Հրապարակումներ

Զինված ուժերում զինծառայողների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող կոնֆլիկտները հասարակության ուշադրությունն են գրավում հիմնականում այն դեպքերում, երբ կոնֆլիկտի մակարդակը ուղեկցվում է բռնությամբ կամ կոնֆլիկտը, որպես արձանագրված փաստ, ենթակա է լինում քրեաիրավական գնահատականի, և դրա մեջ ընդգրկված անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Պետք է խոստովանել, որ զինծառայողների միջև կոնֆլիկտային իրավիճակներն ու դրանց սրության մակարդակն այս կամ այն չափով և ուղղակիորեն ազդում են բանակի մարտունակության վրա, ինչու չէ, ինչ-որ չափով խարխլում նաև բանակի համբավը:

Հասարակությունն օբյեկտիվորեն բանակի առջև պատասխանատվության բարձր չափանիշներ է դրել` երբեմն ցուցաբերելով իսկապես անհանդուրժողականություն անգամ փոքր զանցանքների դեպքում:
Եվ դա բնական է, քանի որ բանակը հանդիսանում է պետության ամենառազմականացված կառույցը, որն օժտված է հատուկ առաքելությամբ և պետական ծառայության հատուկ տեսակ է` իր ողջ առանձնահատկություններով հանդերձ, որի ճնշող մեծամասնությունը կազմում են երիտասարդները:
Ասել է, թե` հասարակությունն առավելագույնս ընդգծված պահանջկոտություն է ցուցաբերում այնտեղ, որտեղ հավաքված են զենք կրող երիտասարդները` ակնկալելով, որ նրանց նկատմամբ ցուցաբերվի հավելյալ ուշադրություն, խնամք և հոգատարություն…
Սոցիոլոգիական գիտության մեջ հայտնի տեսակետ կա, որ կոնֆլիկտների լուծումն ու դրանց հետևանքների շտկումը շատ ավելի բարդ է, քան` կոնֆլիկտների կանխարգելումը` դրանց հնարավոր պատճառների վաղօրոք բացահայտումն ու շտկումը: 
Ես համաձայն եմ այս տեսակետի հետ, և գտնում եմ, որ պետք է գտնվեն հնարավոր բոլոր միջոցները` նախևառաջ կոնֆլիկտը կանխարգելելու համար:
Այդ միջոցներից մեկը համարում եմ անձնակազմի միջև /շարքայինից մինչև գեներալ/ փոխադարձ կապի առկայությունն ու ամրապնդումը:
Անհրաժեշտ է գիտակցել, որ ցանկացած համակարգի, իսկ զինված ուժերում` հատկապես, գործունեության արդյունավետությունը պայմանավորված է այդ համակարգի բոլոր տարրերի փոխադարձ կապվածության գործոնով, ուստի համակարգի բաղկացուցիչ տարրերի միջև կոնֆլիկտները, կապի խզումը կամ համագործակցության անարդյունավետությունը բերում են ամբողջ համակարգի գործունեության անարդյունավետությանն ու վերջին հաշվով` կարող են համակարգի փլուզման իրական սպառնալիք ստեղծել:
Պարզ լեզվով ասած, եթե զինծառայողների մեջ առաջանա փոխադարձ կապի խզում, այն միանգամից կանդրադառնա փոխադարձ վստահության մակարդակի վրա, և աստիճանաբար կվերածվի զրոյական մակարդակի, ինչը պարարտ հող կստեղծի զինծառայողների շրջանում կոնֆլիկտի ծագման համար:
Հետևաբար, զինծառայողների միջև փոխադարձ կապի ապահովումը պետք է դիտարկվի առաջանահերթ` թեկուզև մարդկային հարաբերությունների տեսանկյունից, որպեսզի այն ծառայի նաև որպես կոնֆլիկտներից զերծ պահելու միջոց:
Իսկ փոխադարձ կապ ասելով պետք է հասկանալ ամենից առաջ միմյանց հանդեպ բարեկրթության վարքականոնի պահպանումը /որևէ գեներալ չպետք է վատ զգա` իր ենթակային բարևելուց, նրա որպիսությունը հարցնելուց, նրա խնդիրների մեջ խորամուխ լինելուց լուծելուց և այլն/, ցանկացած ենթակա զինծառայող պետք է հարգալից լինի վերադաս հրամանատարության առջև` կատարելով իր առջև դրված առաջադրանքը, և վերջապես` ամեն մի զինծառայողի մեջ պետք է գնահատել նրա մարդկային որակները` երբեք չոտնահարելով նրա արժանապատվությունը` հանուն այն ընդհանուր նպատակների ու գաղափարների, որոնք ապահովում ու պայմանավորում են բանակի մարտունակությունն ու բարոյահոգեբանական վիճակը:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика