Հրապարակումներ

Նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգ ունեցող պետություններում առկա է ժողովրդավարական օրինակարգություն ունեցող երկու ինստիտուտ` նախագահը և խորհրդարանը:
Թեև Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին այդպիսի խնդիր չի առաջացել /բացառություն կարող է կազմել միայն 1998թ. փետրվարյան ժամանակաշրջանը, երբ պառլամենտի նախագահամետ մեծամասնությունը մեկ օրվա ընթացքում փոխեց իր քաղաքական օրիենտացիան, սակայն նշվածը բոլորովին այլ հարթության վրա քննարկվող նյութ է/, այդուհանդերձ, հիպոթետիկ առումով, եթե խորհրադարանի մեծամասնությունը որևէ սկզբունքային հարցի վերաբերյալ ցուցաբերի այլ մոտեցում, քան նախագահը, ապա հարց է առաջանում, թե այդ երկու ինտիտուտներից ո՞վ է ավելի շատ օրինակարգված խոսելու ժողովրդի անունից՝ նախագա՞հը թե խորհրդարանը:

 

Գործող իրավակարգավորումների շրջանակում Հանրապետության նախագահը ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ու կարգով արձակում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ ընտրություն:
Ի դեպ, սահմանադրության 74.1-րդ հոդվածով հստակորեն ամրագրված են կոնկրետ դեպքեր, երբ նախագահը կարող է արձակել Ազգային Ժողովը:
Իսկ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել միայն պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Մեր քննարկման նյութում խոսքը բոլորովին այլ խնդրի մասին է:
Պայմանականորեն, եթե Արցախի խնդրի կարգավորման շուրջ նախագահը ունենա այլ պատկերացում, իսկ Ազգային Ժողովը` այլ, նրանցից ո՞վ է ավելի շատ օրինակարգված խոսելու ժողովրդի անունից: Պարզ ասած, ո՞վ ավելի շատ իրավունք ունի խոսելու ժողովրդի անունից, եթե երկուսն էլ ընտրվել են նույն ժողովրդի կողմից…
Մեծ հաշվով, գործող սահմանադրությունը պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչպես պետք է լուծվի քաղաքական անհամաձայնությունն այս դեպքում:
Համաձայնե՛ք, սա այն դեպքը չէ, որ նախագահը մեղադրվի պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար, կամ պառլամենտը կատարած չլինի սահմանադրության 74.1-ի պահանջները, որը հիմք կտա նախագահին լուծարելու այն և ըստ էության կարգավորելու կոնֆլիկտը:
Խոսքը գնում է երկու ինստիտուտների կողմից առանցքային հարցի կամ հարցերի շուրջ սկզբունքային անհամաձայնության մասին, իսկ դա ոչ դավաճանություն է, ոչ էլ պարտականությունների չկատարում: Դա ընդամենը հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումների առկայություն է…
Կլուծվի՞ խնդիրը կառավարման համակարգի փոփոխությունից հետո, ցույց կտա ժամանակը: 
Այդուհանդերձ, անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալ հանգամանքը.
Թեև խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում այդպիսի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ միայն օրենսդիր մարմինն է ուղղակիորեն ընտրվում ժողովրդի կողմից, և գործադիրը, մեծ հաշվով կախված է լինելու խորհրդարանի վստահությունից, այնուամենայնիվ, նկատի ունենալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի միջոցով օրենսդիր մարմնի ընտրության հանգամանքը, լրջագույն ռիսկային գործոն է հանդիսանալու դեռևս չզարգացած, ես կասեի` չկայացած կուսակցությունների միջոցով պառլամենտ ներթափանցող կասկածելի հեղինակություն ունեցող անձանց և օլիգարխների լուծման տիրույթ թողնել երկրի առանցքային հարցերը, մանավանդ որ այդ մարդիկ պառլամենտ են թափանցելու բացառապես իրենց անձնական շահերը սպասարկելու նպատակով: Իսկ որ այդպիսի մարդիկ լինելու են, գոնե ես չեմ կասկածում…
Ուզենք թե չուզենք, պետք է խոստովանենք, որ Հայաստանի քաղաքական համակարգը, ցավոք սրտի, կայացած չէ, չունի անհրաժեշտ քաղաքական փորձառություն, ավելին` կուսակցությունների զարգացումը սոցիալապես ծանր պայմաններում գտնվող երկրում, որտեղ շրջում է պատերազմի ու խաղաղության ուրվականը, գտնվում է ամենաստորին սանդղակում…
Ի՞նչ կլինի հետո, անգամ ամենալավատես մարդիկ են խուսափում այս հարցին կոնկրետ պատասխանելուց…

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика