Լուրեր

Հարգելի՛ բարեկամներ
2015 թվականը մեր գրասենյակի և անձամբ ինձ համար բավականին հագեցած տարի էր:
Ե՛վ աշխատանքային ոլորտում, և՛ հասարակական գործունեության դաշտում փորձել ենք լինել առավել ակտիվ, պատասխանատու և կարևորագոյւն հարցերի նկատմամբ արտահայտել ենք մեր հստակ դիրքորոշումները` ցուցաբերելով, ըստ էության, քաղաքացիական կեցվածք:
Թվով երեք կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ հրավիրվել է մամլո ասուլիսներ և հանրությանն է ներկայացվել մեր դիրքորոշումները: Այսպես.

1.Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովի կողմից յոթ հոգանոց ընտանիքի գնդակահարության վերաբերյալ ս.թ. հունվար ամսին հրավիրվել է մամլո ասուլիս, որի ընթացքում մանրամասն իրավական գնահատականներ են տրվել ստեղծված իրավիճակին,
2. Ս.թ. հունիսի 17-ին ''Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը'' իր կողմից հրավիրված նիստում որոշում է ընդունել էլեկտրաէներգիայի թանկացման մասին, համաձայն որի` 2015 թվականի օգոստոսի 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.93 դրամով:
Վերը նշված հանգամանքի պատճառով երիտասարդությունը փակել էր Բաղրամյան Պողոտան և պահանջում էր վերանայել սակագները:
Մեր կողմից հրավիրված մամլո ասուլիսում տրվել են կոնկրետ իրավական գնահատականներ և խորհրդատվական կարծիք` ստեղծված վիճակից դուրս գալու համար:
3. Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում մեր կողմից մատնանշվել են թվով 12 հոդվածների վերաբերյալ կոնկրետ մտավախություններ և հորդորվել է փոփոխություն կատարել նշված հոդվածներում: Հետագա խմբագրումներով թվով 12 հոդվածներում էլ կատարվել են համապատասխան շտկումներ:
Հարգելի՛ բարեկամներ
Մեր աշխատանքը հնարավորություն ընձեռեց շփվել բազմաթիվ քաղաքացիների հետ, ծանոթանալու և կիսվել նրանց հոգսերով, խնդիրներով:
Գիտե՛ք, իսկապես յուրահատուկ է փաստաբանի աշխատանքը` երբեմն նյարդ քայքայող, երբեմն` անշնորհակալ, երբեմն հիասթափվում ես, երբ տեսնում ես անարդարություն, կամայականություն, անպատասխանատվություն, դատավորի քամահրական ու դատախազի չարդարացված ինքնավստահ պահվածք, սակայն այն առաքելությունը, որ կրում ես, քեզ զգաստացնում է ու ստիպում դիմակայել ամեն մի փորձության և պատվով կատարել այն:
Ես երիցս համոզվեցի, որ որևէ իրավունք չի տրվում սկուտեղի վրա, որ որևէ իրավունք նվաճվում է համառության, տքնաջան աշխատանքի, հաստատակամության ու հետևողականության արդյունքում:
Ես վերահաստատում եմ նախորդ տարվա այն արձանագրումը, որ մեր երկրում մարդու իրավունքների վիճակը, արդարադատության գաղափարի նկատմամբ դատական համակարգում գերիշխող մտայնությունը, մեղմ ասած, գտնվում է անբավարար վիճակում:
Ես դարձյալ տեսա դատարանների կողմից դատաքննության իրականացման ողջամիտ ժամկետի բառիս բուն իմաստով բռնաբարման բազմաթիվ դեպքեր, երբ դատարանները մեկ ու կես տարվա ընթացքում նշանակեցին թվով 9 նախնական դատական նիստ, երբ երեք ամսվա ընթացքում դատարանի կողմից հրավիրվեց թվով 14 դատական նիստ, և ենթադրվում է, որ մի 7 նիստ էլ կհրավիրվի, ես տեսա իր աշխատանքի նկատմամբ արհամարանք տածող և մատների արանքով նայող քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հայացք, երբ հերթական անգամ, որպես հանձնաժողովի նախագահ, մերժում էր մահամերձ վիճակում գտնվող դատապարտյալի վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել` պայմանական վաղաժամկետ ազատման համար, ես կրկին ականատես եղա պետական մարմինների` իրենց համակարգում հատուկ պետական ծառայություն իրականացնող բազմաթիվ անձանց իրավունքների տոտալ խախտումներ, երբ քաղաքացին ցանկանում է տեղափոխվել այլ աշխատանքի, սակայն նրան չեն ազատում աշխատանքից` ըստ էության պահելով նրան հարկադիր, հետևաբար` ապօրինի աշխատանքի մեջ:
Գիտեք, ես առաջին ծափահարողներից կլինեմ, երբ նկատեմ ու զգամ, որ քննիչը վախեցած չէ ''վերադասից'', որ նա գիտակցում է, որ ինքը հատուկ կարգավիճակ ունեցող պաշտոնյա է և կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ես առաջինը կծափահարեմ, եթե որևէ դատախազ ամեն մի երկրոդ բառն արտասանելիս ունքերը չհանի վերև` հասկացնելով, որ իր բոլոր որոշումները կապված են ''բարձրյալի'' տրամադրությունից:
Ես առաջինը կծափահարեմ, երբ դատական համակարգը ձերբազատվի հայեցողական արդարադատությունից, և իսկապես իր կոչմանը հավատարիմ, իրականացնի իր սահմանադրական գործառույթը:
Հարգելի՛ բարեկամներ,
Ես պարտավորված եմ ինձ համարում` հասարակությանը, ինձ ճանաչողներին, իմ ընկերներին, իմ բարեկամներին և հարազատներին ներկայացնել յուրովի հաշվետվություն` կատարված աշխատանքի համար:
ինչը և անում եմ ամենայն պատասխանատվությամբ:
Աշխատանքային գործունեության ընթացիկ տարվա մեր գրասենյակի ամփոփումը, եթե դրա հիմքում որպես ելակետային տվյալ վերցնենք մեր գրասենյակ մուտք եղած գործերի վերջնական արդյունքները, մեզ համար գոհացուցիչ են:
Գրասենյակ դիմած քաղաքացիների ճնշող մեծամասնության հարցերի վերջնական ընթացքն ավարտվել է դրական լուծմամբ, ինչն, ամենից առաջ, մեզ համար առավել պարտավորեցնող է հետագա գործունեության համար:
Մեր հաջողված գործերի շարքին են դասվում 30-ից ավել ՀՀ Զինված ուժերի սպաների իրավունքների վերականգնման հարցերը` դատական պաշտպանության միջոցով, զորակոչիկների իրավունքների վերականգնման ասպարեզում իրականացված խորհրդատվական աշխատանքները, որի արդյունքում մի շարք առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներ ուղեգրվել են կրկնակի ստուգումների, որոնց հետագայում տրվել են տարկետումներ:
Մենք կիսել ենք արդարացված ու դատարանի դահլիճից ազատված պաշտպանյալի ուրախ հույզերը, զգացել ենք միմյանցից տարիներով բաժանված մոր ու անչափահաս երեխաների միավորման բերկրանքը, կիսել ենք խաբված ու խաբեության արդյունքում արգելանքի վերցված գործարարի ուրախությունը, ով արգելանքից դուրս գալուց հետո վերադարձել է ընտանիք և այլն, և այլն…
Հարգելի՛ բարեկամներ
2016թ. մենք համարում ենք էլ ավելի պատասխանատու և էլ ավելի կարևոր քայլերի կիրագործման տարի: Մենք մեր առջև մեծ խնդիրներ ենք դրել և փորձելու ենք իրականություն դարձնել:
Գրասենյակի հետագա զարգացմանը զուգահեռ, առաջին քայլը, որ նախատեսվում է կատարել, նախաձեռնությունների ու հետազոտական վերլուծությունների կենտրոնի ստեղծումն է, ինչը կարծում եմ, յուրովի հարթակ կհանդիսանա նոր գաղափարների մշակման ու իրացման համար:
Բացի այդ, մեր գրասնեյակը կշարունակի հետևողականորեն պաշտպանել զինծառայողների իրավունքները և ներկայացնել նրանց շահերը, մենք ավելի հետևողական կլինենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մեր կողմից կհստակեցվեն գրասենյակի ռազմավարական ուղղությունները, որոնք աղերսվելու են կորպորատիվ իրավունքի բնագավառում հնարավոր ակտիվացմանը:
Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզանից յուրաքանչյուրին, ցանկանում ենք, որ 2016 թվականը, նախևառաջ, լինի խաղաղության տարի, թող յուրաքանչյուրիս ընտանիքում գերիշխեն փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը, սերը թող ուղեկից լինի մեզանից յուրաքանչյուրին:
2016թ. թող լինի բարեկեցության և արդարամտության հաստատման տարի, օրինականության ամրապնդման ու իրավական պետության կայացման տարի:
Շնորհավոր բոլորիս նոր տարին:


Սիրով` Ձեր Նորայր Նորիկյան
''ՆՈՐԻԿՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ'' ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика