Հարց ու պատասխան
Հարց. 2005 թվականին ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության եմ անցել ԶՈՒ N զորամասում: Վաշտի հրամանատար եմ, ունեմ կապիտանի զինվորական կոչում: Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա: Կինս և երեխաներս բնակվում են ծնողներիս հետ: Բնակարան չունեմ: Կցանկանայի իմանալ, կարո՞ղ եմ համարվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող սպա, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է հաշվառվեմ` հետագայում բնակարան ստանալու համար:
Պատասխան. Հարգելի պարոն կապիտան, ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, 2007 թվականի մարտի 7-ին ընդունել է N 384-Ն որոշումը, որով կարգավորվում է Ձեր կողմից բարձրացված հարցը:
Նշված որոշման հավելվածի 5-րդ կետի համաձայն` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող են համարվում և բնակարանային հաշվառման ենթակա են այն զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների), ովքեր ՀՀ տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն և բնակվում են ժամանակավոր կացարաններում, զինվորական բնակելի ավաններում, 4-րդ աստիճանի վթարային տներում, նկուղային և բնակության համար ոչ պիտանի շինություններում, հարազատների կամ ազգականների մոտ, վարձակալությամբ, ինչպես նաև սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունեցող այն զինծառայողները, որոնց բնակարանում բնակվող ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակելի մակերեսով ապահովվածությունը կազմում է 7 ու 7-ից պակաս քառակուսի մետր կամ ընտանիքներում, բացի ամուսիններից, կան 9 տարեկանից բարձր տարբեր սեռի անձինք կամ բնակվում են մեկ սենյակում` անկախ բնակելի մակերեսից:
Եթե Ձեր ընտանեկան կարգավիճակը համապատասխանում է նշված դրույթներին, ապա այո, Դուք կարող եք ընդգրկվել բնակարանային հաշվառման մեջ, ինչի համար անհրաժեշտ է կազմել բնակարանային գործ` հետևյալ փաստաթղթերով`
1) բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու մասին զեկուցագիր,
2) անմիջական հրամանատարի (պետի) կողմից տրված ծառայողական բնութագիր,
3) ընտանիքի չափահաս անձանց անձնագրերի (հաշվառման էջով), ամուսնության վկայականի (ամուսնալուծված լինելու դեպքում` ամուսնալուծության վկայականի կամ ամուսնալուծության մասին դատարանի վճռի և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, որոնց իսկությունը հաստատում է զորամասի հրամանատարը,
4) տեղեկանքներ բնակարանային պայմանների մասին` մշտական հաշվառման (վերջին 5 տարվա ընթացքում տարբեր վայրերում հաշվառում ունենալու դեպքում` յուրաքանչյուր հաշվառման վայրից) և փաստացի բնակության վայրերից, իսկ առանձին տնտեսություն (ծուխ) համարվող և բնակելի տարածությամբ ապահովված չլինելու դեպքում` նաև այն բնակության վայրից, որտեղից առանձնացել է,
5) 4-րդ ենթակետում նշված բնակարանի կամ բնակելի տան սեփականության վկայականի պատճենը, իսկ դրա բացակայության դեպքում` տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից` բնակարանի կամ բնակելի տան տիրապետման ձևի մասին,
6) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև փախստականների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:
Հարկ է ընդգծել, որ արհեստականորեն իրենց բնակարանային պայմանները վատթարացրած զինծառայողները բնակարանային հաշվառման կարող են վերցվել վատթարացման օրվանից սկսած 5 տարի անց:
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика