Հրապարակումներ

Ներքուստ մշտապես հույս եմ ունեցել, որ դատական համակարգում, այդուհանդերձ, հնարավոր է հասնել արդարության և դրա համար արել եմ ինձանից կախված հնարավորը՝ առաջնորդվելով ՛՛Երբեք չհանձնվել, պայքարել մինչև վերջ՛՛ սկզբունքով․․․ 
Սակայն, այդ նպատակի իրագործման ճանապարհին երբեմն այնպիսի շոկ եմ ապրել, որ հիասթափությունը, մեղմ ասած, եղել է չարյաց փոքրագույնը․․․
․․․ 2016թ․ ապրիլի 29-ին իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ խնդրելով N քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին ենթարկել բժշկական համալիր հետազոտման, նրա առողջական վիճակի հարցը քննության առնել ՀՀ կառավարության 2003թ. թիվ 1636-Ն որոշման 3-րդ կետի պահանջով ստեղծված հանձնաժողովում և բժշկական եզրակացության հիման վրա Դատարան ներկայացնել համապատասխան միջնորդություն՝ նրան պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության բերումով պատժից ազատելու նպատակով:

Մերժում ստանալուց հետո միջնորդություն է ներկայացվել N ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել N Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` դատապարտյալի առողջական վիճակի հարցը քննության առնել վերը նշված որոշմամբ ստեղծված հանձնաժողովում, ենթարկել նրան համալիր բժշկական հետազոտման և արդյունքների հիման վրա քննության առնել նրան պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության բերումով պատժից ազատելու նպատակով համապատասխան միջնորդություն Դատարան ներկայացնելու հնարավորության հարցը:
Դատարանի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է և նշանակվել բժշկական փորձաքննություն՝ փորձագետին առաջադրելով համապատասխան հարցեր:
2016թ․ հոկտեմբեր ամսին N ՔԿՀ-ի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել N ընդհանուր իրավասության դատարան՝ դատապարտյալին ծանր հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն՝ դատապարտյալի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հանցագործությունների ցանկի 39-րդ կետին:
2016թ. նոյեմբեր ամսին դատարանը, քննության առնելով միջնոդրագիրը, որոշում է կայացրել այն բավարարելու և դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու մասին:
Ընդունված որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից բավարարվել է։
Ինչ է ստացվում․ Բժշկական հանձնաժողովը տվել է եզրակացություն, որ դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն։ Համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատարան է ներկայացրել համապատասխան միջնորդություն, որը բավարարվել է դատարանի կողմից, իսկ ահա դատախազի կողմից բերված բողոքի հիման վրա վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ստորադաս դատարանի որոշումը՝ ըստ էության, մերժելով քերակատարողական հիմնարկի միջնորդությունը։
Զավեշտն այն է, որ դատարանը ոչ միայն չի պատճառաբանել իր որոշումը, այլ ընդամենը տառացիորեն արտագրելով դատախազի բողոքը, ոչ միայն հետամուտ չի եղել օբյեկտիվորեն քննության առնելու դատապարտյալի առողջական վիճակի բարդությունն ու անկանխատեսելի հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարարվել է, ըստ էության, գործում արհեստականորեն ներմուծված այնպիսի դիրքորոշումների արձանագրմամբ, թե իբր դատապարտյալն ունի ինքնավնասման հակում, ավելին, դատարանն ակնհայտ սխալ փաստ է արձանագրել որոշման մեջ, իբրև թե դատապարտյալը ոտքերը գամել է հատակին /Իրականում ոտքերով ընդամենը հարվածել է հատակին/՝ չվնասելով որևէ մեկին։
Ահա այսպիսի պատճառաբանությամբ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է վերը նշված ՛՛արդարացի՛՛ որոշումը, որը, անկեղծ ասած, դուրս է անգամ աներևակայելի պատկերացումների սահմաններից։

Որպես փաստաբան, ահազանգում եմ, որ հիշատակված դատապարտյալի կյանքը վտանգված է։ 
Նա տառապում է այնպիսի ծանր հիվանդությամբ, որը լրջորեն սպառնում է նրա կյանքին։ 
Կրկին անգամ նրան քրեակատարողական հիմնարկ ուղարկելով՝ մենք նրան պարզապես սպանելու ենք, քանի որ անազատության պայմաններում հնարավոր չէ նրա առողջական անբավարար վիճակը պահել անհրաժեշտ հսկողության տակ, ինչը, վերջիվերջո, հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների։
Անկախ այն հանգամանքից, թե մարդն ինչ հանցագործության կատարման համար է դատապարտվել ազատազրկման, գտնում եմ, որ նա ունի մարդասիրական վերաբերմունքի իրավունք, և չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Այս դեպքում, վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ոչ միայն չի առաջնորդվել վերը նշված սկզբունքներով, այլև, ըստ էության, կայացրել է ՛՛ՄԱՀԱՊԱՏԺԻ՛՛ որոշում․․․
Կեցցե՜ արդարադատությունը, կեցցե՜ արդար դատարանը․․․

Հ․Գ․ Որոշումը սահմանված կարգով բողոքարկվելու է ՀՀ Վճռաբեկ դատարան։ 
Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսել գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ։

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика