Հրապարակումներ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում բավականին բուռն բանավեճ է սկսվել փաստաբանների շրջանում` կապված ‘’Փաստաբանի օր’’ սահմանելու հետ:
Հասկանալի ու միաժամանակ կանխատեսելի էր, որ հիշատակված հարցի վերաբերյալ լինելու են տարբեր մոտեցումներ և կարծիքներ, ինչը ոչ միայն բնական է, այլև ողջունելի: 
Իրադարձությունների հետագա զարգացումը հանգեցրեց մի հանգրվանի, որ փաստաբանների պալատի խորհրդի 19.02.2015 թվականի թիվ 05/9-Լ որոշմամբ որոշվեց “Փաստաբանի օր”-ը նշել ապրիլի 25-ին: 

Որոշման հրապարակումից հետո փաստաբանական համայնքում տեղի ունեցած բուռն քննարկումները և արված եզրահանգումները բերեցին նրան, որ փաստաբանների պալատի նախագահի 18.03.2015թ. թիվ 76-Լ որոշմամբ ս.թ ապրիլի 25-ին հրավիրվեց փաստաբանների պալատի ընդհանուր ժողով` ‘’Փաստաբանի օր’’ սահմանելու հարցը քննարկելու մասին օրակարգային հարցով:
Թե ի՞նչ օրեր են առաջարկվել որպես ‘’Փաստաբանի օր’’ սահմանելու համար, կարծում եմ, հայտնի է բոլորիս, ուստի դրանց անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում:
Գուցեև անակնկալ էր կամ անսպասելի, սակայն քվեարկությունից հետո ''''Փաստաբանի օր'' սահմանելու հարցը քննարկելու մասին'' օրակարգային հարցով քվեարկությունը ճանաչվեց չկայացած՝ ընդհանուր ժողովի իրավազոր չլինելու (քվորումի բացակայության) հիմքով:
Այժմ, երբ կրքերը հարաբերականորեն հանդարտվել են, և հնարավոր է ավելի հանգիստ պայմաններում քննարկել նշված հարցը, իմ պարտքն եմ համարում որոշակի անդրադարձ կատարել ինչպես այս, այնպես էլ փաստաբանությանն առհասարակ` փոքր ինչ այլ տեսանկյունից` փորձելով նոր բովանդակություն հաղորդել քննարկվող բանավեճին` ակնկալելով մարդկային առումով բարոյական, բովանդակային առումով` բարձր մակարդակի պրոֆեսիոնալ երկխոսություն:
Ես կարծում եմ, որ ցանկացած սերնդի տրված է հնարավորություն կա՛մ գրել պատմություն ու փոխել նրա ընթացքը, կա՛մ դառնալ պատմություն:
Հնարավոր է, որ ցուցաբերում եմ չարդարացված լավատեսություն, և խոսքերիս մեջ կարող է ընկալվել անգամ ամպագոռգոռության տարր, այդուհանդերձ, գտնում եմ, որ փաստաբանները, առհասարակ, որպես սոցիալական խումբ, ունեն որոշակի ու կոնկրետ առաքելություն` նպաստելու արդարադատության իրականացմանը, լրջորեն աջակցելու հասարակության իրավագիտակցության բարձրացմանը, օժանդակելու մարդու իրավունքների պաշտպանությանը և վերջապես` անելու հնարավորը` հասնելու իրավունքի գերակայության հիման վրա իրավական պետության կառուցմանը և նրա հետագա անշեղ զարգացմանը:
Համաձայնե՛ք` դրա համար անհրաժեշտ է, որ փաստաբանները ստանձնեն լոկոմոտիվի կարգավիճակ, վերցնեն իրենց վրա ապագայի կառուցման պատասխանատվության իրենց բաժինը, որը, չեմ բացառում, կարող է նաև բարդ ու փշոտ լինել…
Ես սկզբուքնորեն համաձայն չեմ կարծրացած այն պատկերացումներին, որ փաստաբաններին չպետք է հետաքրքրեն երկրի կարևորագույն հարցերը, որոնք այս կամ այն կերպ աղերսվում են քաղաքականության հետ, և նրանք չպետք է զբաղվեն ''քաղաքականությամբ'': 
Աշխարհին հայտնի են բազմաթիվ մեծավաստակ փաստաբաններ, իրավաբաններ, ովքեր ոչ միայն դարձել են լոկոմոտիվ իրենց պետության զարգացման գործում, այլև իրենց գործունեության արդյունքում պատմության կտրվածքով վերածվել են խորհրդանիշերի…
Հուսով եմ, կհամաձայնեք, որ անգամ եթե փաստաբանները չեն զբաղվում կամ փաստաբանությունն, ինքնին չի ենթադրում զբաղվել բուն քաղաքականությամբ, մի բան ինձ համար գոնե ակնհայտ է. փաստաբանությունը և անհրաժեշտության դեպքում նաև փաստաբանները գտնվում և պետք է գտնվեն քաղաքականության կիզակետում…
Գուցե ճոխ է հնչում, բայց ես այն համոզմունքն ունեմ, որ ինքնահարգանք ունեցող փաստաբանները պետք է գիտակցեն, որ հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության դեսպաններ` այդ բառի ամբողջական, այդ թվում պատասխանատվության զգացումով հանդերձ…
Եվ այս լույսի ներքո ''Փաստաբանի օր''-ը ոչ միայն խորհրդանշական է, այլև ինձ համար կոնկրետ ընկալվում է որպես բովանդակություն, փիլիսոփայություն, արժեքների համախումբ, որը միավորում է փաստաբանությանը, փաստաբաններին…և այն գաղափարները, որոնց համար արժե պայքարել…
Մենք երբեմն, որպես չափանիշ և բարի նախանձով օրինակ ենք բերում Արևմտյան զարգացած երկրներին և երազում նմանվել նրանց` մոռանալով, որ այդ ամենին հասնելու համար դեռևս երազելը քիչ է, դեռևս ընդօրինակման մասին տարիներ շարունակ կուրծք ծեծելը քիչ է: 
Այդ մարդիկ, այդ հասարակություններն, այդ ժողովուրդներն այժմյան վիճակին հասնելու համար պայքարել են, տվել են իրենց բաժին զոհը, մաքառել են, չեն ընկրկել, չեն համակարպվել անարդարությանը, չեն հանդուրժել ամենաթողությունը, և այսօր վայելում են դրա պտուղները…
…Ի՞նչ ենք արել կամ ի՞նչ ենք անում մենք…
Կարող է թյուր կարծիք լինի կամ այդպիսի ընկալում ձևավորվի որոշ մարդկանց մոտ, որ ''Փաստաբանի օր'' ասվածն ընդամենը տարին մեկ անգամ բոլորով ''քեֆ'' անելու համար նշանակվելիք օր է, բայց ինձ համար այն ունի սկզբունքային և առանցքային նշանակություն` որպես փաստաբանության գաղափարաբանության հիմքում դրված արժեհամակարգի դրոշակի:
…Թեև Մարտին Լյութեր Քինգը փաստաբան չէր, բայց իր իրավապաշտպան գործունեության արդյունքում նա այնպիսի զարգացում ապահովեց քաղաքացիական իրավունքների ասպարեզում, որ նրա սպանությունից հետո ԱՄՆ-ում նրա ծննդյան օրը` հունվարի 20-ը, նշվում է որպես ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ:
Չեմ ցանկանում այլ օրինակներ ևս բերել, թեև դրանք բազմաթիվ են ու վստահ եմ` Ձեզ հայտնի…
Ես այլ հարց եմ փորձում օրակարգ բերել. 
-Արդյո՞ք փաստաբանությունը հենց նույն իրավապաշտպանությունը չէ /անգամ ''Փաստաբանության մասին'' ՀՀ օրենքով է այդպես ամրագրված, որ փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեության տեսակ է/, 
-Արդյո՞ք փաստաբանի առաքելությունը հենց իրավապաշտպանի, ասել է թե պայքարողի, մաքառողի, արժեքների համար կռիվ տվողի, նոր ու ազատ հասարակություն կերտելու դրոշակակրի առաքելություն չէ, 
-Վերջապես` արդյո՞ք փաստաբանի առաքելությունը հենց արժանապատիվ ապագայի պատասխանատվություն չէ:
Եթե համաձայն ենք այս բանաձևումների հետ, ինչո՞ւ ենք փորձում գտնել զուտ մեխանիկական, տեխնիկական լուծումներ /Օր. Քանի որ ''Փաստաբանության մասին'' ՀՀ օրենքն ընդունվել է այս ինչ օրը, ուրեմն թող ''Փաստաբանի օր''-ն էլ լինի այդ օրը, կամ այս կամ այն…և այլն, և այլն/:
Ես իհարկե հարգում եմ բոլորի կարծիքները` անկախ նրանից` համաձա՞յն եմ դրանց հետ, թե՞ ոչ, սակայն գտնում եմ, որ սա մի հարց է, որն իր հիմքում պետք է ունենա բովանդակային հիմնավորվածություն` խարսխված գաղափարաբանական փիլիսոփայությամբ…
Ինչո՞ւ չենք փորձում լինել ավելի ընդհանրական, ինչո՞ւ չենք փորձում դուրս գալ այս նեղ շրջանակից /Զուտ փաստաբանական համայնքից: Չմոռանանք` ամենից առաջ մենք քաղաքացիներ ենք/ և հայտ ներկայացնել փոխելու մի ամբողջ արմատացած փիլիսոփայություն, որի դառը պտուղները մինչև օրս կանգնած են մեր բոլորիս կոկորդին, ինչո՞ւ չենք փորձում նախահարձակ լինել ու վերցնել ապագայի պատասխանատվության բեռը ու փոխել մեր պատմության ընթացքը` դեպի բարեկեցիկ, արժանապատիվ ու իրավունքի գերակայության հիման վրա կառուցված պետություն…Ինչո՞ւ չենք փորձում փոխել մեր կյանքը դեպի ավելի լավը` սկսելով հենց ''Փաստաբանի օրից''…
Հ.Գ. Ես կարծում եմ, որ ''Փաստաբանի օր'' պետք է նշվի այն օրը, որը կխորդանշի որպես մարդու իրավունքների պաշտպանության համար, ազատության համար, արժանապատիվ բարեկեցության համար, իրավական ու դեմոկրատական պետության կառուցման համար պայքարի օր…
Այդպիսի օրեր Հայաստանի պատմության մեջ հնարավոր է գտնել և կան այդպիսի օրեր…

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика