Հրապարակումներ

՛՛Նորիկյան և գործընկերներ՛՛ փաստաբանական գրասենյակն այս պահին իրականացնում է ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի պաշտպանությունը, ով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2015թ․ նոյեմբեր ամսին հրապարակված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Որպես պատիժ նրա նկատմամբ նշանակվել է կարգապահական գումարտակում պահելը 4 /չորս/ ամիս ժամկետով։ 
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դրվել է զորամասի հրամանատարության վրա։
Փորձաշրջանի սկիզբը հաշվարկվել է զորամասի հրամանատարության կողմից հաշվառման վերցնելու պահից։
Նշված դատավճիռը չի բողոքարկվել, օրինական ուժի մեջ է մտել 2015թ․ դեկտեմբեր ամսին։
2017թ․ հունվար ամսին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը դատարան է ներկայացրել զինծառայողի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին միջնորդություն։
2017թ․ հունվար ամսին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որոշում է կայացրել այն բավարարելու և դատապարտյալ զինծառայողի նկատմամբ նշված դատավճռով նշանակված 4 /չորս/ ամիս ժամկետով կարգապահական գումարտակում պահելը թողնել կրելու սահմանված կարգի համաձայն։ 
Որոշմամբ ամրագրվել է, որ զինծառայողի պատիժը կրելու սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշված գործով մեր կողմից ներկայացվել վերաքննիչ բողոք:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ կարգապահական գումարտակը գործում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, բացի այդ, կարգապահական գումարտակի լուծարման մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով մեր գրասենյակի կողմից համապատասխան հարցում է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարին՝ վերը նշված տեղեկությունը հաստատելու կամ հերքելու նպատակով:

Ստացված պատասխանից պարզվում է, որ ՀՀ ՊՆ համակարգի օպտիմալացման շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարի 08.09.2016թ. N հրամանով կարգապահական գումարտակը լուծարվել է, ներկայումս կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձինք չկան: 
Միաժամանակ, նույն գրությամբ նշվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ ՀՀ սահմանադրության փոփոխություններով պայմանավորված ՀՀ քրեական օրենսգրքի և քրեակատարողական օրենսգրքի վերանայման շրջանակներում պատժի տեսակների ցանկից հանել կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի տեսակը:

Ստացվում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը զինծառայողին ՛՛ուղարկել է՛՛ պատիժը կրելու մի վայր, որն արդեն գոյություն չունի:

Ինչպես ասում են, սա այն դեպքն է, երբ պետության մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուս ձեռքը:

Հետաքրքիր է, թե նշված գործով ինչ որոշում կկայացնի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:

 
 
 
 
 
 
 
 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика