Հրապարակումներ

Այսօր ԶԼՄ-ներով տարածվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի գրությունը, որով վերջինս իրազեկում է պատգամավորին, որ Մայիս Խաչատրյանը /Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբոր որդին/ 24.09.2004թ. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով 12 տարվա ազատազրկման և պատիժը կրել է 2004թ. մարտի 1-ից:
ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի 14.07.2010թ. ՆՀ-157-Ա հրամանագրով Մայիս Խաչատրյանին ներում է շնորհվել:

Որպեսզի ընթերցողի համար պարզ լինի, նշեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն` սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Փաստորեն ստացվել է այնպես, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը, ըստ էության, պատժի կեսը կրելուց հետո Հանրապետության նախագահի կողմից ներման արդյունքում ազատվել է պատժի հետագա կրումից:

Գիտե՛ք, առհասարակ, ինքս կարևորում եմ ներման ինստիտուտը, և գտնում եմ, որ ներելը առանձնահատուկ շնորհ է, որը պատիվ է բերում այն շնորհողին:
Սակայն այն ինչը կարելի է Ձևսին, ինչո՞ւ չի կարելի Եզին:
Իմ խորին համոզմամբ, Հանրապետության նախագահը միայն իր շրջապատի, իր թիմակիցների, իմ կուսակցության և իր ընկերների նախագահը չէ: 
Հանրապետության նախագահը բոլորի նախագահն է` անկախ սոցիալական, կուսակցական և այլ դիրքից ու պատկանելիությունից:
Եվ եթե նախագահը արդար չէ կամ արդար է միայն յուրայինների համար, այդ պետությունը և այդ հասարակությունը լրջագույն բարոյահոգեբանական ճգնաժամի առաջ է կանգնած:
Որպեսզի առավել առարկայական հնչի խոսքս, նշեմ, որ պաշտպանյալս /Հասկանալի պատճառներով չեմ կարող նշել անուն-ազգանունը/ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով` 104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված հանցագործության կատարման համար: 
2009թ. հոկտեմբերի 26-ից գտնվում է ազատազրկման մեջ: Հանցագործությունը կատարել է անչափահաս եղբոր հետ, ով այս պահին նույնպես պատիժ է կրում:
Հատկանշական է այն հանգամանքը, որ այս դեպքում դատավճռով ամրագրվել է, որ հանցագործությունը պայմանավորված է եղել նաև տուժողի վարքագծի հակաբարոյականությամբ:
Ինչևէ, իմ պաշտպանյալը երիտասարդ է, 26 տարեկան, մինչև դատապարտվելը նա եղել է պրակտիկ առողջ, և որևէ հիվանդությամբ չի տառապել: 
2011թ. հուլիս ամսին քրեակատարողական հիմնարկում նրա մոտ ախտորոշվել է ՄԻԱԿ վարակ: 2011թ-ից գտնվում է դիսպանսերային հսկողության տակ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում:
Նրա մոտ ախտորոշվել է ‘’ՄԻԱՎ վարակ, 4-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն’’:
Նրա առողջական վիճակը օրեցոր վատանում է: Բացի իր հիմնական հիվանդությունից, դժգոհում է իր հոգեբանական և նյարդաբանական վիճակից, անընդհատ գտնվում է լարված վիճակում, դարձել է հոգեպես անհավասարակշիռ, շուտ նյարդայնանում է, և ըստ էության, գտնվում է հոգեբանական ընկճված վիճակում:
3-րդ խմբի հաշմանդամ է, նյարդային համակարգն ախտահարված է, ու երկրորդային, ինչը բժիշկների համոզմամբ, ամենայն հավանականությամբ պայմանավորված է հիմնական հիվանդության, այսինքն` ՄԻԱՎ-ի հետ:
Նշեմ նաև, որ պաշտպանյալս մեծացել է առանց հայր, մայրն է խնամել:
Մայրն ունի առողջական լուրջ խնդիրներ: Բժշկական ցուցումով մշտապես գտնվում է նյարդաբանի և հոգեբույժի հսկողության տակ, ապրում է միայնակ, չունի խնամող, չի աշխատում:
2012թ. հունվար ամսին, հուսալքությունից դրդված, բնակարանի պատշգամբից նետվելու միջոցով, ըստ էության, ինքնասպանության միջոցով, փորձել է վերջ տալ իր կյանքին՝ համարելով այն անիմաստ ու ամբողջովին խաթարված: Ապրում է բժիշկների շնորհիվ:
Այժմ այս ամենը գրելու պատճառը. Պաշտպանյալիս մայրն արդեն երկրոդ տարին է, որ ներման խնդրագրով դիմում է Հանրապետության նախագահին` խնդրելով ներում շնորհել որդիներից գոնե մեկին, ով կարողանա գտնվել իր կողքին և հոգա իր հոգսերը, և երկու դեպքում էլ ստացել է մերժում:
…Ինչո՞ւ, պարոն նախագահ, ինչու՞ մի դեպքում նույն հանցագործության կատարման համար դատապարտված անձը կարող է արժանանալ Ձեր ներմանը, մյուս դեպքում, երբ 26 ամյա երիտասարդը գտնվում է մահամերձ վիճակում, անուշադրության է մատնվում Ձեր կողմից: Ինչո՞ւ է մեր երկրում լիցկաներին ամեն ինչ կարելի…
Ինչո՞ւ է ներման ինստիտուտն այսպես արժեզրկվել, ինչո՞ւ է կորել մարդկանց հավատը պետական ինստիտուտների նկատմամբ, պարո՛ն նախագահ…

Փաստաբան`
Ն. Նորիկյան

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика