Հրապարակումներ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ս.թ. հոկտեմբերի 19-ին նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար հրապարակավ առաջարկեց անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի hակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաեւ հետադարձ ուժով:

Ձեռնպահ մնալով հնչեցված առաջարկի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց՝ մեր խնդիրն ենք համարում հարցի վերաբերյալ կատարել իրավական վերլուծություն՝ հասկանալու համար խնդրի բոլոր բաղադրիչները:

Նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՄԱԿ-ի ՛՛Կոռուպցիայի դեմ կոնվենցիան՛՛ ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում:

Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին:

 

ՀՀ սահմանադրական դատարանի 30.06.2006թ. թիվ ՍԴՈ-641 որոշմամբ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ կոնվենցիան վավերացվել է 2006թ. հոկտեմբերի 23-ին:

Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ից:

Կոնվենցիայի վավերացման ողջ գործընթացում որևէ դրույթի կամ հոդվածի՝ այդ թվում և հիշատակված 20-րդ հոդվածի առնչությամբ կամ վերաբերյալ որևէ վերապահում չի արվել:

Կոնվենցիան ՀՀ կողմից ընդունվել է ամբողջությամբ:

Հետևաբար, 2007թ. ապրիլի 7-ից նշված կոնվենցիան ՀՀ-ում գործում է ամբողջությամբ և ամբողջ ծավալով, այդ թվում և 20-րդ հոդվածը:

Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝  Իր սահմանադրությունը և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։

Անհրաժեշտ է նշել, որ 2005թ. ընդունված և մինչև 2016թ. հունվարի մեկը ուժի մեջ եղած սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

Գործող սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս հետևյալ հետևությանը.

1.Կոնվենցիայի 20-րդ հոդվածը վավերացնելու կարիք չկա, քանի որ այն սահմանված կարգով վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ մտել 2007թ. ապրիլի 7-ից:

2.Կոնվենցիան ամբողջությամբ հանդիսանում է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, և եթե անգամ նրանում սահմանվել են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, 2005թ. ընդունված սահմանադրության ուժով պետք է կիրառվեին այդ նորմերը:

3.2007թ. ապրիլի 7-ից չեն կատարվել կոնվենցիայի 20-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ չի քրեականացվել անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվել է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։

Վերը նշվածն, անշուշտ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվել կոնվենցիայի պահանջները, ովքե՞ր են պատասխանատու այս հարցում, և այս կոպիտ բացթողման համար որևէ մեկը կենթարկվի՞, արդյոք, պատասխանատվության, թե՞ ոչ, արդյո՞ք այն չի կատարվել դիտավորությամբ, թե՞ գործ ունենք պետական համակարգի կլասիկ անփութության հետ, արդյո՞ք այսպիսի բացթողումը չի նպաստել կոռուպցիայի ծավալների աճին և հարյուրավոր մարդիկ չեն օգտվել այս սողանցքից ու հարստացել ապօրինի, և վերջապես, եթե ինքներս մեզ համարում ենք անկախ պետություն, դասվում ենք միջազգային իրավունքի սուբյեկտների թվին, ստանձնում ենք միջազգային պարտավորություններ և ընդունում ենք խաղի որոշակի կանոններ, ինչո՞ւ ուրեմն խաղի այդ կանոնները չենք դարձնում մեզ համար հասարակական հարաբերությունները կարգավորող նորմեր…

Մնում է շնորհակալ լինել, որ 10 տարի անց նոր միայն փորձ է արվում առաջ շարժվել…

 

Հ.Գ. Կա մտավախություն, որ այսպիսի տասնյակ կամ հարյուրավոր պայմանագրեր կարող են լինել, որոնց պահանջները չեն կատարվում:

Ի՞նչ է ստացվում: Միլիոնավոր դոլլարներ են ծախսվում միջազգային կառույցներին անդամակցման, դրանց գործունեությանը մասնակցելու և այլ գործընթացներին ներգրաված լինելու համար, չհաշված միջազգային կառույցներում ՀՀ-ն ներկայացնող անձանց վարձատրության և այլ ծախսերը, որ կատարվում են ՀՀ պետական բյուջեից, սակայն նույն այդ գործունեության արդյունքում ընդունված միջազգային պայմանագրերը, որոնց միանում է մեր երկիրը, մնում են պետական հիմնարկների դարակներում՝ որպես վաղվա մակուլատուրա…

Սրտացավության պակաս կա մեր երկրում: Մի քիչ սիրենք մեր երկիրը և մեր ժողովրդին, ազնիվ խոսք, ամեն ինչ այլ կլինի…

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика