Հարց ու պատասխան
  Հարց. 2011 թվականի գարնանն ավարտել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան և նշանակվել հետագա ծառայության ԶՈՒ N զորամասում որպես բժիշկ: Ցանկանում եմ ընդունվել օրդինատուրա` մասնագիտական գիտելիքներս կատարելագործելու նպատակով: Խնդրում եմ պարզաբանել օրդինատուրա ընդունվելու կարգը:
   Պատասխան. Հարգելի զինծառայող, 2011թ.հունիսի 23-ին արձակվել է պաշտպանության նախարարի (այսուհետ` ՊՆ) N 735-Ն հրամանը, որով կարգավորվում են պաշտպանության նախարարության պատվերով բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա ընդունվելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
    Ըստ նշված հավելվածի 2-րդ կետի` համապատասխան բժշկական ուսումնական հաստատություններ են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարության` ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը և օտարերկրյա պետությունների բժշկական ուսումնական հաստատությունները:
  Օրդինատուրա ընդունվելու համար մրցույթն անցկացվում է ՊՆ հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից հաստատված մասնագիտական գիտելիքների ստուգման հարցաշարերի հիման վրա` հարցազրույցի միջոցով:
    Հիշատակված հրամանի հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով, Դուք մրցույթի հայտարարումից հետո մեկամսյա ժամկետում Ձեր ծառայության վայրի զորամասի հրամանատարին պետք է ներկայացնեք զեկուցագիր` նշելով Ձեր մասնագիտության անվանումը:    Զորամասի հրամանատարի դրական կարծիքի դեպքում Ձեր դիմումի մասին զեկուցվելու է ըստ վերադասության և ուղարկվելու է զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, որտեղ կազմվում են դիմորդների անձնական գործերը:
    Զեկուցագրին կից պետք է ներկայացվի Ձեր`
1) ինքնակենսագրությունը,
2) ծառայողական բնութագիրը,
3) բարձրագույն բժշկական հաստատության դիպլոմի (վկայականի) և առաջադիմության միջուկի պատճենը,
4) ինտերնատուրան (մագիստրատուրան) ավարտելու վկայականի պատճենը,
5) անձնագրի պատճենը,
6) սպայի անձնական վկայականի պատճենը,
7) 3/4 չափի 1 լուսանկար,
8) տույժերի և խրախուսանքների ցանկը` հաստատված զորամասի հրամանատարի կողմից:
   Նույն հրամանի հավելվածի 7-րդ կետի համաձայն` զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը մինչև ընդունելության տարվա հուլիսի 10-ը նախապատրաստում է ՊՆ «ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրայի ընդունելություն հայտարարելու և մրցույթ անցկացնելու, ինչպես նաև մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և ընդունելության համապատասխան մասնագիտությունների ցանկը հաստատելու մասինե հրամանի նախագիծ և ստորագրման է ներկայացնում նախարարին:
   Ստեղծված հանձնաժողովն իր առաջին նիստում քննության կառնի Ձեր փաստաթղթերը և կկայացնի համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:
   Ձեզ չի թույլատրվի մասնակցել մրցույթին, եթե ներկայացված չլինի վերը նշված պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը, կամ փաստաթղթերը լինեն թերի: Թերության առկայության դեպքում Ձեզ հնարավորություն կտրվի մեկօրյա ժամկետում շտկել դրանք, իսկ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել Ձեզ:
     Մրցույթը կանցկացվի ՊՆ հրամանով սահմանված ժամկետում:
     Հանձնաժողովը ինչպես Ձեր, այնպես էլ յուրաքանչյուր դիմորդի հետ կանցկացնի հարցազրույց` Ձեր մասնագիտական գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:
    Ձեր պատասխանները կգնահատվեն հանձնաժողովի` հարց տվող անդամի կողմից: Եթե Ձեր տված պատասխանը գնահատվի սխալ, ապա հանձնաժողովի գնահատող անդամը պարտավոր է հայտնել ճիշտ պատասխանը:
    Հարցազրույցից հետո հանձնաժողովը բաց քվեարկությամբ կորոշի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դիմորդներին:
   Պետք է ընդգծել, որ նշված հրամանի հավելվածի 18-րդ կետով ամրագրված է, որ մրցույթի հաղթող է ճանաչվում այն դիմորդը, որը հարցազրույցից հետո, հանձնաժողովի դռնփակ նիստում հարցազրույցի արդյունքների հիման վրա գնահատվել է առավել բարձր:
    Հրամանով սահմանվել է նաև, որ դիմորդների հավասար գնահատվելու դեպքում առավելություն են համարվում`
1) պետական բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանց ավարտելը,
2) սահմանամերձ զորամասերում ծառայությունը,
3) մարտական գործողությունների բժշկական ապահովման փորձ ունենալը,
4) զինվորական ծառայության ստաժը,
5) տեսչական (եզրափակիչ) ստուգումների ժամանակ երկու և ավելի անգամ լավ կամ գերազանց արդյունքներ ցուցաբերելը,
6) ՀՀ կառավարական կամ ՊՆ կողմից տրված պարգևներ ունենալը:
    Ձեր վերաբերյալ ընդունված որոշումները Դուք կարող եք բողոքարկել ՀՀ օրենքներով սահմանված կարգով:
   Հարցազրույցը բարեհաջող հանձնելուց և հաղթող ճանաչվելուց հետո հանձնաժողովը Ձեր համապատասխան փաստաթղթերը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կուղարկի ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն` օրդինատուրա ընդունվելու վերաբերյալ    ՊՆ հրամանի նախագիծ նախապատրաստելու և ստորագրման ներկայացնելու համար:
    Կարևոր է նշել, որ հրամանի հավելվածի 23-րդ կետի համաձայն` մրցույթից հետո չհամալրված տեղեր մնալու դեպքում, նույն օրը չհաղթած, բայց դրական գնահատված դիմորդների հետ կազմակերպվում է լրացուցիչ մրցույթ` վերը նշված ընթացակարգով:
    ՊՆ հրամանով օրդինատուրա ընդունվելուց հետո 10 օրվա ընթացքում Դուք պարտավոր եք Ձեր նախկին զինվորական ծառայության վայրից իրային և դրամական վկայականներով ներկայանալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանում` նշանակված վայր մեկնելու համար:
   Մինչև ուսումնառության մեկնելը, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության պետի հետ պետք է կնքեք ուսումնական և հետուսումնական 5 տարի զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագիր, եթե չունեք 20 տարվա զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կամ եթե օրդինատուրան ավարտելու պահին Ձեր հետագա պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը 5 տարուց պակաս է:
    Եթե հրաժարվեք պայմանագիր կնքելուց, Ձեր օրդինատորի ընդունելության արդյունքները կհամարվեն չեղյալ, և Դուք կվերադառնաք Ձեր ծառայության վայր:
  Նկատի ունեցեք, որ օրդինատուրայում սովորելու տարիներին Ձեր զինվորական կոչման ժամկետը լրանալու դեպքում Դուք կներկայացվեք հերթական զինվորական կոչման, եթե Ձեր նախկին զբաղեցրած պաշտոնի կոչումը համապատասխանում է (կամ գերազանցում է) առաջարկված կոչմանը:
 Իսկ բժշկական ուսումնական հաստատությունից սահմանված հեռավորության վրա բնակվելու դեպքում կապահովվեք հանրակացարանով կամ ՊՆ համապատասխան հրամաններով սահմանված կարգով և չափով կստանաք բնակվարձի փոխհատուցում:
  

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика