Հրապարակումներ

Սիրելի զորակոչիկ 

Մինչև քեզ բարի ծառայություն մաղթելը, կցանկանայի մի քանի խոսքով անդրադառնալ զինվորական ծառայության առանձնահատկություններին և այն պատասխանատու առաքելությանը, որը պատրաստվում ես ստանձնել:

Երբեք չմոռանաս, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ինչն ամրագրված է ՀՀ սահմանադրության 46-րդ հոդվածով:

Հիշի՛ր, բանիմաց, խելացի, իր իրավունքներն ու պարտականությունները հստակ իմացող և իրացնող զինվորը մեր պետության վաղվա արժանապատիվ քաղաքացին է դառնալու:

 

Բանակի ապագան ինտելեկտուալ, գիտելիքի հիման վրա կառուցված բանակի կայացումն է: Բանիմաց, ոգեղեն, բարոյապես անաղարտ զինվորի կերպարը կարող է կերտվել միայն գրագետ, գիտելիքներով զինված զինվորի անձի մեջ:

Իսկ բանակում առանձնահատուկ կարգավիճակ է ստանում օրենքի ուժի և ոգու ուժի համադրումը: Հաջողվե՞ց քեզ սինթեզել այս երկու հատկանիշները, ուրեմն համարիր, որ քո ներդրումը բանակի զարգացման գործում անուրանալի է…

Դու պետք է իմանաս, որ պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, ովքեր ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում: 

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չեն այն անձինք, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն (նախաքննություն, դատաքննություն) կամ ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման` ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար և ազատազրկման վայրում պատիժը կրել են երեք տարուց ոչ պակաս: 

Իսկ նախկինում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց զորակոչելու կարգը սահմանում է պաշտպանության նախարարը:

Մեր երկրում տարին երկու անգամ Հանրապետության նախագահի հրամանագրով կատարվում է շարքային կազմի զորակոչ և զորացրում:

Չմոռանա՛ս, քո ծառայության ժամկետը 24 ամիս է: Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ այն կարող է երկարաձգվել 2 ամիս, իսկ առանձին զինծառայողների և նրանց խմբերինը (կազﬔրինը) պաշտպանության նախարարի հրամանով` 1 ամիս ժամկետով: 

Մի քանի հանգամանքների առկայության դեպքում ''Զինապարտության մասին'' ՀՀ օրենքը նախատեսել է զինծառայությունից ազատվելու իրավունք: Ըստ որի` զինծառայությունից կարող են ազատվել առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից, այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է, կառավարության որոշմամբ, մինչև ՀՀ քաղաքացիությունն ընդունելն oտարերկրյա պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացին, գիտության թեկնածուներն ու դոկտորները, եթե նրանք զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: 

Զորակոչիկներին և նրանց ծնողներին շատ հաճախ հետաքրքրում է, թե ո՞րն է համարվում բնակության վայրին մոտ գտնվող զորամասը, և ովքե՞ր կարող են ծառայել այնտեղ: 

Գործող օրենքով բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում Ձեր հաշվառման (իսկ հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրից մինչև 150 կմ տեղակայված զորամասը, որտեղ ծառայելու արտոնությունից կարող են օգտվել միայնակ և տարիքային կենսաթոշակի անցած կամ երրորդ խմբի հաշմանդամ հոր կամ մոր միակ զավակը, ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված oտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) հայր (մայր) կամ եղբայր (քույր) ունեցող զորակոչիկները, ամուսնացած և մեկ երեխ աունեցող զորակոչիկները, երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, ովքեր չունեն չափահաս քույր կամ եղբայր, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` այլ զորակոչիկները: 

Ձեզանից շատերի եղբայրներն այժմ ծառայում են բանակում և քիչ չեն այն զորակոչիկները, ովքեր ցանկանում են զորակոչվել այն զորամաս, որտեղ ծառայում են նրանք: Պետք է իմանալ, սակայն, որ միայն միաժամանակ զորակոչվող եղբայրներն են իրենց ցանկությամբ զորակոչվում միևնույն զորամաս:

Զորակոչի գործընթացում առանձնահատուկ հետաքրքրության դաշտում է գտնվում տարկետման տրամադրումների համակարգը:

ՀՀ օրենսդրությունը նախատեսել է ընտանեկան դրության բերումով, ուսումը շարունակելու նպատակով, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զորակոչից տարկետում տրամադրելու հիմքեր:

Փորձը ցույց է տալիս, որ եթե ուսման նպատակով տրվող տարկետման ժամանակ հազվադեպ են վիճահարույց հարցերը, ապա նույնը չի կարելի ասել ընտանեկան դրության բերումով և առողջական վիճակի պատճառով զորակոչից տարկետում տրամադրելու դեպքում:

Թեև ''Զինապարտության մասին'' ՀՀ օրենքով հստակ սահմանված են նշված հիմքերով տարկետում տրամադրելու հիմքերը, այդուհանդերձ, զորակոչիկների ծնողների մոտ երբեմն գերակշռում է սուբյեկտիվ ընկալում` կապված իրենց ընտանեկան կարգավիճակի կամ իրենց զավակների առողջական վիճակի մասին:

Այդուհանդերձ, անհրաժեշտ է իմանալ, ո րընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն ՀՀ քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինծառայության մեջ չգտնվող այլ զավակ: Իսկ անաշխատունակ ծնողներ են համարվում ծերության կենuաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը և մայրը, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը և մայրը, դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը և մայրը:

Բացի վերը նշվածից, օրենքով սահմանվել են ընտանեկան դրության բերումով տարկետման տրամադրման այլ հիմքեր ևս:

Կցանկանայի առանձնահատուկ հիշատակել ''Զինապարտության մասին'' ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում տալու մասին որոշումն ընդունում է պաշտպանության նախարարը` հանրապետական զորակոչային հանձնաժողովի եզրակացության առկայության դեպքում:

Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակի պատճառով տարկետում տրամադրելու հարցին, մինչ դրան անդրադառնալը, անհրաժեշտ է նշել, որ զինապարտների բժշկական փորձաքննության կարգը սահմանվում է պաշտպանության նախարարի 08.04.2013թ. N 410 հրամանով, որի բովանդակությանը կարող եք ծանոթանալ www.arlis.am ''Հայաստանի իրավական տեղեկատվության համակարգ'' ինտերնետային կայքում:

Դուք պետք է իմանաք նաև, որ ''Զինապարտության մասին'' ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով հստակ սահմանված է, որ զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

Հիշե՛ք, զորակոչիկների առողջական վիճակի մասին գրավոր եզրակացություն ներկայացնելու լիազորությամբ օժտված է ՀՀ կառավարության որոշմամբ կազմավորվող կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ), որը բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին (պաշտպանության նախարարին): Նրա հիմնական գործառույթներից են եզրակացություն տալ զորակոչիկի զինծառայության պիտանելիության մասին, վերահսկել զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների գործունեությունը, անհրաժեշտության դեպքում վերանայել նախկինում ընդունած իր որոշումները:

Հատուկ պետք է շեշտել, որ ԿԲՀ-ի որոշումները զորակոչիկների վերաբերյալ վերջնական են:

Սրանով հանդերձ, պետք է նշել, որ Դուք ունեք Ձեր վերաբերյալ ընդունված որոշումները բողոքարկելու, վերանայելու պահանջ ներկայացնելու մասին իրավունք` ընդհուպ դատական կարգով:

Սիրելի՛զորակոչիկ

Այս կարճ անդրադարձով հնարավոր չէ լիովին ներկայացնել զորակոչի գործընթացի կազմակերպման բոլոր նրբերանգները, այդուհանդերձ, հիշե՛ք, հասարակությունն ակնկալում է Ձեր մեջ տեսնել քաղաքացիական գիտակցությամբ օժտված անհատին` որպես հայոց բանակի մարտունակ զինվորի:

Բարի ծառայություն Ձեզ…

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն.ՆՈՐԻԿՅԱՆ

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика