Հարց ու պատասխան

2017թ. հունվարի 9-ից ուժի մեջ է մտել«ՀՀպաշտպանության ժամանակ զինծառայողների  կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքը, որի նպատակը ՀՀ պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուցման գումար կվճարվի այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետևանքով:

 

Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն իրենց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձինք (անաշխատունակ տատը, պապը և մինչև 21 տարեկան քույրը, եղբայրը)):

Հատուցման գումարները վճարվում են 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի համար:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուցման դեպքը համարվում է տեղի ունեցած, եթե՝

1) զինծառայողը զոհվել (մահացել) է մարտական գործողությունների ժամանակ կամ մարտական գործողությունների ավարտի օրվանից հետո հինգ տարվա ընթացքում՝ մարտական գործողությունների հետևանքով ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով.

2) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորելու հետևանքով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս, եթե մինչև հատուցման գումար վճարելու սկիզբը զինծառայողը չի հայտնաբերվել, կամ

3) զինծառայողը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ստացել է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն։

Հատկանշական է, որ նույն հոդվածի 6-րդ կետով ամրագրվել է, որ հատուցման դեպք չի համարվում այն դեպքը, երբ զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:          

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հատուցման գումարները վճարվում են հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ հետևյալ նվազագույն չափերով. 

1) զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ զինծառայողի 1-ին խմբի հաշմանդամության դեպքում`  

ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողին՝ 82.000.000 դրամ, որից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական 300 հազար դրամ ՝ 20 տարվա ընթացքում.

բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին կամ տարածքային պաշտպանությանը ներգրավված կամ կամավորագրված անձին՝ 70.000.000 դրամ, որից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական 250 հազար դրամ՝ 20 տարվա ընթացքում.

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողին՝ 58.000.000 դրամ, որից 10.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական 200 հազար դրամ ՝ 20 տարվա ընթացքում.

2) առողջությանը պատճառված վնասի հետևանքով զինծառայողի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում`  

ա. պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված սպայական կազմի զինծառայողի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում` 53.000.000 դրամ, որից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական 200 հազար դրամ՝ 20 տարվա ընթացքում.

բ. պայմանագրային զինվորական ծառայության կամ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավված ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի կամ կամավորագրված անձի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում` 41.000.000 դրամ, որից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական 150 հազար դրամ՝ 20 տարվա ընթացքում.

գ. պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողի 2-րդ խմբի հաշմանդամության դեպքում` 29.000.000 դրամ, որից 5.000.000 դրամը վճարվում է միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական 100 հազար դրամ ՝ 20 տարվա ընթացքում:

Անհրաժեշտն է նկատի ունենալ, որ եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա ի լրումն վերը նշված գումարների՝ զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ:

Նույն օրենքի 4-րդ գլխով ամրագրված են հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով ստեղծված է հիմնադրամի իրավասություններն ու գարծառույթները, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է:

Հիմնադրամի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է:

Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից՝  

-Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.

-ներգրաված վարկերից, փոխառություններից.

-նվիրատվությունների, նվիրաբերությունների, դրամաշնորհների գումարներից.

--միջոցների ներդրումներից ստացվող եկամուտներից

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика