Հրապարակումներ

Ս.թ. հունիսի 17-ին ''Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը'' իր կողմից հրավիրված նիստում որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման մասին, համաձայն որի` 2015 թվականի օգոստոսի 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով:

Ընդունված որոշման համաձայն` 0.38 ԿՎ լարման ցանցերից սնվող սպառողների, այդ թվում` տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը 1 ԿՎտժ-ի համար կկազմի  48.78 դրամ՝ նախկին 41.85  դրամի փոխարեն, գիշերային սակագինը ( ժամը 23.00-ից մինչեւ 7.00)` 38.78 դրամ՝ նախկին 31.85 դրամի փոխարեն:

 

6(10) ԿՎ լարման սպառողների համար ցերեկային նոր սակագինը կկազմի 45.78 դրամ/ԿՎտժ՝ նախկին 38.85 դրամ/ ԿՎտժ-ի փոխարեն, գիշերայինը` 35.78 դրամ/ԿՎտժ՝ 28.85 դրամ/ԿՎտժ-ի փոխարեն:

35 ԿՎ եւ բարձր լարման պարագայում ցերեկային սակագինը կկազմի  39.78 դրամ/կՎտժ՝ 32.85 դրամ/կՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը), գիշերայինը` 35.78 դրամ/ԿՎտժ` 28.85 դրամ/ԿՎտժ-ի փոխարեն (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը դիմել էր ''Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով''՝ հոսանքի սակագինը բաձրացնելու համար:

ՀԷՑ-ն առաջարկել էր 1 ԿՎտ-ի սակագինը բարձրացնելմինչեւ 58 եւ 48 դրամ (17 դրամով)՝ գիշերվա և ցերեկվա համար:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Էլեկտրոէներգիայի սակագնի նախորդ փոփոխությունը կատարվել է 2014 թվականի ամռանը։

''Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը'' 2014թ. հուլիսի 1-ին կայացած նիստում ընդունել էր որոշում, համաձայն որի`  օգոստոսի 1-ից 3.85 դրամով բարձրացվել էր էլեկտրոէներգիայի սակագինը։

Հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվել ընդունված որոշմանը, ավելին, արդեն մի քանի օր է, ինչ հազարավոր երիտասարդներ իրենց արդարացի բողոքի ձայնն են բարձրացրել` պահանջելով չեղյալ հայտարարել ընդունված որոշումը:

Հայտնելով իմ քաղաքացիական համերաշխությունը ներկայացված պահանջի նկատմամբ, միաժամանանակ, որպես փաստաբան, հարկ եմ համարում ստեղծված իրավիճակին անդրադառնալ նաև իրավական տեսանկյունից: Այսպես.

''Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին'' ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն`

1. Հանձնաժողովի իրավական ակտերը կարող են բողոքարկվել դատական կարգով:

2. Հանձնաժողովի սահմանած սակագնի մեծությունը դատական կարգով կարող է բողոքարկվել սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 7-օրյա ժամկետում:

Դատական կարգով բողոքարկումը չի կասեցնում սակագնի մեծությունը սահմանող հանձնաժողովի իրավական ակտի գործողությունը:

3. Սակագնի մեծությունը դատական կարգով բողոքարկվելու դեպքում դատարանը ստուգում է դրա համապատասխանությունն օրենքներին:

Օրենքների խախտման փաստի առկայության դեպքում դատարանն ընդունում է հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ` մատնանշելով հանձնաժողովի իրավական ակտի օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը` իրավակարգավորման այնպիսի միջոցների միաժամանակյա գործադրմամբ, որոնք հանձնաժողովին հնարավորություն կտան ողջամիտ ժամկետում ընդունելու սակագնի սահմանման մասին նոր որոշում:

Հանձնաժողովը քննարկում է դատարանի վճիռը և ընդունում համապատասխան որոշում:

4. Հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով փոփոխման ենթակա չեն:

Խնդրում եմ ուշադիր ընթերցել մատնանշված հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին: Անգամ դատարանն  իրավասու չէ փոփոխելու հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի մեծությունը:

Դատարանն իրավասու է ընդունել միայն հանձնաժողովի կողմից սակագնի սահմանման մասին նոր որոշում ընդունելու առաջարկության վերաբերյալ վճիռ…

Նկատի ունենալով, որ ''Իրավական ակտերի մասին'' ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի ուժով նշված հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը դասվում է նորմատիվ իրավական ակտերի շարքին, նույն օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում նախատեսված ժամկետներում:

Նույն օրենքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված վերադաս մարմնի որոշմամբ, եթե ընդունված իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

Համադրելով վերը նշվածը, գտնում ենք, որ ստեղծված փակուղային իրավիճակից այս պահին դուրս գալու երկու իրավական ճանապարհ կա.

1. Ս.թ. օգոստոսի 1-ից հետո 7 օրյա ժամկետում նշված որոշումը բողոքարկվում է դատական կարգով` հաշվի առնելով վերը նշված օրենքի պահանջը,

2.Նշված հանձնաժողովը չեղյալ է ճանաչում իր կողմից ընդունված որոշումը:

 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

 

 

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика