Հարց ու պատասխան

ՀՀ Կառավարության 2013թ. մայիսի 23-ի թիվ 590-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ զինված ուժերում զինվորական կոչում ունեցող անձնակազմին կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպառողական վարկերի տրամադրման հատուկ վարկային ծրագիրը:

Համաձայն նշված որոշման հավելվածի 4-րդ կետի՝  …սպառողական մատչելի վարկերի տրամադրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված ոլորտի աշխատողների բարեկեցության բարձրացման կարիքով:

Նույն հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ ծրագրի հիմնական նպատակը ՀՀ զինվորական և պետական հատուկ ծառայության տարատեսակի` ոստիկանությունում ծառայության, ծառայողների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացմանը և կենցաղային պայմանների բարելավմանն աջակցելն է:

 

Նույն հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ Ծրագիրը կրում է պիլոտային բնույթ. դրա հետագա շարունակականությունը կախված կլինի ծրագրով նախատեսված սպառողական վարկի նկատմամբ պահանջարկից և ծրագրի ընթացքից:

Համաձայն նշված որոշման հավելվածի 11-րդ կետի՝ Վարկառուներին սպառողական վարկերի տրամադրումը բովանդակային առումով ներառում է հետևյալ դրույթները`

1) ծրագրի իրականացման ծավալը՝ ծրագիրն իրականացվելու է՝

ա. ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ կրտսեր և ավագ սպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 դրամ,

բ. ՀՀ պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ ենթասպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար` յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 500.000 դրամ.

2) ծրագրի իրականացման ժամկետները՝

ա. ծրագրի իրականացումն սկսվում է 2013 թվականից,

բ. վարկերը կտրամադրվեն առավելագույնը 7 տարի մարման ժամկետով. վարկառուի համաձայնությամբ վարկերը կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետով.

3) ծրագրի շահառուները՝

ա. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ),

բ. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ),

գ. ՀՀ պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ԱԱԾ ենթասպայական կազմը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները.

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նույն որոշմամբ սահմանված կարգով ծրագրի մասնակիցներ են հանդիսանում ՀՀ-ում և ԼՂՀ-ում գործող կենցաղային տեխնիկայի վաճառք իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ, ՀՀ առևտրային բանկերը, ինչպես նաև «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը»:

Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ.

ա. ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները չեն կարող գերազանցել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված տարեկան փաստացի տոկոսադրույքի 12 տոկոսի շեմը,

բ. վարկառուներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված սպառողական վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 2 տոկոսային կետին համարժեք մասը,

գ. ընտանիքում 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող վարկառուների համար 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված սպառողական վարկերից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը,

դ. վարկառուներից սպառողական վարկի միջնորդավճար չի նախատեսվում,

ե. վարկառուներին սպառողական վարկերը տրամադրվում են անկանխիկ. վարկի գումարը փոխանցվում է անմիջապես վաճառողի բանկային հաշվին,

զ. վարկառուներին տրամադրվող սպառողական վարկերի ապահովությունը վարկառուների եկամուտների չափի հավաստումն է. ներկայացվում է տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի և կոչման մասին,

է. վարկառուն չպետք է ունենա չաշխատող վարկային պարտավորություններ ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման պահին,

ը. վարկառուներին տրամադրվող սպառողական վարկերի մարման եղանակն ամսական անուիտետային վճարներն են,

թ. տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն,

ժ. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ:

Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանված կարգով վարկ տրամադրելիս հաշվի է առնվում վարկի պայմանագրային գումարը:

Ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից:

Լուսանկարը՝ www.mil.am կայքի:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика