Հրապարակումներ

Հարգելի՛բարեկամներ

2016 թվականը բավականին հագեցած տարի էր մեր գրասենյակի համար: Աշխատանքային գործունեության ընթացքում և՛ հասարակական գործունեության դաշտում փորձել ենք լինել առավելագույնս ակտիվ, կարևորագույն հարցերի նկատմամբ արտահայտել ենք մեր հստակ դիրքորոշումները` ցուցաբերելով, ըստ էության, քաղաքացիական կեցվածք:

Տարվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով հրավիրվել են մամլո ասուլիսներ: Այսպես.

            1.Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի կողմից 2015թ. հունվարի 12-ին յոթ հոգանոց ընտանիքի գնդակահարության վերաբերյալ ս.թ. հունվար 12-ին հրավիրվել է մամլո ասուլիս, որի ընթացքում մանրամասն իրավական գնահատականներ են տրվել կատարված հանցագործությանն ու հետագայում իրականացված քայլերի վերաբերյալ,

            2. «Սոցփաթեթի հանգստի բաղադրիչի կասեցում. պատճառներն ու հետեւանքները՛՛ թեմայով մամլո ասուլիսի հրավիրում, որի ընթացքում ներկայացվել է ոլորտի հիմնախնդիրները:

            3. Նոր ընտրական օրենսգրքի առանձին դրույթների վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներով մի քանի անգամ տրվել են կոնկրետ իրավական գնահատականներ և արտահայտվել հստակ դիրքորոշումներ:

            Բացի այդ, դատաիրավական համակարգի հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներով ներկայացվել է մեր դիրքորոշումը:

            Հարգելի՛բարեկամներ

            2016թ., աշխատանքի բնույթից ելնելով, շփվել ենք բազմաթիվ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց հոգսերին ու խնդիրներին:

            Առանց չափազանցության, իսկապես բարդ ու դժվար է փաստաբանի աշխատանքը` երբեմն նյարդ քայքայող, երբեմն` անշնորհակալ, երբեմն հիասթափվում ես, երբ տեսնում ես անարդարություն, կամայականություն, անպատասխանատվություն, դատավորի քամահրական ու դատախազի չարդարացված ինքնավստահ պահվածք, վստահորդի՝ երբեմն հիմնավոր, երբեմն՝ անհիմն դժգոհություն, սակայն այն առաքելությունը, որ կրում ես, քեզ զգաստացնում է ու ստիպում դիմակայել ամեն մի փորձության և պատվով կատարել այն:

            Երիցս համոզվեցի, որ իրավունքը նվաճվում է համառության, տքնաջան աշխատանքի, հաստատակամության ու հետևողականության արդյունքում:

            Ցավոք սրտի, ես մնում եմ այն համոզմանը, որ մեր երկրում մարդու իրավունքների վիճակը, արդարադատության գաղափարի նկատմամբ դատական համակարգում գերիշխող մտայնությունը, մեղմ ասած, գտնվում է անբավարար վիճակում:

            Բառիս բուն իմաստով արժեզրկված ու բռնաբարված է դատաքննության ողջամիտ ժամկետի գափափարը:

            Դատաիրավական համակարգում ինձ համար հարցերի հարցը մնում է քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակը: Ես պնդում եմ, որ ըստ էության, չի գործում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կամ գործում է ընտիրովիաբար:

            ԴԱՀԿ ծառայության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ նույնը. ՀՀ վարչական դատարանի կողմից շուրջ 8 ամիս առաջ կատարողական թերթ է տրամադրվել, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմնից ապացույց ներկայացվի դատարան, սակայն մինչ օրս ԴԱՀԿ ծառայությունը չի բարեհաճում կատարել այն:

Բավականին խնդրահարույց են զինծառայողների իրավունքների տոտալ խախտումները՝ սկսած քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղի ունեցող ապօրինի գործողություններից, վերջացրած նրանով, որ հատուկ պետական ծառայություն իրականացնող բազմաթիվ անձինք չեն կարողանում իրենց հայեցողությամբ անցնել այլ աշխատանքի:

            Գիտեք, ես իսկապես կողջունեմ, երբ նկատեմ ու զգամ, որ քննիչն ինքնուրույն պետական պաշտոնատար անձ է և վախեցած չէ ''վերադասից'', որ նա գիտակցում է, որ ինքը հատուկ կարգավիճակ ունեցող պաշտոնյա է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:

            Ես իսկապես կողջունեմ, եթե որևէ դատախազ իր որոշումների համար պատարստ լինի պատասխան տալ անձամբ, ոչ թե  ամեն մի աննշան խնդրի լուծման դեպքում էլ ենթատեքստով հասկացնի, որ իր բոլոր որոշումները կապված են ''բարձրյալի'' տրամադրությունից:

            Ես իսկապես կողջունեմ, երբ դատական համակարգն իրապես ձերբազատվի հայեցողական ու ընտրովի արդարադատությունից, և իսկապես իր կոչմանը հավատարիմ, իրականացնի իր սահմանադրական գործառույթը:

            Հարգելի՛բարեկամներ,

            Ես պարտավորված եմ ինձ համարում` հասարակությանը, ինձ ճանաչողներին, իմ ընկերներին, իմ բարեկամներին և հարազատներին ներկայացնել յուրովի հաշվետվություն` մեր գրասենյակի 2016թ. կատարված աշխատանքի համար, ինչը և անում եմ ամենայն պատասխանատվությամբ:

            Աշխատանքային գործունեության ընթացիկ տարվա մեր գրասենյակի ամփոփումը, եթե դրա հիմքում որպես ելակետային տվյալ վերցնենք մեր գրասենյակ մուտք եղած գործերի վերջնական արդյունքները, մեզ համար գոհացուցիչ են:

            Գրասենյակ դիմած քաղաքացիների ճնշող մեծամասնության հարցերի վերջնական ընթացքն ավարտվել էդրական լուծմամբ, ինչն, ամենի ցառաջ, մեզ համար առավել պարտավորեցնող է հետագա գործունեության համար:

            Մեր հաջողված գործերի շարքին են դասվում 50-ից ավել ՀՀ Զինված ուժերի զինծառայողների իրավունքների վերականգնման հարցերը` դատական պաշտպանության միջոցով, զորակոչիկների իրավունքների վերականգնման ասպարեզում իրականացված խորհրդատվական աշխատանքները:

            Մենք կիսել ենք դատարանի դահլիճից ազատված պաշտպանյալի ուրախ հույզերը, օգնել ենք մայրերին՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքները, օգնել ենք տասնյակից ավելքաղաքացիների՝ պաշտպանելու իրենց սեփականության իրավունքը և այլն և այլն…

            Հարգելի՛բարեկամներ

            2017թ. համարում ենք էլ ավելի պատասխանատու և էլ ավելի կարևոր քայլերի իրագործման տարի:

            Մեր գրասենյակը կշարունակի հետևողականորեն պաշտպանել զինծառայողների իրավունքները և ներկայացնել նրանց շահերը, մենք ավելի հետևողական կլինենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մեր կողմից կհստակեցվեն գրասենյակի ռազմավարական ուղղությունները, որոնք աղերսվելու են կորպորատիվ իրավունքի բնագավառում հնարավոր ակտիվացմանը:

            Որպես վերջաբան, թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզանից յուրաքանչյուրին Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Ցանկանում ենք, որ 2017 թվականը, նախևառաջ, լինի խաղաղության տարի, թող յուրաքանչյուրիս ընտանիքում գերիշխեն փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը, սերը թող ուղեկից լինի մեզանից յուրաքանչյուրին:

            2017թ. թող լինի բարեկեցության և արդարամտության հաստատման տարի, օրինականության ամրապնդման ու իրավական պետության կայացման տարի:

            Շնորհավոր բոլորիս նոր տարին:

            Հարգանքով` Նորայր Նորիկյան

            ''ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ'' ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика