Հրապարակումներ

ՀՀ Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ահազանգում են, որ ՀՀ քրեակատարողական վարչության կողմից արգելվում է իրենց տեսակցել քրեակատարողական հիմնարկներում գտնվող «Սասնա ծռեր» խմբի եւ այդ դեպքերի հետ կապված կալանավորված այլ անձանց հետ:
Նշված հարցը կարգավորվում է ՛՛Ձերբակալված և կալանավորվածանձանց պահելու մասին՛՛ ՀՀ օրենքով:
Մասնավորապես՝ նշված օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը, որը տվյալ դեպքում հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարը:

Նույն հոդվածի համաձայն՝ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝ ՀՀ Նախագահը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ սահմանադրական դատարանի և վճռաբեկ դատարանների նախագահները, ՀՀ ԱԺ պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը:

Սա նշանակում է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորը ցանկացած ժամանակ կարող է անարգել մուտք ու ելք կատարել ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր, և այդ իրավունքն իրացնելիս որևէ մեկը չի կարող խոչընդոտել նրանց:

Միաժամանակ, նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Դատելով ահազանգերից՝ ենթադրվում է, որ վարույթն իրականացնող մարմինը արգելել է ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունը, որի պատճառաբանությամբ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները թույլ չեն տալիս Ազգային Ժողովի պատգամավորներին հանդիպել կալանավորված անձանց:

Տվյալ դեպքում անհրաժեշտ է հասկանալ, թե արդյո՞ք, ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունքը ինքնին ենթադրում է նաև անարգել տեսակցություն ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ հարցը որևէ նորմատիվ ակտով կարգավորված չէ, այսինքն խնդիրը բաց է, ինչը թույլ է տալիս քրեակատարողական ծառայությանը յուրովի մեկնաբանել իրավական հիշատակված նորմը:

Այդուհանդերձ, անգամ եթե առկա է վարույթն իրականացնող մարմնի կողմից տեսակցությունների արգելման մասին որոշում, վերջիններս պարտավոր են պարզաբանել և հստակորեն պատճառաբանել, թե ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների տեսակցությունը կալանավորված անձանց հետ ինչո՞վ է հակասում քննության շահերին:

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика