Հարց ու պատասխան
Հարց. 1990 թվականին ընտանիքիս հետ միասին մեկնել եմ մշտական բնակության Ռուսաստանի Դաշնություն: Որդիս այնտեղ շարունակել է ուսումը դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել պետական բժշկական համալսարան: Այժմ նա 32 տարեկան է, ամուսնացած, ունի 1 երեխա, ՌԴ քաղաքացի է: 2010թ. սեպտեմբեր ամսին վերադարձել եմ Հայաստան և զինկոմիսարիատից տեղեկացել, որ որդուս նկատմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար հարուցվել է քրեական գործ և հայտարարված է հետախուզում: Խնդրում եմ պատասխանել` եթե իմ որդին ՌԴ քաղաքացի է, ապա ինչու՞ պետք է նա ծառայի ՀՀ զինված ուժերում և ինչու՞ է նրա նկատմամբ հարուցվել քրեական գործ:
Պատասխան. Համաձայն «Զինապարտության մասինե ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի, այլ պետության քաղաքացիություն ընդունած ՀՀ քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Իսկ դա նշանակում է, որ նա ենթակա է զորակոչման պարտադիր ժամկետային զինծառայության, իսկ անձի 27 տարին լրանալուց հետո հարցը կարգավորվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը` այդ ծառայությունից ազատվելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում անձը պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են պարտադիր վճարների դրույքաչափերը: Համապատասխան վճարումներ կատարելուց հետո, նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սահմանված վճարը մուծելուց հետո մեկ ամսվա ընթացքում տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
Սակայն, մինչ այդ, քաղաքացու կողմից պետք է ներկայացվի դիմում` կից ներկայացնելով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը: Դիմումը ներկայացվում է համապատասխան զինկոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, կամ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով, որը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:
Ստացված դիմումը քննարկվում և պատասխան է տրվում մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ և ստուգում պահանջող փաստերի դեպքում պատասխան կտրվի երկու ամսվա ընթացքում: Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика