամբ արձանագրել է, որ մեղադրյալ Թովմաս Ժիրայրի Գրիգորյանը 1987 թվականին ստանալով ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն` նույն տարեթվին մեկնել և մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 2005 թվականին կարճատև ժամանակով այցելել է Հայաստան, որտեղ ծանոթացել է Մարինե Հապետի Մուսինյանի հետ, իսկ 2008 թվականին` հերթական այցելության ժամանակ ամուսնացել է նրա հետ, սակայն համատեղ բնակվել է միայն Հայաստանում գտնվելու ընթացքում:
2008 թվականին, ԱՄՆ-ում բնակվող եղբորորդու` Ժիրայր Գրիգորյանի միջոցով Թովմաս Գրիգորյանը ծանոթացել է Ռոբերտ Մարտիրոսյանի հետ, ապա նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ: Իր հերթին Ռոբերտ Մարտիրոսյանն ԱՄՆ-ում բնակվել է 2006 թվականից և շուրջ երեք տարի ապրելու ընթացքում, պարբերաբար թմրամիջոցներ գործածելու արդյունքում կախվածություն է ձեռք բերել դրանցից: 2009 թվականի փետրվար ամսին Թովմաս Գրիգորյանը հերթական անգամ այցելել է Հայաստան, ուր նույն թվականի օգոստոս ամսին վերադարձել է Ռոբերտ Մարտիրոսյանը` մշտական բնակության նպատակով: Թովմաս Գրիգորյանի և Ռոբերտ Մարտիրոսյանի միջև մտերիմ հարաբերությունները շարունակվել են նաև Երևանում, որի ընթացքում Ռոբերտ Մարտիրոսյանը ծանոթացել է Թովմաս Գրիգորյանի կնոջ` Մարինե Մուսինյանի քրոջ` Լուսինե Մուսինյանի հետ: 2010 թվականի մայիսի 29-ին Թովմաս Գրիգորյանը վերադարձել է ԱՄՆ, սակայն հեռախոսով կապ է պաշտպանել ինչպես Մարինե Մուսինյանի, այնպես էլ Ռոբերտ Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում Ռոբերտ Մարտիրոսյանը` թմրամիջոցի նկատմամբ հիվանդագին հակումները բավարարելու նպատակով Թովմաս Գրիգորյանին խնդրել է ԱՄՆ-ից <<մարիխուանա>> տեսակի թմրամիջոց ուղարկել Հայաստան` գործածման համար: Թովմաս Գրիգորյանը Ռոբերտ Մարտիրոսյանի խնդրանքին ընդառաջ գնալով` 2010 թվականի հունիսին ԱՄՆ -ում, գործով չպարզված անձից և հանգամանքներում ձեռք է բերել խոշոր չափի` 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոց, ինչը Ռոբերտ Մարտիրոսյանին իրացնելու նպատակով, նրա հետ նախապես պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցը փոստային առաքանիով Երևան ուղարկելու նպատակով, այն փաթեթավորել է թվով 19 պոլիէթիլենային տոպրակներում, ապա մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով տեղադրել է <<Պանտին Պրովի>> օճառահեղուկի երկու տարաներում: Միևնույն ժամանակ, ծանրոցում թմրանյութի պարունակության շուրջ կասկածներ չառաջացնելու նպատակով, առաքվելիք ծանրոցի մեջ տեղադրել է Հայաստանում բավականին լայն տարածում ունեցող տարատեսակ էժանագին կոսմետիկ պարագաներ, կպչուն ժապավեններ, օճառներ, մաստակներ, բերանի թարմացուցիչներ, ընդհուպ` երեք շիշ սննդի հավելում` <<կետչուպ>>: Այնուհետև, Թովմաս Գրիգորյանը, թմրամիջոցի պարունակությամբ քողարկված ծանրոցը Հայաստան առաքելու նպատակով` 29.06.2010 թվականին տեղափոխել ու հանձնել է իր ծանոթ` ԱՄՆ-ում գործող բեռնափոխադրումներ իրականացնոց <<Բռավո Թրևլ>> ընկերություն աշխատակից, ազգությամբ հայ` Արմին Ռաֆայելին: Վերջինս, ծանրոցը ստանալուց հետո, լրացրել է բեռնագիր-ձևաթուղթ, որում որպես ծանրոցի առաքող նշել է մեղադրյալ Թովմաս Գրիգորյանի կարճ` <<Թոմ>> անունը և նրա կողմից ԱՄՆ-ում գործածվող հեռախոսահամարը, իսկ ծանրոցի ստացող` Ռոբերտ Մարտիրոսյան և նրա հեռախոսահամարը: Թովմաս Գրիգորյանի կողմից թմրամիջոցն ապօրինի իրացնելու նպատակով ուղարկված և մաքսային հսկողությունից թաքցված ծանրոցը Ռոբերտ Մարտիրոսյանը ստացել, այսինքն ապօրինի ձեռք է բերել 2010 թվականի հուլիսի 9-ին` Երևանում գործող, բեռնափոխադրումներ իրականացնող <<Կարգ Ջետ Լայն>> ՍՊ ընկերության գրասենյակից, ապօրինի տեղափոխել է մինչև Երևանի <<Նաիրի>> կինոթատրոն, այնտեղից բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, որտեղ կատարված ծանրոցի զննմամբ հայտնաբերվել և առգրավվել է Թովմաս Գրիգորյանի կողմից մաքսանենգությամբ ուղարկված խոշոր չափի` 54,7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոցը:
Մեղադրական եզրակացությամբ մեղադրանքի կողմը Թովմաս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրել է ինչպես դատական քննության ընթացքում հետազոտված վերը թվարկված ապացույցները, այնպես էլ իր կողմից արժանահավատ չհամարված հետևյալ ապացույցները.
- Մեղադրյալ Թովմաս Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները`
31.05.2014 թվականին Թովմաս Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 թվականի հունիսի 29-ին ԱՄՆ-ից իր կողմից ուղարկված ծանրոցում եղել է թմրամիջոց, այդ թմրամիջոցն օճառահեղուկի տարաների մեջ թաքցված իրեն փոխանցել է ԱՄՆ-ում բնակվող Արտյոմը, և ինքը դրա մասին չիմանալով` ծանրոցն ուղարկել է ՀՀ `Ռոբերտ Մարտիրոսյանին: Ներկա պահին չի կարող հայտնել Ռոբերտի ընկեր Արտյոմի բոլոր տվյալները: (հ.2,գ.թ.52)
12.06.2014 թվականին լրացուցիչ ցուցմունք տալով, Թովմաս Գրիգորյանը հայտնել է, որ 2010 թվականի ընթացքում ապրել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքի Նորդ Հոլիվուդ թաղամասում` մորը հատկացված բնակարանում, սակայն մայրն ապրում է նույն նահանգի Լեբեկ քաղաքում: Թմրանյութի տերը եղել է Արտյոմը, որն ԱՄՆ-ում բնակվող իր հարազատ եղբոր` Ռուբեն Գրիգորյանի որդու` Ժիրայր Գրիգորյանի ընկերն է, և քանի որ իր ու Ժիրայրի փոխհարաբերությունները ջերմ են, տարբեր ժամանակ և ոչ հաճախակի հանդիպել ու շփվել է Արտյոմի հետ: Ռոբերտի հետ ծանոթացել է ԱՄՆ-ում, ով նաև ծանոթ է եղել եղբոր որդու` Ժիրայրի հետ, իսկ ժիրայրն իր հերթին Ռոբերտի միջոցով ծանոթացել է Արտյումի հետ: Արտյոմն ի սկզբանե եղել է Ռոբերտի ընկերը, ով իր տանը ծանոթացել է Ժիրայրի հետ: Մինչ օրս չգիտի, թե ինչ խնդիրների պատճառով է Ռոբերտը վերադարձել Երևան: 2010 թվականի հունիսի վերջին, կոնկրետ օրը չի հիշում, Հայաստանից իրեն է զանգահարել Ռոբերտը, ինքն այդ պահին գտնվել է Հոլիվուդում և հայկական թաղամասում պատահական հանդիպել է Արտյոմին: Առօրյայից զրուցելուց հետո, Ռոբերտն ասել է, որ փնտրում է Արտյոմին, ինքն էլ ասել է, որ Արտյոմը կողքին է ու հեռախոսը փոխանցել է վերջինիս: Արտյոմը, մի քանի քայլ առանձնանալով, հեռախոսով խոսել է Ռոբերտի հետ, այնուհետև վերադարձրել է հեռախոսն ու բաժանվել են: Այդ խոսակցությունից մոտ մեկ շաբաթ առաջ Ռոբերտն իրեն զանգով խնդրել է ԱՄՆ-ից ուղարկել կանացի կոսմետիկական պարագաներ, որպեսզի անականկալ անի Լուսինեին, որոնք ինքը գնել է և մոտ օրերին պատրաստվել է ուղարկել Ռոբերտին: Պարագաների մեջ եղել է նաև կանացի դուխի, որը Ռոբերտը պետք է տար իր կնոջը` Մարինեին: Արտյոմի և Ռոբերտի խոսակցությունից մի քանի օր հետո իր տուն է գնացել Արտյոմը`հետը տանելով երկու հատ օճառահեղուկ, որի տեսակը չի հիշում, և ասել է, որ Ռոբերտի ասելով իմացել է, որ նրան ծանրոց պետք է ուղարկի, խնդրել է միաժամանակ այդ օճառահեղուկները նույն ծանրոցով ուղարկել Ռոբերտին: Քանի որ այդ օրերին առողջական խնդիրներ է ունեցել, Արտյոմն իրեն առաջարկել է, որ ծանրոցը նա տանի փոխադրող ընկերություն: Ինքը համաձայնվել է և նրան է տվել իր գնած պարագաները: Տանը օճառահեղուկներն Արտյոմը դրել է նույն տոպրակի մեջ, որից հետո Արտյոմին հայտնել է բեռնափոխադրող ընկերության հասցեն, որտեղ աշխատել է իրեն ծանոթ Արմիկ անունով ազգությամբ հայ տիկին: Արտյոմի առաջարկով զանգահարել է Արմիկին և հայտնել, որ իր անունից մարդ է մոտենալու ծանրոց ուղարկելու համար: Քիչ անց, երբ Արտյոմն արդեն հասած է եղել, իրեն է զանգահարել Արմիկը և հարցրել, թե ում անունով ծանրոցն ուղարկի, ինքն ասել է, որ իր անունով, և այդպես էլ գրանցվել է: Հետագայում իմացել է, որ Ռոբերտին Երևանում ձերբակալել են, քանի որ Արտյոմի կողմից ուղարկված օճառահեղուկներում եղել է մարիխուանա տեսակի թմրանյութ, որից ինքն անտեղյակ է եղել: (հ.2,գ.թ.75-77)
22.08.2014թ. լրացուցիչ հարցաքննության ժամանակ մեղադրյալ Թովմաս Գրիգորյանը պնդել է, որ թմրամիջոցը օճառահեղուկների մեջ տեղավորել և ՀՀ է ուղարկել Արտյոմը, որի մասին ինքը որևէ տեղեկություն չի ունեցել և հրաժարվել է պատասխանել առաջադրված մյուս հարցերին: (հ. 2, գ.թ.224-226)
- Սույն գործի մեղադրանքի հետ առնչվող, քրեական գործից անջատված թիվ 69105610 գործով մեղադրյալ Ռոբերտ Մարտիրոսյանի ցուցմունքները.
09.07.2010 թվականին Ռոբերտ Մարտիրոսյանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է Արտյոմին խնդրել, որ իրեն ուղարկի թմրանյութը, մոտ մեկ շաբաթ առաջ զանգահարել է, ով հայտնել է, որ ծանրոցի մեջ դրել է 2 հատ շամպուն, որոնց մեջ տեղավորել է մարիխուանան, ծանրոցի մեջ եղել է օծանելիք` նախատեսված ընկերուհու` Լուսինեի համար, և ինքն է առաջարկել Արտյոմին այդպես անել: Թմրամիջոցի համար Արտյոմին գումար չի ուղարկել, նա այն ուղարկել է որպես ընկեր: Արտյոմի կենսագրական տվյալները չգիտի, նա ծնվել և բնակվում է ԱՄՆ-ում` Լոս Անջելես քաղաքում: Նրան զանգահարել է տարբեր հեռախոսահամարներով, որոնք չի հիշում: (հ.1,գ.թ.32-33)
10.07.2010 թվականին մեղադրանք առաջադրելիս Ռոբերտ Մարտիրոսյանը պնդել է որպես կասկածյալ տված ցուցմունքը: (հ.1,գ.թ.48-49)
27.07.2010 թվականին մեղադրյալ Ռոբերտ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ Լուսինե Մուսայելյանի հետ ծանոթացել է նրա քրոջ ամուսին Թովմաս Գրիգորյանի միջոցով, Լուսինեն չի իմացել ԱՄՆ-ից ուղարկվող օծանելիքի մասին, ցանկացել է անակնկալ մատուցել, պնդել է նախկին ցուցմուքնները: (հ.1,գ.թ.108-109)
25.08.2010 թվականին մեղադրյալ Ռոբերտ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ Արտյոմի հեռախոսահամարը գրված է եղել թղթի կտորի վրա, ծանրոցը ստանալուց հետո այն նետել է, քանի որ այն իրեն այլևս պետք չի եղել, և նշված հանգամանքի մասին բացատրություն տալուց մոռացել է հայտնել, այլ հայտնել է, որ այն գտնվում է տանը: Թովմաս Գրիգորյանն իր ավագ ընկերն է, որի հետ ծանոթացել է ԱՄՆ-ում, որին կոչում են նաև Արմեն: Վերջինիս հեռախոսահամարը չի հիշում, 2010 թվականի հունիսի կեսերին զանագահարել է ԱՄՆ և խնդրել է, որպեսզի նա ծանրոցով ուղարկի կանացի պարագաներ Լուսինեին անակնկալ մատուցելու համար: Արդեն ծանրոցն ուղարկելու օրերին զանգահարել է Թովմասին և ասել, որ նրան հանդիպի իր ընկեր Արտյոմը և տա նրան օճառահեղուկները, և խնդրել է Թոմին դրանք նույնպես տեղավորել նույն ծանրոցում և ուղարկել ՀՀ: Ինքը Թոմին չի ասել օճառահեղուկների տարաներում առկա մարիխուանայի մասին, համոզված է, որ այդ մասին նրան չի ասել նաև Արտյոմը: Իրականում ծանրոցն իրեն ուղարկել է Թովմաս Գրիգորյանը` տեղյակ չլինելով ծանրոցում թմրանյութի առկայության մասին: Հեռախոսահամարների վերծանումներում առկա 661-248-51-35 հեռախոսահամարը պատկանում է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերներից մեկին, բայց ոչ Արտյոմին: Ինքը հիշում է, որ Թովմաս Գրիգորյանի տան հեռախոսահամարն է 661-249-51-27: Իր հիմնական նպատակն ԱՄՆ-ից թմրամիջոց ձեռք բերելն է եղել, դրա համար էլ պատվիրել է նաև կանացի պարագաներ, որպեսզի ստուգողների մոտ կասկած չառաջանա և քանի որ Արտյոմը թմրամիջոցի համար բավականին գումար է վճարել, անակնալ մատուցելու համար նշված պարագաները խնդրել է Թովմասից: (հ.1,գ.թ.148-150 )
14.10.2010 թվականին մեղադրյալ Ռոբերտ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ չնայած իր ցուցմունքներում հայտնել է, որ 661-248-51-35 հեռախոսահամարը պատկանում է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերներից մեկին, սակայն եթե Մարինե Մուսինյանը հայտնել է, որ այն Թովմաս Գրիգորյանի հեռախոսահամարն է, ուրեմն այդպես է: (հ.1,գ.թ.198-199)
14.10.2014 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Ռոբերտ Մարտիրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, ցուցմուքն է տվել այն մասին, որ իրեն մեղավոր է ճանաչում նրանում, որ զանգահարել է ԱՄՆ-ում բնակվող ընկերոջը` Արտյոմին և նրան խնդրել է իր օգտագործման համար Թովմաս Գրիգորյանի միջոցով ուղարկի մարիխուանա: Ինքն Արտյոմին ասել է, որ մարիխուանան տեղավորի երկու շամպուններում և դրանք փոխանցի Թովմասին, բայց չասի շամպունների պարունակության մասին, և վստահ է, որ Արտյոմը Թովմասին այդ մասին չի ասել; Թովմաս Գրիգորյանը ծանրոցն ուղարկելիս թմրամիջոցի գոյության մասին ոչինչ չի իմացել և ընդհանրապես կապ չունի այս ամենի հետ, նա միայն ուղարկել է ծանրոցը: Մնացածում իրեն մեղավոր է ճանաչում: (հ.1,գ.թ.202-203)
Ամբաստանյալի մեղավորությունը կատարված հանցագործությունների մեջ հաստատող ապացույցների բավարուրության վերաբերյալ իրավական վերլուծություն կատարելով` Դատարանն արձանագրում է նաև հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ <<Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ>>:
<<Ապացույցների բավարարություն>> հասկացության էությունը, ապացույցների բավարարությունը որոշելու ընդհանուր չափանիշները, դրանցից յուրաքանչյուրի բնութագիրը ՀՀ վճռաբեկ դատարանը քննարկել և վերլուծել է Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով կայացրած որոշմամբ:
Մասնավորապես, վկայակոչված որոշման մեջ Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով «ապացուցման առարկա>> և <<ապացույցների բավարարություն>> հասկացությունները, նշել է. <<(…) Այսպիսով, ապացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը: (…)
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծության հիման վրա արձանագրում է ապացույցների բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները՝
1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,
2) դատավարական որոշումների հիմնավորվածություն և պատճառաբանվածություն,
3) անմեղության կանխավարկած: …>>: (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ կետերը):
Անմեղության կանխավարկածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատելով իր ձևավորած դիրքորոշումը` անդրադարձել է նաև Ա. Ավագյանի և Վ.Սահակյանի վերաբերյալ որոշմամբ և արձանագրել հետևյալը. <<...29. ... «ապացույցների բավարարությունը>> որոշելու չափանիշներն են. 
1) անմեղության կանխավարկածը, 
2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,
3)դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը:
30. Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական դատավարությունում կանխավարկածը օրենքով կամ նախադեպային իրավունքով հաստատված այն կանոնն է, որի համաձայն՝ որոշակի հանգամանք համարվում է հաստատված, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը: ... Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում: Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ: Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության:
Հարկ է նշել նաև, որ անմեղության կանխավարկածն ամրագրող նորմերը, ինչպես նաև նախադեպային իրավունքը սահմանում են ոչ միայն այդ սկզբունքի բուն էությունը, այլև՝ դրա հաղթահարման, նույնն է, թե անձի մեղավորության հաստատման համար անհրաժեշտ դատավարական չափորոշիչները: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Մ.Հակոբյանի գործով որոշման մեջ շեշտել է. <<(…) ապացույցների կամայական գնահատման արգելքը դատարաններին պարտավորեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում թվարկված՝ ապացուցման ենթակա հանգամանքների, այդ թվում՝ կոնկրետ հանցանքի հատկանիշների և այդ հանցանքի մեջ անձի մեղավորության վերաբերյալ իր հետևությունները հիմնավորել վերաբերելի, փոխկապակցված, հավաստի ապացույցներով և ոչ թե ենթադրություններով: Այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ` ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ մեղսագրվող հանցագործության և դրա հատկանիշների ապացուցման բեռը կրում է մեղադրանքի կողմը, իսկ չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Դրանից հետևում է, որ մեղադրանքի կողմը կրում է անձի մեղքը հաստատելու համար բավարար ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (…)>> (տե՛ս Մարգար Հակոբյանի վերաբերյալ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ԵԿԴ/0168/01/12 որոշման 13-րդ կետը): (…): 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (տե՛ս, ի թիվս այլոց, Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ): 
31. (…) Այսպիսով, <<ներքին համոզմունքը>> սուբյեկտիվ-օբյեկտիվ կատեգորիա է: Այն ապացույցների գնահատումն իրականացնող սուբյեկտի գիտակցված և ողջամիտ համոզվածությունն է իր իսկ կողմից կայացված որոշման հիմնավորվածության մեջ (սուբյեկտիվ բնույթ): Այդպիսի համոզվածությունը պետք է ձևավորված լինի գործի բոլոր հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում և հիմնվի թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար համակցությամբ հաստատված փաստերի վրա, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ ողջամտորեն կձևավորեն նույն համոզվածությունը (օբյեկտիվ բնույթ): 
Ելնելով այն հանգամանքից, որ ներքին համոզմունքն ունի օբյեկտիվ հիմքեր, անհրաժեշտ է այն տարբերակել ինտուիցիայից, ենթադրություններից և այլ անհաշվետու զգացմունքներից: Ի տարբերություն դրանց, ներքին համոզմունքը չի կարող ձևավորվել առանց օբյեկտիվ հիմքի և հիմնվել անթույլատրելի, ոչ վերաբերելի, անարժանահավատ ապացույցների վրա: Այլ խոսքով, ներքին համոզմունքը հիմնվում է ողջամիտ կարծիքի, գիտելիքի վրա, այլ ոչ թե ենթադրությունների, երևակայության, համակրանքի, հակակրանքի կամ կանխակալ կարծիքի վրա: (…):
32. Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (սույն չափանիշի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների մասին տե՛ս նաև Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 18-րդ կետը): Ապացույցների կամայական գնահատման արգելքը ենթադրում է ապացույցները բարեխիղճ վերլուծության ենթարկելու պարտականություն: (…):
33. … Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի լուծման համար ապացույցների բավարարությունը որոշելու չափանիշները սերտորեն փոխկապակցված են և փոխադարձաբար պայմանավորում են միմյանց: Գործի լուծման համար բավարար ապացույցներ ասելով` պետք է հասկանալ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն անձի մեղավորության վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի գործով ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները և հնարավորություն կտա կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում:
Ս.Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է. «Ապացույցների բավարարությունը չի կարող որոշվել թվաբանական ցուցանիշով (…) : Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`
1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,
2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,
3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում:ե (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 17-րդ կետը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի <<հիմնավոր կասկածից վեր>> ապացուցողական չափանիշը: Ընդ որում, <<հիմնավոր կասկածից վեր>> ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը: Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր): Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:(…)>>: (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/14 որոշումը)
Դատարանի համոզմամբ, սույն գործով մեղադրանքի կողմն ինչպես գործի նախաքննության ընթացքում, այնպես էլ մեղադրանքը պաշտպանելիս Թովմաս Գրիգորյանի մեղավորությունը հաստատված է համարել և ի պաշտպանություն իրեն ամբաստանյալի բերած փաստարկները հերքել է անմեղության կանխավարկածի սկզբունքների անտեսմամբ:
Սույն գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ Դատարանը պարզել է, որ բոլոր ցուցմունքներում՝ թե՛ նախաքննական, թե՛ դատաքննական, ամբաստանյալ Թովմաս Գրիգորյանն, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչելով` հայտնել է, որ տեղյակ չի եղել ծանրոցում առկա թմրամիջոցից, և միայն ՀՀ-ում Ռ. Մարտիրոսյանին ձերբակալելուց հետո է իմացել, որ թմնրամիջոցն օճառահեղուկի տարաներում թաքցնելով և ծանրոցում տեղավորելով, ԱՄՆ-ից ՀՀ է ուղարկել Արտյոմ Բարսեղյանը, ով հանդիսանում է Ռ.Մարտիրոսյանի ընկերը, որի հետ նա ծանոթացել է վերջինիս կողմից դեռևս ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ: 
Դրան հակառակ, մեղադրանքի կողմն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հաստատված է համարել ի թիվս այլ, նաև հետևյալ ապացույցներով` <<Կարգո Ջետ Լայն>> ՍՊ ընկերությունից ստացված <<Քարավան Բռավո Թրևլ>> ամերիկյան բեռնափոխադրող ընկերության բեռնագիրով, համաձայն որի, թմրամիջոցի պարունակությամբ ծանրոցն ԱՄՆ-ից ուղարկվել է Թոմի կողմից, որում նշված է նաև վերջինիս 661-249-51-27 հեռախոսահամարը, Ռոբերտ Մարտիրոսյանի` 094-69-74-80 հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող փաստաթղթերով, համաձայն որոնց 094-69-74-80 հեռախոսահամարից 2010 թվականի հունիսի 30-ին կատարվել է 3 ելքային զանգ Թովմաս Գրիգորյանի կողմից ԱՄՆ-ում գործածվող 661-248-51-35 քաղաքային հեռախոսահամարին և նույն հեռախոսահամարին 2010 թվականի հուլիսի 4-ին և հուլիսի 6-ին Թովմաս Գրիգորյանի` 661-248-51-35 հեռախոսահամարից ընդունել է մեկական զանգ և Ռ. Մարտիրոսյանի հեռախոսազանգերից նշված ժամանակահատվածում արտերկիր կատարված այլ հեռախոսահամարներ չեն հայտնաբերվել, ինչպես նաև` վկա Մարինե Մուսինյանի նախաքննական ցուցմունքներով, համաձայն որոնց, 2010 թվականի ընթացքում Թովմաս Գրիգորյանն օգտագործել է 661-289-23-04 բջջային հեռախոսահամարը, իսկ 661-248-51-35 հեռախոսահամարը նրա բնակարանի հեռախոսահամարն է, 661-249-51-27 հեռախոսահամարից տեղեկություն չունի:
Դատարանը փաստում է, որ մեղադրանքի կողմի ներկայացված վերը թվարկված ապացույցները, ինչպես նաև ամբաստանյալի կողմից տված հակասական ցուցմունքները` մի դեպքում, որ ծանրոցն ուղարկել է ինքը, և դրանում առկա օճառահեղուկներն առանց իր գիտության թմրանյութի պարունակությամբ տեղադրել է Արտյոմը, մյուս դեպքում, որ վերջինս է իր անունից ծանրոցն ուղարկել ՀՀ` Ռ. Մարտիրոսյանին` դրանում տեղադրելով նաև թմրանյութի պարունակությամբ օճառահեղուկների տարաները, չեն փարատում կասկածներն այն մասին, որ Թովմաս Գրիգորյանի անունից Արտյոմ Բարսեղյան տվյալներով անձնավորությունը կարող էր ներկայանալ ԱՄՆ-ում գործող <<Քարավան Բռավո Թրևլ>> բեռնափոխադրող ընկերություն և ծանրոցում տեղադրելով նաև թմրամիջոցի պարունակությամբ օճառահեղուկի տարաները` այն ուղարկել ՀՀ Թովմաս Գրիգորյանի անվամբ լրացված բեռնագրով` <<Թոմի կողմից>> և 661-249-51-27 հեռախոսահամարի նշումով:
Այսպես` 
Մեղադրանիքի կողմը մեղադրական եզրակացությամբ և մեղադրական ճառով նշված հանգամանքը հերքել և թմրանյութը Թովմաս Գրիգորյանի կողմից Ռ.Մարտիրոսյանին ուղարկելու, ինչպես նաև քողարկման նպատակով ծանրոցում տարատեսակ օծանելիքներ ու պարագաներ դնելու հանգամանքները հիմնավորված է համարել ինչպես թվարկված ապացույցների համակցությամբ, այնպես էլ այն համոզմունքով, որ ուղարկված օծանելիքն էժանագին է և ՀՀ-ում լայն տարածում ունի, ծանրոցում առկա իրերը, ինչպիսիք են կպչուն ժապավենը, կետչուպը և այլն, չեն կարող զգացմունքներ արտահայտող անականկալ նվերներ հանդիսանալ, և որ Թովմաս Գրիգորյանը հաստատապես տեղյակ լինելով, որ ստուգվել են Ռոբերտ Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու դրանցում բացակայում է վերջինիս և ոմն Արտյոմի հեռախոսակապը, նախապես հորինել է պատմություն, թե Հոլիվուդում զբոսնելիս պատահաբար հանդիպել է Արտյոմին, հենց այդ պահին զանգահարել է Ռոբերտն ու օճառահեղուկի մասին խոսել Արտյոմի հետ` հաշվի չառելնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Մարտիրոսյանի հեռախոսահամարից ելքային զանգեր են կատարվել բացառապես նրա ԱՄՆ բնակարանի հեռախոսահամարին: 
Մինչդեռ, քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, փաստ, որով կարող է հերքվել ամբաստանյալ Թովմաս Գրիգորյանի և դատապարտյալ Ռոբերտ Մարտիրոսյանի հայտնած այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի Հոլիվուդ քաղաքի հայկական թաղամասում վերջիններս հանդիպել են, և միասին գտնվելու պահին Թովմաս Գրիգորյանին է զանգահարել Ռոբերտ Մարտիրոսյանը, ում հետ զրուցել է նաև Արտյոմը` պայմանավորվելով թմրամիջոցն ուղարկելու հարցի շուրջ: Ինչ վերաբերվում է մեղադրանքի կողմի այն պնդումերին, որ Ռ.Մարտիրոսյանի հեռախոսահամարից ելքային զանգեր կատարվել են բացառապես Թովմաս Գրիգորյանի բնակարանի հեռախոսահամարին, ապա այդ կապակցությամբ վերջինս ցուցմունք է տվել այն մասին, որ բնակարանում մայրը հիմնականում գտնվել է միայնակ, ով չի տիրապետում անգլերեն լեզվին, այդ պատճառով բնակարանի հեռախոսահամարը մշտապես վերահասցեավորված է եղել իր բջջային հեռախոսահամարին: 
Նշված կասկածները նույնպես չեն փարատվել քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, և մեղադրանքի կողմը չի ներկայացրել հակառակն ապացուցող որևէ փաստ:
Տվյալ պարագայում Դատարանը գտնում է, որ մեղադրանքի կողմի կարծիքները չեն բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից:
Անդրադառնալով ամբաստանյալ Թ.Գրիգորյանի ցուցմունքներին` Դատարանն արձանագրում է հետևյալը.
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության ընթացքում վերջինս ցուցմունքն է տվել այն մասին, որ մինչև Արտյոմ Բարսեղյանին Հոլիվուդ քաղաքում հանդիպելը` դրանից օրեր առաջ հեռախոսակապով Ռոբերտ Մարտիրոսյանի հետ պայմանավորվել է նրան ուղարկել կանացի կոսմետիկ պարագաներ և օծանելիք` ընկերուհուն անակնկալ մատուցելու համար, ինչը և ձեռք է բերել ու մինչև ՀՀ ուղարկելը պահել է իր տանը: Նշված պարագաների հետ գնել է նաև կանացի օծանելիք, իր կնոջ` Մարինե Մուսինյանի համար: Ռ.Մարտիրոսյանի և Ա. Բարսեղյանի հեռախոսային խոսակցությունից օրեր անց, վերջինս գնացել է իր տուն, հայտնել, որ տեղյակ է Ռ. Մարտիրոսյանին ծանրոց ուղարկելու հանգամանքից, խնդրել է ծանրոցում տեղադրել նաև օճառահեղուկները, որոնք իրեն խնդրել է ուղարկել վերջինս: Առողջական խնդիրների պատճառով ինքը չի գնացել բեռնափոխադրող ընկերություն, ծանրոցն իր գնած պարագաներով և օճառահեղուկների տարաներով ուղարկել է Արտյոմը, և ընկերության իր ծանոթ աշխատակցի հարցմանն ի պատասխան, հեռախոսով հայտնել է, որ որպես ծանրոցն ուղարկողի նշի իր անունը, իսկ բեռնագրի վրա առկա հեռախոսահամարն իրեն ծանոթ է, սակայն այն իրեն չի պատկանում: 
Մեղադրանքի կողմը հաստատված համարելով, որ թմրամիջոցն օճառահեղուկների տարաներով ծանրոցում տեղադրել և մաքսանենգ ճանապարհով ՀՀ` Ռ. Մարտիրոսյանին է ուղարկել Թ. Գրիգորյանը, առանց օբյեկտիվ հիմնավորումների, հետևություններ է արել նաև այն մասին, որ ծանրոցում առկա կոսմետիկ պարագաները եղել են էժանագին և ՀՀ-ում լայն տարածված և նախատեսված չեն եղել անակնկալ մատուցելու համար, այլ` ծանրոցում առկա թմրամիջոցի պարունակության շուրջ կասկածներ չառաջացնելու համար:
Դատարանի հետևությունները պայամանվորված են նրանով, որ քրեական գործով առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվի ծանրոցում հայտնաբերված օծանելիքի և կոսմետիկ պարագաների էժանագին լինելու հանգամանքը, իսկ սննդի հավելումի /տոմատի մածուկ/ և կպչուն ժապավենի վերաբերյալ ամբաստանյալ Թովմաս Գրիգորյանը ցուցմունք է տվել, որ դրանք ինքը չի տեղավորել ծանրոցում:
Ինչ վերաբերվում է Թովմաս Գրիգորյանի կողմից նախաքննության ընթացքւմ առաջին անգամ` 31.05.2014 թվականին որպես մեղադրյալ տված այն ցուցմունքին, որ ծանրոցն ինքն է ուղարկել ՀՀ, ապա Դատարանը փաստում է, որ նշված դեպքում ևս մեղադրյալը հայտնել է, որ ծանրոցում առկա օճառահեղուկների տարաները տեղադրել է Արտյոմը, որի մեջ եղած թմրամիջոցից տեղյակ չի եղել:
Դատարանն անդրադառնալով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալում նշված այն հանգամանքին, որ Թովմաս Գրիգորյանը 2010 թվականի հունիս ամսին Ռ. Մարտիրասյանից հեռախոսակապով տեղեկացել է վերջինիս կողմից օգտագործման նպատակով <<մարիխուանա>> տեսակի թմրամիջոց ձեռք բերելու մտադրության մասին, և ընդառաջելով նրա խնդրանքին, նույն ժամանակ ԱՄՆ-ում, չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի` 54.7 գրամ <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոց, արձանագրում է որ նշվածն անհիմն ենթադրություն է, չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից, նշված բովանդակությամբ ցուցմունքեր Թ. Գրիգորյանն ու Ռ. Մարտիրոսյանը չեն տվել, ավելին, վերջինս իր ցուցմունքներում հայտնել է, որ թմրամիջոց ուղարկելու համար դիմել է Արտյոմին:
Անդրադառնալով դատապարտյալ Ռ.Մարտիրոսյանի ցուցմունքներին և իր վերաբերյալ գործի դատական քննության ժամանակ առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու հանգամանքին` Դատարանն արձանագրում է հետևյալը.
Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ Դատարանում Ռ.Մարտիրոսյանը ցուցմունքներ տալով` պնդել է, որ Թ.Գրիգորյանը տեղեկություն չի ունեցել ծանրոցում առկա թմրամիջոցից, վերջինս իրեն ուղարկել է միայն կոսմետիկ պարագաներն ու օծանելիքը, իսկ մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ օճառահեղուկների տարաները ծանրոցում իր խնդրանքով դրել է Արտյոմը, և Դատարանում տված ցումունքով իր հերթին հաստատել է այն հանգամանքը, որ հեռախոսով Թ.Գրիգորյանի հետ խոսելու պահին վերջինիս կողքին է գտնվել Արտյոմը, ում հետ նույն ժամանակ նույնպես խոսել և պայմանավորվել է օճառահեղուկների տարաներով թմրամիջոցը Թ. Գրիգորյանին փոխանցելու համար` տեղեկացնելով նաև վերջինիս կողմից ծանրոց ՀՀ ուղարկելու մտադրության մասին: 
Նշված հանգամանքը մեղադրանքի կողմից անարժանահավատ համարելու ենթադրություններին Դատարանն անդրադարձել է սույն դատավճռով, և տվյալ դեպքում հարկ է համարում փաստել, որ մեղադրյալ Ռ.Մարտիրոսյանը նախաքննության ամբողջ ընթացքում հերքել է մաքսանենգ ճանապարհով իրեն թմրամիջոց իրացնելու հարցում Թ.Գրիգորյանին օժանդակելու հանգամանքը և այդ առումով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` պնդելով, որ թմրանյութն ուղարկել է Արտյոմը:
Դատարանը փաստում է նաև, որ իր վերաբերյալ գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալ Ռ.Մարտիրոսյանը համաձայնվել է առաջադրված մեղադրանքի հետ, միևնույն ժամանակ արձանագրում, որ վերջինս օգտվելով քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքներից, միջնորդել է դատական քննությունն իրականցնել արագացված կարգով, սակայն գործի փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ վերջինս մեղավոր է ճանաչել իրեն մեղսագրվող արաքի կատարման մեջ, ինչը նաև հաստատել է սույն գործի դատական քննության ընթացքում տված ցուցմունքով, հայտնելով, որ չի հասկացել, որ առաջադրված մեղադրաքի հետ համաձայնվելու դեպքում ընդունում է նաև թմրամիջոցը Թ.Գրիգորյանի կողմից մաքսանենգ ճանապարհով իրեն իրացնելուն օժանդակելու հանգամանքը:
Դատարանում տված իր ցուցմունքով Ռ.Մարտիրոսյանը հայտնել է, որ չի հիշում ԱՄՆ-ում բնակվող ընկերների` այդ թվում Արտյոմի հեռախոսահամարները, և բացի իր բնակարանի և բջջային հեռախոսահամարներից ԱՄՆ Արտյոմին զանգահարել է նաև այլ հեռախոսահամարներով, որոնք չի հիշում: 
Մեղադրանքի կողմը նշված հանգամանքը հերքել է բացառապես Ռ.Մարտիրոսյանի` 094-69-74-80 հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերծանումները պարունակող փաստաթղթերի տեղեկատվությամբ, համաձայն որոնց` 2010 թվականի հունիսի 30-ին այդ համարից կատարվել է 3 ելքային զանգ Թ.Գրիգորյանի կողմից ԱՄՆ-ում գործածվող 661-248-51-35 քաղաքային հեռախոսահամարին և նույն հեռախոսահամարին 2010 թվականի հուլիսի 4-ին և հուլիսի 6-ին Թ. Գրիգորյանի` 661-248-51-35 հեռախոսահամարից ընդունել է մեկական զանգ, ինչպես նաև այն տեղեկությամբ, որ Ռ. Մարտիրոսյանի հեռախոսահամարներից արտերկիր այլ զանգեր չեն կատարվել:
Դատարանի համոզմամբ, ձեռք բերված այդ ապացույցը չի կարող անհերքելիորեն փաստել, որ Ռ.Մարտիրոսյանն ԱՄՆ-ում բնակվող իր ընկերների և ծանոթների հետ չէր կարող կապ հաստատել և շփվել այլ հեռախոսահամարներով:
Շարունակելով ամբաստանյալ Թ.Գրիգորյանի մեղավորությունը կատարված հանցագործությունների մեջ հաստատող ապացույցների բավարուրության վերաբերյալ իրավական վերլուծությունը` Դատարանն արձանագրում է նաև հետևյալը.
Պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում վարույնթն իրականացնող մարմնին է ներկայացրել ԱՄՆ-ից ուղարկված նոտարական կարգով վավերացված Արտյոմ Բրսեղյանի, ինչպես նաև բեռնափոխադրող ընկերության աշխատակից Արմին Ռաֆայելի հայտարարությունները` առաջինի դեպքում իր կողմից թմրամիջոցն օճառահեղուկների մեջ ծանրոցում տեղադրելու և ՀՀ Ռ.Մարտիրոսյանին ուղարկելու վերաբերյալ, երկրորդ դեպքում` ծանրոցը Ռ.Մարտիրոսյանին Արտյոմի կողմից ուղարկելու, սակայն որպես ուղարկող իր կողմից <<Թոմ >> անունը նշելու վերաբերյալ, և միջնորդել է նշված փաստաթղթերը ճանաչել որպես ապացույց, ինչը մինչդատական վարույթն իրականացնող մարմնի 22.08.2014 թվականի որոշմամբ մերժվել է: 
Նույնաբովանդակ հայտարարություններ, արդեն նաև ապոստիլ վավերացմամբ, ինչպես նաև ավելացումով, որ դրանք տրվում են դատարանում որպես ցուցմունք` պաշտպանական կողմը ներկայացրել է դատաքննության ընթացքում, միաժամանակ նաև` տեսաձայնագրությամբ սկավառակ, որում Արտյոմ Բարսեղյան և Արմին Ռաֆայել ներկայացող անձինք հայտնում են այն, ինչ արձանագրված է նոտարական և ապոստիլ վավերացմամբ նշված հայտարաություններում: 
Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը քրեական գործի շրջանակներում ի պաշտպանություն իրեն ամբաստանյալ Թովմաս Գրիգորյանի բերած նշված փաստարկներն առանց ստուգելու, Արտյոմ Բարսեղյան և Արմին Ռաֆայել անձանց ինքնությունը և հայտատարությունների ձեռք բերման աղբյուրը պարզելու և դրանցում վերջիններիս կողմից հայտնված տեղեկությունների արժանահավատությունը հերքելու կամ հաստատելու ուղղությամբ քննություն չկատարելով, հաստատապես հանգել է հետևության, որ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու դիտավորությամբ, մեղադրյալ Թ. Գրիգորյանին քրեական պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու նպատակով, գործով չպարզված անձի ուղղորդմամբ և խորհուրդներով, ԱՄՆ-ում բնակվող ոմն Արտյոմ Բարսեղյան և Արմին Ռաֆայել, մեղադրյալի պաշտպանի միջոցով ներկայացրել են քրեական գործով հաստատված հանգամանքների վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տեղեկություններ պարունակող հայտարարություններ` Թ. Գրիգորյանին մեղսագրված հանցավոր արաքն ԱՄՆ-ում բնակվող ոմն Արտյոմ Բարսեղյանին վերգրելու վերաբերյալ, արդյունքում 2012 թվականի օգոստոսի 22-ին քննիչի որոշմամբ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր` թիվ 69408114 գործը և այն առանձնացվել առանձին վարույթում(հ. 2, գ.թ. 223): 
Հատկանշական է, որ Արտյոմ Բարսեղյան և Արմին Ռաֆայել անձանց հայտարարությունները մեղադրանքի կողմը դիտել է քրեական գործով հաստատված հանգամանքների վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ և Թ. Գրիգորյանին քրեական պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հանգամանք, սակայն, մեկ այլ դեպքում, դրանց գնահատման արդյունքում հաստատված է համարել Արմին Ռաֆայելի հայտարարության մեջ նշված այն հանգամանքը, որ վերջինս հանդիսացել է ԱՄՆ-ում գործող բեռնափոխադրումներ իրականացնող <<Քարավան Բռավո Թրևլ>> ընկերություն աշխատակից, և որ թմրամիջոցի պարունակությամբ ծանրոցը Հայաստան առաքելու նպատակով Թովմաս Գրիգորյանը հանձնել է հենց նրան, ով ծանրոցը ստանալուց հետո, լրացրել է բեռնագիր-ձևաթուղթ, որում որպես ծանրոցի առաքող նշել է մեղադրյալ Թ. Գրիգորյանի կարճ` <<Թոմ>> անունը և նրա կողմից ԱՄՆ-ում գործածվող հեռախոսահամարը, իսկ ծանրոցի ստացող` Ռոբերտ Մարտիրոսյան և նրա հեռախոսահամարը, որպիսի հանգամանքն արձանագրված է մեղադրական եզրակացության նկարագրական – պատճառաբանական մասում:
Դատարանի համոզմամբ, նախաքննական մարմինը ապացույցների կամայական գնահատմամբ կանխակալ մոտեցում է դրսևորել Թ. Գրիգորյանի մեղքը հիմնավորող գործով մինչ այդ ձեռք բերված անուղղակի ապացույցների նկատմամբ և առավել նշանակություն է տվել դրանց` առանց պաշտպանական կողմի ներկայացրած նշված փաստաթղթերը քրեադատավարական օրենսգրքի պահանջների պահպանման` պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելու:
Դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ քրեական գործը դեռևս նախաքննության` ապացույցների հավաքագրման ընթացքում գտնվելու պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել Թ. Գրիգորյանի մեղավորությունը կատարված հանցագործությունների մեջ, և ի պաշտպանություն մեղադրյալի` պաշտպանական կողմի բերված փաստարկները դիտել է քրեական գործով հաստատված հանգամանքների վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ և Թ. Գրիգորյանին քրեական պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հանգամանք: Ավելին, Արտյոմ Բարսեղյանի և Արմին Ռաֆայելի հայտարարություններն ապացույց ճանաչելու և քրեական գործին կցելու վերաբերյալ մեղադրայի պաշտպանի միջնորդությունը քննության առնելիս` քննիչը գտել է, որ դրանցով չեն կարող հաստատվել գործի համար նշանակություն ունեցող տվյալներ, արդյունքում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին հ. 2, գ.թ. 269-270):
Ամփոփելով վերոգրյալը` Դատարանը փաստում է, որ Արտյոմ Բրսեղյանի, ինչպես նաև բեռնափոխադրող ընկերության աշխատակից Արմին Ռաֆայելի հայտարարությունները` առաջինի դեպքում իր կողմից թմրամիջոցն օճառահեղուկների մեջ ծանրոցում տեղադրելու և ՀՀ` Ռ.Մարտիրոսյանին ուղարկելու, երկրորդ դեպքում` ծանրոցը Ռ.Մարտիրոսյանին Արտյոմի կողմից ուղարկելու, սակայն որպես ուղարկող իր կողմից <<Թոմ>> անունը նշելու վերաբերյալ, կասկածի տակ են դնում Թովմաս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ապացուցված լինելը, սակայն նշված կասկածը չի փարատվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ուստի, անմեղության կանխավարկածի սկզբունքներից ելնելով, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ նշված կասկածը պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալի:
Ինչ վերաբերում է հետազոտված մնացած ապացույցներին՝ ապա դրանցից.
Վկա Մարինե Մուսինյանի նախաքննական ցուցմունքներով հաստատվել է 2010 թվականի ընթացքում ամուսնու` Թ. Գրիգորյանի կողմից ԱՄՆ-ում միայն 661-289-23-04 բջջային հեռախոսահամարը և բնակարանի 661-248-51-35 հեռախոսահամարը օգտագործելու հանգամանքները, 
- Դատաքիմիական փորձաքննության թիվ 0359 եզրակացությամբ հաստատվել է Թ. Գրիգորյանի կողմից թմրամիջոց գործածելու փաստը, որը վերջինս չի ժխտել,
- Անձնական խուզարկության ենթարկելու մասին արձանագրությամբ հաստատվել է 09.07.2010 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Ռ. Մարտիրոսյանի մոտ <<Մոտորոլլա Կ-1>> մոդելի բջջային հեռախոս և 094-69-74-80 հեռախոսահամարի քարտ հայտնաբերելու և առգրավելու փաստը, 
- Ռ.Մարտիրոսյանի ստացած ծանրոցը զննելու մասին արձանագրությամբ հաստատվել է 09.07.2010 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման ենթարկված Ռ. Մարտիրոսյանի ծանրոցի վրա որպես ուղարկող <<Թոմ>> անունը նշված լինելու, ինչպես նաև ծանրոցում կանացի մազի ամրակներ, կլոր հայելի, 3 հատ օճառ, 4 հատ եղունգի ներկ, ստվարաթղթե տոպրակ, մաստակներ, 3 շիշ <<կետչուպ>>, <<Սքոր>> և <<Լիստերին>> տեսակի բերանի թարմեցուցիչներ, ինքնակպչուն ժապավեն, <<Մագի Նոյեր>> և <<Ինոկենտ>> տեսակի օծանելիք, 2 հատ <<ՊանտինՊռովի>> տեսակի շամպունի տարաներ` դրանցում առկա են թվով 19 հատ պոլիէթիլենային փաթեթներ՝ լցված դեղնականաչավուն <<մարիխուանա>> տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ առկա լինելու հանգամանքը,
Դատաքիմիական փորձաքննության թիվ 348 եզրակացությամբ հաստատվել է Ռ. Մարտիրոսյանի ծանրոցի զննությամբ հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված` 54.7 գրամ հաստատուն քաշով նյութը <<չորացված մարիխուանա>> տեսակի թմրամիջոց հանդիսանալու փաստը:
Դատարանի համոզմամբ, վերը թվարկված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Թ.Գրիգորյանի առնչությունը մաքսանենգ ճանապարհով խոշար չափի թմրամիջոց ՀՀ առաքելու և այդ կերպ Ռ.Մարտիրոսյանին իրացնելու դեպքերին և նրա մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքները կատարելու մեջ:
Հիմք ընդունելով վերը շարադրված պատճառաբանությունները՝ Դատարանը գնահատության ենթարկելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից և ներքին համոզմամբ հանգում է հետևության, որ է, գործով ձեռք բերված փաստական տվյալները չեն բացառում մաքսանենգ ճանապարհով խոշոր չափի թմրամիջոց ՀՀ առաքելու և այդ կերպ Ռ.Մարտիրոսյանին իրացնելու հանցավոր արաքներն այլ անձի կողմից կատարելու հանգամանքը:
4. Եզրափակիչ մաս.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 357-360-րդ, 366-րդ, 369-374-րդ հոդվածներով, Դատարանը՝
վճռեց՝
Թովմաս Ժիրայրի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել և նշված հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործություններում նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Թովմաս Գրիգորյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել դատական նիստի դահլիճում:
Թովմաս Գրիգորյանին պատկանող գույքի վրա դրված կալանքը վերացնել:
Դատավճիռն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:


Դատավոր՝ Ռ.Լ.Պապոյան

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика