Լուրեր

Դեռևս 2015թ. նոյեմբերի 11-ին սահմանված կարգով դիմում է ներկայացվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով ներգրավել ինձ նշված վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալի պաշտպան:

23.11.2015թ. ի պատասխան վերը նշված գրությանը, ստացվել է քննչական վարչության քննիչի գրությունը, որով հայտնվել է, որ պաշտպան ներգրավելու հարցը կարող է քննարկվել կասեցված քրեական գործով վարույթը վերսկսելուց հետո՝ մեղադրյալի անմիջական մասնակցությամբ:

Այն ժամանակ ինչ-ինչ նկատառումներից ելնելով ընթացք չտրվեց նշված գրությանը՝ քաջ գիտակցելով հանդերձ, որ այն ամբողջությամբ կրում է ապօրինի բնույթ:

Ս.թ. հունիսի 29-ին կրկին անգամ դիմում է ներկայացվելՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության պետին՝ մեկ անգամ ևս խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավել ինձ որպես  մեղադրյալի պաշտպան:

Գրությամբ հղում է կատարվել ՛՛Մարդուիրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՛՛ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետին, ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածին:

Մասնավորապես ընդգծվել է, որ ՛՛Մարդուիրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՛՛ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետին համաձայն որի՝ Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի առնվազն հետևյալիրավունքները՝

a. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,

b. բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալու իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

c. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը:

Բացի այդ, հղում է կատարվել ՀՀ սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերին, համաձայն որի՝ Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

1) ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրավունք.

2) անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:

Բացի այդ, ներկայացված գրությամբ մեջբերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը, ըստ որի՝ իր իրավավիճակը հաստատելու համար պաշտպանը քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և փաստաբանների պալատի կողմից տրված` իր փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև որպես պաշտպան հանդես գալու` կասկածյալի կամ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը կամ պաշտպա ննշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը:

Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ գրությանը կից մեր կողմից ներկայացվել է մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթուղթ, որով վերջինս հայտնել է, որ նշված քրեական գործի շրջանակներում ցանկանում է, որպեսզի ինքս ստանձնեմ իր պաշտպանությունը:

Նշեմ, որ մեղադրյալը միաժամանակ հանդիսանում է և՛ ՀՀ, և՛ ԱՄՆ քաղաքացի, ու  ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում:

Ս.թ. հուլիսի 14-ին ստացվել է քննիչի գրությունը, որով տառացիորեն հայտնվել է, որ իմ կողմից ս.թ. հունիսի 29-ին հարուցված միջնորդության /պաշտպան ներգրավելու մասին/ քննարկումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի կարգով հետաձգվել է՝ մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Այստեղ են ասել՝ ինչպիսի ՛՛Հանճարեղ՛՛ պատասխան:

Այսօր ևեթ քննիչի որոշումը սահմանված կարգով բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ խախտվել է անձի՝ ՀՀ սահմանադրությամբ ու օրենսդրությամբ ամրագրված ու երաշխավորված իրավունքները, մասնավորապես՝ պաշտպանության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը:

Մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, թե ինչո՞ւ է ՀՀ օրենսդրությունը այսպես կամայականորեն մեկնաբանվում ու կիրառվում, որքա՞ն կարելի է այսպիսի անպատասխանատու և անպատժելի վարքագիծ դրսևորել սեփական գործի ու մասնագիտության նկատմամբ:

Իհարկե՛, հասկանալի է, որ մանևրելը որոշ դեպքերում մարտավարական հնարք է, բայց դա չպետք է շփոթել կամայականության և անպատասխանատու վարքագծի հետ և ամենակարևորը՝ անհասկանալի է, թե ո՞րն է դրա նպատակը:

 Կից ներկայացվում է քննիչի պատասխան գրությունները:

 

ՓԱՍՏԱԲԱՆ՝ Ն. ՆՈՐԻԿՅԱՆ

Հետադարձ կապ






Կապը մեզ հետ

icon2 +374 10 52-73-83, +374 93 51-11-00

icon3 Ք. Երևան, Արշակունյաց 2Ա,
         Մամուլի շենք/, 5-րդ հարկ, 515 սենյակ

icon1Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

 

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը nexlex.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Կայքի դիզայնը և ծրագրավորումը՝ ArMuNa Studio
Яндекс.Метрика