Հրապարակումներ

Հարգելի՛ բարեկամներ

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես պարտավորված եմ ինձ համարել` հասարակությանը, ինձ ճանաչողներին, իմ ընկերներին, իմ բարեկամներին և հարազատներին ներկայացնել յուրովի հաշվետվություն` մեր գրասենյակի ընթացիկ տարում կատարված աշխատանքի վերաբերյալ, ինչը և անում եմ ամենայն պատասխանատվությամբ:

2017 թվականը մեր գրասենյակի համար բավականին հագեցած տարի էր:

Թե՛ մասնագիտական գործունեության ընթացքում, թե՛ հասարակական գործունեության դաշտում փորձել ենք լինել առավելագույնս ակտիվ, կարևորագույն հարցերի նկատմամբ արտահայտել ենք մեր հստակ դիրքորոշումները:

 

Ավարտվող տարվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով հրավիրվել են մի քանի մամլո ասուլիսներ: Այսպես.

1.Փետրվարի 9-ին հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում մանրամասն վերլուծության ենք ենթարկել ՛՛Ընտրական օրենսգիրք՛՛ Սահմանադրական օրենքի նախագիծը: Ըստ էության, նշված օրենսգիրքն այն հիմնական գործիքակազմն է, որով մարդիկ պետք է որոշեն, թե ովքեր և ինչպես պետք է ընտրվեն ու կառավարեն հասարակական հարաբերությունների ողջ սպեկտորը` օրենսդիր իշխանությունից մինչև համայնքի ավագանի։

2.Ս.թ. դեպտեմբերի 9-ին հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում մեր հստակ տեսակետներն ենք արտահայտել աղմուկ հանած և հասարակական մեծ հնչեղություն ստացած ՛՛Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

3.Դատաիրավական համակարգի հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներով ներկայացվել է մեր դիրքորոշումը:

 

Հարգելի՛բարեկամներ

2017թ. հնարավորություն ենք ունեցել շփվելու բազմաթիվ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց հոգսերին ու խնդիրներին:

Ես խորապես համոզված եմ, իսկապես բարդ ու պատասխանատու աշխատանք է փաստաբանի աշխատանքը` հաճախ նյարդ քայքայող, երբեմն` անշնորհակալ:

Երբեմն հիասթափվում ես, երբ տեսնում ես անարդարություն ու կամայականություն, անպատասխանատվություն, դատավորի մասնագիտական անբարեխղճություն ու դատախազի քամահրական և չարդարացված ինքնավստահ պահվածք, վստահորդի՝ երբեմն հիմնավոր, երբեմն՝ անհիմն դժգոհություն, սակայն այն առաքելությունը, որ կրում ես, քեզ զգաստացնում է ու ստիպում դիմակայել ամեն մի փորձության և պատվով կատարել այն:

Ընթացիկ տարում մեկ անգամ ևս համոզվեցի, որ իրավունքը նվաճվում է համառության, տքնաջան աշխատանքի, հաստատակամության ու հետևողականության արդյունքում:

Ցավոք սրտի, ես մնում եմ այն համոզմանը, որ մեր երկրում մարդու իրավունքների վիճակը, արդարադատության գաղափարի նկատմամբ դատական համակարգում գերիշխող մտայնությունը, մեղմ ասած, գտնվում է անբավարար վիճակում:

Բառիս բուն իմաստով արժեզրկված ու բռնաբարված է դատաքննության ողջամիտ ժամկետի գափափարը:

Բացի այդ, դատավորներից ոմանք սովորաբար ճիշտ նշանակված ժամին չեն ներկայանում դատական նիստերիդահլիճ, ինչն ինձ համար անկեղծ ասած անընդունելի է և շատ հաճախ նյարդայնացնում է:

Կարծում եմ, որ բացառիկ օբյեկտիվ պատճառները չհաշված, նրանք պարտավոր են իրենց իսկ կողմից նշանակված ժամին մտնել դատական նիստերի դահլիճ և սկսել դատական նիստը:

Ավելին, եթե իրենք չեն հարգում իրենց իսկ կողմից ընդունված որոշումը՝ դատական նիստի օր ու ժամ նշանակելու մասին, իսկապես շատ դժվար է բառիս բուն իմաստով հարգանք տածել այդ դատարանի նկատմամբ:

Դատաիրավական համակարգում ինձ համար հարցերի հարցը մնում քրեական արդարադատության կախվածության գոյությունը դատախազությունից և ընդհանրապես մեղադրանքի կողմից: Ես տեսել եմ, թե ինչպես է դատարանը կաշկանդված եղել տուժողի ՛՛դիրքորոշումից՛՛, որի արդյունքում ուղղակիորեն բռնաբարվել է արդարադատությունը:

Ես մնում եմ այն կարծիքին, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը չի գործում կամ գործում է ընտիրովիաբար:

Նույն վիճակում է գտնվում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության բերումով դատապարտյալներին պատժից ազատելու ինստիտուտը:

Բավականին խնդրահարույց են զինծառայողների իրավունքների տոտալ խախտումները՝ սկսած քրեական գործերով նախաքննության ընթացքում տեղի ունեցող ապօրինի գործողություններից, վերջացրած նրանով, որ հատուկ պետական ծառայություն իրականացնող բազմաթիվ անձինք չեն կարողանում իրենց հայեցողությամբ անցնել այլ աշխատանքի:

Մենք դեռևս հեռու ենք այն իրավիճակից, երբ քննիչը կգիտակցի, որ ինքն ինքնուրույն պետական պաշտոնատար անձ է և վախեցած չէ ''վերադասից'', որ նա գիտակցում է, որ ինքը հատուկ կարգավիճակ ունեցող պաշտոնյա է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Մենք դեռևս հեռու ենք այն իրավիճակից, երբ որևէ դատախազ իր որոշումների համար պատրաստ լինի պատասխան տալ անձամբ, ոչ թե  ամեն մի աննշան խնդրի լուծման դեպքում էլ ենթատեքստով հասկացնի, որ իր բոլոր որոշումները կապված են իրենց ''բարձրյալի'' տրամադրությունից:

Մենք դեռևս հեռու ենք այն իրավիճակից, երբ դատական համակարգն իրապես ձերբազատվի հայեցողական ու ընտրովի արդարադատությունից, և իսկապես իր կոչմանը հավատարիմ, իրականացնի իր սահմանադրական գործառույթը:

 

Հարգելի՛բարեկամներ,

Աշխատանքային գործունեության ընթացիկ տարվա մեր գրասենյակի ամփոփումը, եթե դրա հիմքում որպես ելակետային տվյալ վերցնենք մեր գրասենյակ մուտք եղած գործերի վերջնական արդյունքները, մեզ համար գոհացուցիչ են:

Նախորդ տարվա համեմատ 35 տոկոսով ավելացել են գրասենյակ դիմած անձանց թիվը: Գրասենյակ դիմած քաղաքացիների ճնշող մեծամասնության հարցերի վերջնական ընթացքն ավարտվել է դրական լուծմամբ, ինչն, ամենից առաջ, մեզ համար առավել պարտավորեցնող է հետագա գործունեության համար:

2018թ. համարում ենք էլ ավելի պատասխանատու և էլ ավելի կարևոր քայլերի իրագործման տարի:

Մեր գրասենյակը կշարունակի հետևողականորեն պաշտպանել զինծառայողների իրավունքները և ներկայացնել նրանց շահերը, մենք ավելի հետևողական կլինենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մեր կողմից կհստակեցվեն գրասենյակի ռազմավարական ուղղությունները:

Որպես վերջաբան, թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզանից յուրաքանչյուրին Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Ցանկանում ենք, որ 2018 թվականը, նախևառաջ, լինի խաղաղության տարի, թող յուրաքանչյուրիս ընտանիքում գերիշխեն փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը, սերը թող ուղեկից լինի մեզանից յուրաքանչյուրին:

2018թ. թող լինի բարեկեցության և արդարամտության հաստատման տարի, օրինականության ամրապնդման ու իրավական պետության կայացման տարի:

           

Շնորհավոր բոլորիս նոր տարին:

Հարգանքով` Նորայր Նորիկյան

 

''ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ'' ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика