Հրապարակումներ

Ս.թ. սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում նախագահ Ս. Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին և վերջին օրերի ընթացքում այդ պետության կողմից ՀՀ պետական և ԼՂՀ պետական սահմանների գնդակոծություններին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ և զինծառայողներ, տառացիորեն հայտարարեց հետևյալը.
…Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից է:

Քննարկման այլ տիրույթում է գտնվում արտաբերված մտքի քաղաքական վերլուծությունը, և չեմ բացառում, որ այն այս կամ այն ‘’շահագրգիռ’’ խմբերին կամ պետություններին ուղղված ազդանշան էր` ինչ-ինչ քաղաքական հաշվարկների հիման վրա, ինչ-ինչ քաղաքական իրողություններից ելնելով և ինչ-ինչ քաղաքական նպատակներ հետապնդելով…
Սույն վերլուծությամբ մենք այլ խնդիր ենք քննության առարկա դարձնում և մեր խնդիրն ենք համարում անդրադառնալ բացառապես ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական համագործակցության իրավական կարգավորման մեխանիզմներին, ինչը, մեր խորին համոզմամբ, պակաս կարևոր չէ, քան բուն քաղաքական գործընթացը:
Փորձենք հասկանալ, թե այդպիսի միտք արտահայտելու համար, արդյո՞ք, առկա են դրա հիմքերը, և եթե այո, ապա որո՞նք են դրանք…Այսպես.
1991թ. սեպտեմբերի 2-ին դեռևս ԽՍՀՄ գոյության պայմաններում Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը:
Նույն թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով ԼՂՀ բնակչության ճնշող մեծամասնությունը արտահայտվում է ԼՂՀ անկախության օգտին:
Զուտ հետաքրքրության համար ընդգծենք, որ հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ, որոնցից 24-ը դեմ է քվեարկել անկախության օգտին:
ԼՂՀ-ն ունի իր սահմանադրությունը, որի առաջին հոդվածի համաձայն`այն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ԼՂՀ-ն ունի անկախ պետություններին բոնորոշ անհրաժեշտ բոլոր պետական կազմավորումները` այդ թվում նախագահ, ազգային ժողով, կառավարություն, դատական իշխանություն, տեղական ինքնակառավարման համակարգ, զինված ուժեր և այլն, ինչը նշանակում է, որ 1991-ից մինչ օրս հաջողվել է ձևավորել ու կայացնել այնպիսի պետական կազմավորում, որն ապահովել է անկախ պետությանը հարիր թե՛ գործելակերպ, և թե՛ սկզբունքներ:
Իմ խորին համոզմամբ, պետք է հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի անցած ճանապարհը, ինչպես նաև ընտրած ուղին և նրանց կողմից ընդունված որոշումները, այլ կերպ ասած` պետք է հաշվի նստել ԼՂՀ անկախության և պետականության իրողության հետ և փորձել անել հնարավորը` այն միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելու համար…
1991-1994թթ պատերազմի արդյունքը հայտնի է: Միայն արձանագրենք երկու հատկանշական և, մեր կարծիքով, կարևորագույն հանգամանք.
1994թ. մայիս ամսին ‘’Հրադադարի մասին’’ պայմանագրով, /Պայմանագիրը ստորագրել են. Ադրբեջանի կողմից` Մ. Ի. Մամեդովը` 1994 թվականի մայիսի 9-ին Բաքվում, Հայաստանի անունից` Ս. Սարգսյանը` մայիսի 10-ին Երևանում, ԼՂՀ անունից` Ս. Բաբայանը` մայիսի 11-ին Ստեփանակերտում/ կողմերը, արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` համաձայնել են ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: 
Սա միակ փաստաթուղթն է, որով հաստատվել է զինադադար:
Անցնող 21 տարիներին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մասնակցել և մասնակցում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, սակայն, ցավոք, որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել:
Հակառակը, նշմարվում են առավել բացասական միտումներ, որ Ադրբեջանը գնալով հակվում է այն մտքին, որ հարցը պետք է կարգավորվի ռազմական ճանապարհով:
Իս սա նշանակում է պատերազմ:
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, այս տարիների ընթացքում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, բացի ռազմաքաղաքական խնդիրներ լուծելուց, ստեղծել է նաև համապատասխան իրավական մեխանիզմներ` ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այսպես`
ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության /այսուհետ` ռազմավարություն/ 1-ին գլխի 3-րդ կետի 2-րդ ենթակետով արձանագրված է, որ ՀՀ ազգային անվտանգության առանցքային խնդիրն է ԼՂՀ հակամարտության կարգավորումը: 
Համաձայն վերը նշված փաստաթղթի, ՀՀ եւ ԼՂՀ հանդեպ Ադրբեջանի Հանրապետության կողմից զինված ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները դիտարկվում են որպես արտաքին անմիջական սպառնալիք: 
Ավելին, իրադարձությունների սցենարը հիշատակված ձեւով զարգացում ապրելու պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հետեւաբար, ՀՀ-ն, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում: 
Ռազմավարության 3-րդ գլխի 1-ին մասով ամրագրված է, որ ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորը: 
Գիտակցելով այս հանգամանքը` ռազմավարության մեջ արտացոլվել է այն դրույթը, որ Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է ՀՀ սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:
Այսինքն, ՀՀ-ն՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ստանձնել է ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովողի առաքելությունը՝ դրա իրագործման միջոց համարելով նաև իր զինված ուժերը: 
Ավելին, ռազմավարության ողջ երրորդ գլուխը վերաբերում է հենց ԼՂՀ-ին, որում սևով սպիտակի վրա արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: 
Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:
Նույն պարբերության մեջ տեղ է գտել ոչ պակաս կարևոր ձևակերպում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է` այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով: 
Ուստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն: 
Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաեւ, որ 2007թ. դեկտեմբերի 25-ին ՆՀ-308-Ն հրամանագրով ՀՀ նախագահի կողմից հաստատված ՀՀ ռազմական դոկտրինով ամրագրվել է, որ ՀՀ-ն ԼՂՀ ժողովրդի անվտանգության եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխավորն ու աջակիցն է: 
Աջակցություն ասվածի տակ, ի թիվս այլոց, միանշանակ պետք է հասկանալ նաեւ աջակցությունը բոլոր առումներով, այդ թվում` մարդկային ռեսուրսի տեսքով, ինչը բխում է ՀՀ ռազմական դոկտրինով սահմանված՝ 1988-94թթ. ԼՂՀ ժողովրդի՝ օրինական եւ խաղաղ ճանապարհով ինքնորոշվելու ձգտմանը ռազմական ուժ հակադրելու եւ նրան պարտադրված պատերազմի մեջ ներքաշելու Ադրբեջանի Հանրապետության քաղաքականությունից, ԼՂՀ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի Հանրապետության ձգտումներով պայմանավորված՝ մշտապես ֆիզիկական բնաջնջման վտանգի ենթակա ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովման խնդիրների փոխկապակցվածությունից ու ընդհանրական ընկալումից: 
Նկատենք նաեւ, որ ՀՀ ռազմական դոկտրինի 4-րդ գլխի 16-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ ՀՀ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության, ՀՀ եւ ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման ռազմական նպատակներից է բազմակողմ եւ երկկողմ հավասարակշռված ռազմական համագործակցության զարգացումը ԼՂՀ հետ: 
Այսպիսով, պետք է փաստել, որ ՀՀ-ն իր բոլոր ռեսուրսները, այդ թվում եւ մարդկային ներուժը կարող է ներդնել ԼՂՀ բնակչության ֆիզիկական անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական ներուժի ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների կազմակերպման գործում:
Այլ կերպ ասած` Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ձևավորել է թե՛ ռազմաքաղաքական և թե՛ իրավական բոլոր մեխանիզմները` ընդգծելու, որ ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգությունն անշեղորեն խարսխված է ՀՀ անվտանգության հետ, և անհրաժեշտության դեպքում` Հայաստանը կձեռնարկի համապատասխան միջոցներ` իր անվտանգությունն ապահովելու նպատակով…

 

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика