Հարց ու պատասխան

ՊԱՏԱՍԽԱՆ. Այլընտրանքային ծառայության անցնելու կարգն ու պայմանները սահմանված են ''Այլընտրանքային ծառայության մասին'' ՀՀօրենքով:

Այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում:

Այլընտրանքային ծառայության տեսակներն են`

ա) այլընտրանքային զինվորական` ՀՀ զինված ուժերում իրականացվող մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ չկապված զինվորական ծառայություն.

բ) այլընտրանքային աշխատանքային` ՀՀ զինված ուժերից դուրս իրականացվող աշխատանքային ծառայություն:

Այլընտրանքային ծառայության նպատակը հայրենիքի և հասարակության առջև քաղաքացիական պարտքի կատարման ապահովումն է և չունի պատժի, անձի պատվի և արժանապատվության նվաստացման բնույթ:

Հիշատակված օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

1. Այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնող ՀՀ քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը:

Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչև հերթական զորակոչին նախորդող մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմել է այն տարածքային զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է, և որի այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովը (այսուհետ` հանրապետական հանձնաժողով) որոշել է ուղարկել այլընտրանքային ծառայության: 

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:

Այլընտրանքային ծառայություն անցնելու համար ներկայացված դիմումը Հանրապետական հանձնաժողովը քննարկում է առանձին նիստում, որի անցկացման ժամանակի և վայրի մասին նախապես տեղեկացվում է դիմումատուն, որն իրավունք ունի մասնակցելու հանրապետական հանձնաժողովի նիստին: Հանրապետական հանձնաժողովի պահանջի դեպքում դիմումատուի մասնակցությունը հանձնաժողովի նիստին պարտադիր է:

Հանրապետական հանձնաժողովի նիստին կարող են հրավիրվել կրոնագետներ, հոգեբաններ և այլ մասնագետներ, այլընտրանքային ծառայության վայրերի հիմնարկների, կրոնական և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ անձինք:

Դիմումը բավարարելու և դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը:

Իսկ դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը և այն վիճարկելու կարգը:

Դիմումը կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`

1) դիմում ներկայացրած քաղաքացին երկրորդ անգամ կանչվում է տեղական զորակոչային հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.

2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.

3) դիմումն ակնհայտ անհիմն է:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Այլընտրանքային զինվորական ծառայողը ՀՀ պետական դրոշի առջև տալիս է երդում և ստանձնում համապատասխան պարտավորություններ:

Նա ծառայության է անցնում զորամասի հրամանատարի հաստատած կարգացուցակի համաձայն, կրում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նրա վրա տարածվում են զինված ուժերի կանոնագրքերի (կանոնադրությունների) դրույթները` բացառությամբ մարտական հերթապահության, զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված պահանջների:

Նրանց հանգստի և քնելու համար նախատեսված տարածքներն առանձնացվում են պարտադիր զինծառայողների հանգստի ու քնելու համար նախատեսված տարածքներից:

Անհրաժեշտ է իմանալ, որ Այլընտրանքային զինվորական ծառայողը ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված պաշտոններում չի կարող նշանակվել:

Նրանց արգելվում է ծառայության ընդգրկել մարտական ստորաբաժանումներում, նրանց տալ մարտական բնույթի հրամաններ, ինչպես նաև զենք և զինամթերք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ կապված հանձնարարություններ:

Ինչ վերաբերում է Այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու կարգին, անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը և վճարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ:

ՀՀ Կառավարության 25.07.2013թ. թիվ 796-Ն որոշմամբ հաստատվել է Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և կատարվող աշխատանքների ցանկերը:

Ըստ այդմ, ցանկի մեջ ներառվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ները, Երևան քաղաքում և մարզերում գործող մի քանի հոգեբուժական հիմնարկներ, տարբեր քաղաքների կոմունալ ծառայություններ, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների կանաչապատման կազմակերպությունները:

Իսկ կատարվող աշխատանքների ցանկում ներառվել են հետևյալ աշխատանքները`

1) խնամող սանիտար.

2) խոհանոցի բանվոր.

3) բաղնիքի և լվացքատան սանիտար.

4) բակի հավաքարար.

5) փրկարարի օգնական (օժանդակ փրկարարական աշխատանքների գծով).

6) վարորդի օգնական (փրկարարական հատուկ տեխնիկայի և գույքի սպասարկում).

7) բանվոր:

 

Անհրաժեշտ ենք համարում իրազեկել նաև հետևյալը. Կարգավորող օրենքի 20-րդ հոդվածի համաձայն`

1.Այլընտրանքային զինվորական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով:

2. Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (ներառյալ` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչվելու կամ մահանալու դեպքում) իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика