Հարց ու պատասխան
    Հարց. Արդեն մեկ տարի է, ինչ ծառայում եմ ՀՀ ԶՈՒ N զորամասում: Ծառայության ընթացքում զորամասի տարածքից արձակվել եմ մի քանի անգամ: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է կարգավորվում զինծառայողներին զորամասի տարածքից ազատ արձակվելու կարգը, և ի՞նչ պարբերականությամբ զինծառայողները իրավունք ունեն արձակվելու զորամասի տարածքից:
Պատասխան. Սիրելի զինվոր, եթե քեզ վրա դրված չէ «հերթական արձակումից զրկումե կարգապահական տույժը, ապա ինչպես դու, այնպես էլ բոլոր զինվորներն ու սերժանտները շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունեք: Սակայն արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:
«Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասինե ՀՀ օրենքի 246-րդ հոդվածով ամրագրված է, որ Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Իսկ առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո:
Շաբաթ և նախատոնական օրերին արձակումը թույլատրվում է մինչև ժամը 24.00-ը, իսկ կիրակի և տոնական օրերին` մինչև երեկոյան ստուգումը (անվանականչը): Միաժամանակ, գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, Ձեր վաշտի հրամանատարը կարող է Ձեզ հարգելի պատճառով արձակել նաև շաբաթվա մյուս օրերին` ուսումնական պարապմունքներից հետո մինչև քունը կամ մինչև հաջորդ օրվա առավոտը (բայց պարապմունքներն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ):
Հիշե՛ք, արձակումը կատարվում է ըստ հերթականության: Արձակման հերթականությունը պետք է կարգավորեն դասակների հրամանատարների տեղակալները:
Պետք է իմանալ նաև, որ հանգստյան և տոնական օրերին մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության կատարման համար զինծառայողներն ու սերժանտները չեն արձակվում:
Հիշատակված օրենքի 247-րդ հոդվածի համաձայն` արձակման թույլտվություն ստանալու համար Դուք պետք է դիմեք Ձեր անմիջական պետին: Դասակների հրամանատարների տեղակալների պարտականությունն է արձակման ցուցակները ներկայացնել վաշտի ավագին` վաշտի հրամանատարին զեկուցելու համար:
Զորամասի տեղակայման վայրից արձակվելու դեպքում Ձեզ մոտ պետք է լինեն Ձեր զինվորական գրքույկները: Նույն օրենքի 248-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Ձեզ տրված արձակման գրությունը ուժի մեջ է միայն Ձեր կայազորի սահմաններում:
Արձակումից վերադառնալուց հետո Դուք պարտավոր եք ներկայանալ գնդի հերթապահին և զեկուցել Ձեր վերադարձի մասին: Գնդի հերթապահն իր հերթին արձակման գրության մեջ նշում է վերադարձի ժամը: Այնուհետև անհրաժեշտ է ներկայանալ վաշտի հերթապահին, նրան հանձնել արձակման գրությունը և զեկուցել Ձեր անմիջական պետին:
Ինչ վերաբերում է բնակավայրերից հեռու գտնվող զորամասերում (առանձին ստորաբաժանումներում) ծառայող զինվորների և սերժանտների արձակման խնդրին, ապա պետք է նշել, որ «Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասինե ՀՀ օրենքի 251-րդ հոդվածով սահմանված է, որ բնակավայրերից հեռու գտնվող զորամասերում (առանձին ստորաբաժանումներում) և այլ դեպքերում, երբ վերը նշված կարգով արձակումներն աննպատակահարմար են, զորամասի (առանձին ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգստյան օրերին կազմակերպվում են խմբային ուղևորություններ դեպի մերձակա խոշոր բնակավայրերը (քաղաքները):
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика