Հրապարակումներ

Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահը ս.թ. հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015թ. դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:
‘’Հանրաքվեի մասին’’ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձևերով և միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հեղինակը, ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը), կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` քարոզչությունն սկսվում է հանրաքվե անցկացնելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ:
Սա նշանակում է, որ պաշտոնական քարոզչությունն սկսվել է այսօր և ավարտվելու է ս.թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 24:00-ին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ ‘’Հանրաքվեի մասին’’ ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ Ազգային Ժողովի խմբակցությունները հնարավորություն ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե:
Ավելին` խմբակցությունները կարող են վճարովի հիմունքներով օգտվել նույն հեռուստաընկերության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:
Սա նշանակում է, որ ՀՀ Ազգային Ժողովի յուրաքանչյուր խմբակցություն հնարավորություն ունի հանրային հեռուստատեսությամբ շուրջ 180 րոպե, իսկ հանրային ռադիոյով` 300 րոպե տևողությամբ քարոզել և ներկայացնել իր դիրքորոշումը հանրաքվեի դրված սահմանադրության փոփոխությունների մասին:
Հատկանշական է, որ խմբակցություններն իրենց այդ իրավունքը կարող են իրացնել դեկտեմբերի 6-ին նախորդող 30 օրյա ընթացքում:
Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ‘’Հանրաքվեի մասին’’ ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և համայնքային պաշտոններ զբաղեցնողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս, սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողներին, զինծառայողներին, հանրաքվեի հանձնաժողովի անդամներին, բարեգործական և կրոնական կազմակերպություններին, օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին:
Նույն օրենքով արգելվում է անանուն քարոզչական նյութեր տարածելը:
Առանձնահատուկ կերպով հարկ ենք համարում ընդգծել, որ քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը քարոզչություն կատարողներին արգելվում է. 
-քաղաքացիներին ցանկացած եղանակով անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ.
Մեր քաղաքացիները պետք է իմանան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված ազատազրկման տեսքով մինչև հինգ տարի ժամկետով բոլոր այն անձանց համար, ովքեր կփորձեն գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից և անձին ազատությունից զրկելով խոչընդոտել քաղաքացու հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին, ինչպես նաև հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազորած անձի լիազորությունների իրականացմանը:
Կարևոր ենք համարում նշել նաև, որ ‘’Հանրաքվեի մասին’’ ՀՀ օրենքով սահմանված է նաև դիտորդական առաքելության իրավունքը:
Այսպես, հիշատակված օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն կուսակցությունները, միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր:
Բացի այդ, անհրաժեշտ է իմանալ, որ Ազգային ժողովի խմբակցությունները (պատգամավորական խմբերը) և հանրաքվե նախաձեռնողը կարող են ունենալ վստահված անձինք, ովքեր կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, հանրաքվեի հանձնաժողովի անդամները:
Բացի այդ, քվեարկության մասնակիցները պետք է իմանան, որ եթե համաձայն են ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում կենտրոնական հանձնաժողովի սահմանած ձևով պետք նշում կատարի է ‘’ԱՅՈ’’ բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` ‘’ՈՉ’ բառի դիմացի դատարկ քառանկյունում:
Իսկ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քվեարկության մասնակիցն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ: 
Շատ կարևոր է իմանալ, որ անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ անձի: 
Բացի այդ, հարկ ենք համարում ընդգծել, որ բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։

Հ.Գ. Սույն համառոտ իրազեկման բացառիկ նպատակը ՀՀ քաղաքացիներին իրենց իրավունքների մասին առավելագույնս տեղեկացնելն է, այն հստակ համոզմունքով, որ իրազեկ, իր իրավունքներին քաջատեղյակ քաղաքացին առավել պատասխանտվության գիտակցումով կմասնակցի հանրաքվեին և իր դիրքորոշմամբ կուղենշի մեր պետության առաջիկա տասնամյակների զարգացման ուղենիշը:
Իրավունքի գերակայության հիմքի վրա կառուցված իրավական պետությունն այլընտրանք չունի…

 

 

ՓԱՍՏԱԲԱՆ` Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика